Կինոփառատոները՝ պատմության ու քաղաքականության խաչմերուկում

Կինոփառատոները՝ պատմության ու քաղաքականության խաչմերուկում

Քաղաքականությունն ամենուր է եւ, իհարկե, չէր կարող շրջանցել ամենամասսայական արվեստ համարվող կինեմատոգրաֆը։ 1930-ականներից սկիզբ առած եւ 1950-60-ականներից մինչ օրս ողջ աշխարհում աննվազ արագությամբ ծավալված կինոփառատոնային «համաճարակը» եւս սխալ կլիներ դիտարկել քաղաքական ու պատմական գործընթացներից անկախ։ Պահպանված բազմաթիվ հետաքրքրական փաստերը վկայում են հենց այդ առնչությունների մասին։   

Եթե կինեմատոգրաֆն ու, օրինակ, հոգեվերլուծությունը ծագել են գրեթե միաժամանակ՝ 19-րդ դարավերջին, ապա քաղաքականությունը եղել է միշտ, հետեւաբար՝ հետագայում ի հայտ եկած «կինոփառատոն» երեւույթն էլ հաճախ հենց քաղաքական ու պատմական տարբեր իրավիճակների ծնունդ էր։ Հատկանշական է, որ առաջին կինոփառատոներն ինքնուրույն միջազգային միջոցառումներ չէին, այլ կազմակերպվում էին համաշխարհային տարատեսակ ցուցահանդեսների շրջանակներում, օրինակ՝ Փարիզյան համաշխարհային ցուցահանդեսի հովանու ներքո՝ 1925-26թթ․։ Թեպետ աշխարհում առաջին կինոփառատոնը տեղի է ունեցել 1930-ականներին, սակայն արդեն 1920-ականների սկզբին Եվրոպայի, Հարավային Ամերիկայի, Հյուսիսային Ամերիկայի խոշոր քաղաքներում ի հայտ եկան կինոակումբներ եւ կինեմատոգրաֆիական միություններ, որոնք, կինոթատրոնների առաջացմանը զուգահեռ, փաստացի հանդիսացան նախահիմք ապագա կինոփառատոների ձեւավորման համար։ Արվեստի այս նոր տեսակն անդիմադրելիորեն գրավում էր մարդկանց, եւ հեռատես ու գործնական կազմակերպիչները գուշակում ու հասկանում էին, որ 20-րդ դարը դառնալու է կինեմատոգրաֆի հաղթարշավի հարյուրամյակ։ Կինոակումբները, այդպիսով, արագորեն դարձան ռեժիսորի ու կինոսերի անմիջական կապն ապահովող ամենահրապուրիչ վայրը․ ցուցադրություններին հաջորդում էին քննարկումները, տեղում ծնվում էին նոր գաղափարներ։ Առաջին կինոակումբներից էր 1925թ․ հիմնված Լոնդոնյան կինեմատոգրաֆիական միությունը, որի հիմնադիրներն էին նշանավոր գրողներ Հերբերտ Ուելսը եւ Ջորջ Բեռնարդ Շոուն։ Թերեւս, ավելորդ է նշել, թե ազատ ու գեղարվեստական մտքի ինչպիսի մթնոլորտ էր տիրում այստեղ․ հիմնադիրների նախաձեռնությամբ՝ կինոակումբում ցուցադրվում էին քաղաքական բովանդակության պատճառով եվրոպական այլ կինոթատրոններում արգելված ֆիլմեր։ Այս կինոակումբն ինքնին հանդիսանում էր գրաքննությանն ուղղված մարտահրավեր։ Կինոփառատոնային դասական ձեւաչափին հասնելու հաջորդ փուլն արդեն մի քանի օր տեւող ցուցադրություններն էին՝ նախապես կազմված ծրագրով եւ բանավեճ-քննարկումներով։ 


Առաջին պաշտոնական կինոփառատոնը Վենետիկի կինոփառատոնն էր, որը հիմնվեց 1932թ․՝ իտալական ֆաշիզմի հիմնադիր ու առաջնորդ Բենիտո Մուսոլինիի եւ Ազգային ֆաշիստական կուսակցության անդամ, գործարար, քաղաքական գործիչ, կոմս Ջուզեպե Վոլպիի նախաձեռնությամբ։ Բռնապետ Մուսոլինին կինոյի մեծ սիրահար էր, գիտակցում էր, թե կինոն ինչպիսի զորեղ գործիք կարող է դառնալ քաղաքականության ձեռքում, ամբողջ կյանքում հպարտությամբ նշում էր, որ նախքան Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցելը առիթ է ունեցել մեկ անգամ նկարահանվելու ֆիլմում։ Ի դեպ, կինոյում գոնե մեկ անգամ նկարահանվելու փորձ ունեցել են համաշխարհային ճանաչում վայելող այլ քաղաքական գործիչներ եւս՝ Լեւ Տրոցկին, Թեոդոր Ռուզվելտը, Ֆիդել Կաստրոն, Լեխ Կաչինսկին, իսկ ԱՄՆ 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանն իր պրոֆեսիոնալ կինոկարիերայի ընթացքում նկարահանվել էր ավելի քան 5 տասնյակ ֆիլմում եւ 1942թ․ նույնիսկ եղել էր «Օսկարի» հավակնորդ։ Հետաքրքրական է, որ կինոն քաղաքական գործիչներին գրավում էր ոչ պակաս, քան քաղաքականությունը՝ կինոգործիչներին՝ ակտիվ հակաֆաշիստ Մառլեն Դիտրիխից, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան Օդրի Հեփբերնից մինչեւ Տիբեթի անկախության համար պայքարող Ռիչարդ Գիր, 2003-2011թթ․ Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգեր եւ այլք։ Ինչեւէ, վերադառնանք 1932թ․, երբ Լիդո կղզում հանդիսավորապես բացվեց Վենետիկի առաջին կինոփառատոնը, իսկ ներկայացված առաջին ֆիլմը դասական Հոլիվուդի փայլուն ռեժիսոր Ռուբեն Մամուլյանի «Դոկտոր Ջեքիլ եւ միսթր Հայդ» կինոնկարն էր։ Սկզբում այս կինոփառատոնը մրցութային բնույթ չուներ, սակայն արդեն 1934թ․ դարձավ մրցութային։ 

Հետեւելով Մուսոլինիի օրինակին եւ գիտակցելով կինոփառատոների քաղաքական կարեւորությունը՝ 1935թ․ մեկ այլ բռնապետ՝ ԽՍՀՄ առաջնորդ Իոսիֆ Ստալինը, աջակցեց Մոսկվայի միջազգային կինոփառատոնի հիմնադրմանն ու անցկացմանը։ Նա ծրագրում էր կինոփառատոնը դարձնել Վենետիկյանի այլընտրանքը եւ համարում էր, որ կինոփառատոները հիանալի միջոց են տվյալ երկրում իշխող քաղաքական գաղափարախոսության քարոզման ու տարածման համար։ Շուտով Ֆրանսիան էլ որոշեց հետեւել առաջին երկուսի օրինակին, առավել եւս, որ Վենետիկյան կինոփառատոնն արդեն իսկ ձեռք էր բերել ոչ անաչառ ու ամբողջովին քաղաքականացված միջոցառման համբավ։ Մասնավորապես՝ 1938թ․ գերմանացի տաղանդավոր կին կինոռեժիսոր եւ Երրորդ Ռեյխի ակտիվ քարոզիչ Լենի Ռիֆենշթալի «Օլիմպիա» ֆիլմին շնորհված մրցանակը պատճառ դարձավ, որպեսզի ամերիկյան ու բրիտանական պատվիրակությունները սկանդալայնորեն լքեն Վենետիկի կինոփառատոնը՝ հայտարարելով, թե հիտլերյան վարչակազմը միջամտում է կինոփառատոնի ներքին գործերին։ Այսպիսով, 1939թ․ ֆրանսիական կառավարությունը որոշեց կազմակերպել Կաննի կինոփառատոնը, որի անկախ ժյուրին գլխավորելու էր կինեմատոգրաֆի նախահայր Լուի Լյումիերը, իսկ փառատոնի դռները բաց էին լինելու բոլոր երկրների ու ֆիլմերի առաջ՝ անտեսելով գաղափարախոսական նախապատվություններն ու սահմանափակումները։ Քաղաքական հանգամանքների բերումով, սակայն, կինոփառատոնը տեղի չունեցավ․ Եվրոպայում այդ տարի սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը մինչեւ 1945թ․ քաոսի ու ավերի մատնեց տասնյակ երկրներ։ 
   

Մոսկվայում դադարեցրին նորաստեղծ կինոփառատոնի անցկացումը, եւ այդ դադարը տեւեց մինչեւ 1959թ․։ Վենետիկյան կինոփառատոնը թեպետ շարունակեցին անցկացնել, սակայն՝ Լիդո կղզուց հեռու վայրերում, սահմանափակ թվով երկրների մասնակցությամբ եւ ռեժիսորների ու ֆիլմերի հստակ ուղղորդված ընտրությամբ։ 1943-45թթ․ փառատոնը, հասկանալի պատճառներով, առհասարակ չկազմակերպվեց։ Պատերազմի ավարտից հետո կինոփառատոների կազմակերպման ավանդույթը հետզհետե վերականգնվեց, ընդ որում՝ արդեն արմատապես նոր մոտեցումներով։ Թերեւս, կարելի է արձանագրել, որ մշակութային գործոնը մղվեց առաջին պլան՝ դառնալով որոշիչ, իսկ քաղաքականը, չվերանալով հանդերձ, մնաց ստվերում։ 1946թ․ առաջին անգամ անցկացվեց Կաննի կինոփառատոնը, այդ նույն տարի անցկացվեց նաեւ Վենետիկի կինոփառատոնը, սակայն՝ արդեն բոլորովին այլ բովանդակային հիմքով։ Ասպարեզում հայտնվեց նոր կինոփառատոն, որն այսօր էլ համարվում է ամենահեղինակավորներից մեկը՝ Լոկառնոյի միջազգային կինոփառատոնը Շվեյցարիայում։ Տարին նշանավորվեց նաեւ Չեխիայում անցկացվող Կառլովի Վարիի հանրահայտ կինոփառատոնի հիմնադրմամբ։ 1947թ․ Վենետիկի կինոփառատոնը վերստին հայտնվեց հանրության ուշադրության կենտրոնում՝ ներկայանալով Դոժերի պալատում անցկացված եւ 90 հզ մասնակից ունեցող պատմական աննախադեպ միջոցառմամբ։ Այդ նույն տարի Շոտլանդիայում հիմնվեց Էդինբուրգի միջազգային կինոփառատոնը, որը եւս ամենահեղինակավորների շարքում է։ 

1950-ականների հարաբերական հանդարտությունը նոր խթան հանդիսացավ կինոփառատոների ստեղծման, կինոարդյունաբերության զարգացման, առհասարակ՝ կինոարվեստի զարթոնքի համար։ Անհանգիստ, հեղափոխական ու շրջադարձային 60-ականներից առաջ աշխարհը փորձում էր ապաքինել պատերազմից մնացած վերքերը։ 1950-ականներին կինոփառատոներ հիմնվեցին Հնդկաստանում, Ավստրալիայում, Իսպանիայում, Արգենտինայում, Անգլիայում, Իռլանդիայում, Կանադայում, Մ․ Նահանգներում եւ այլուր։ Արժե առանձին անդրադառնալ Բեռլինի կինոփառատոնին, որն անցկացվում է 1951-ից ի վեր եւ հիմնվել է ամերիկացի սպա Օսկար Մարտեյի առաջարկով։ Վերջինս պատերազմից հետո գործուղվել էր Բեռլին՝ գերմանացի կինոռեժիսորների գործունեությանը հետեւելու հանձնարարությամբ։ Պատերազմից ավերված, մասնատված, մարդկության հանդեպ հանցավորության խարանով դաջված ու մեկուսացած Գերմանիան այդ ժամանակ ավելի քան կարիք ուներ ինտեգրվելու կյանքի ժամանակակից ռիթմին, նոր միտումներին ու հետաքրքրություններին։ Բեռլինի կինոփառատոնի հիմնադրումը հանդիսացավ կարեւորագույն իրադարձություն մշակութային բացառիկ ավանդույթներ ունեցող այդ երկրի համար։ Կինոփառատոնն ի սկզբանե որդեգրեց առաջադեմ, ազատամիտ, բոլոր տեսակետների ու աշխարհայացքների առաջ բաց քաղաքականություն, ինչն էլ այն դարձրեց ամենասիրված ու հեղինակավոր փառատոներից մեկը։ 
   

1960-ականների հասարակական-քաղաքական սուր գործընթացները, որոնք պարբերաբար բռնկվում էին Եվրոպայում, ԱՄՆ-ում եւ այլուր, իհարկե, չէին կարող չանդրադառնալ կինոփառատոների անցկացման բնականոն ընթացքի վրա։ 1968թ․ ծավալված ուսանողական հուզումների հզոր ալիքի պատճառով ընդհատվեց Կաննի կինոփառատոնի անցկացումը, սոցիալական ու քաղաքական անկարգությունների հետեւանքով 1969-79թթ․ Վենետիկում դադարեցին հանձնել մրցանակներ, եւ փառատոնի հանդեպ հետաքրքրությունն այնքան նվազեց, որ 1973-ին, 1977-ին ու 1978-ին փառատոնն առհասարակ տեղի չունեցավ։ Մ․ Նահանգներում դեռեւս 1950-ականներից սկիզբ առած կոմունիստական «ֆիլտրացիայի» գործընթացը, որը թիրախավորել էր կինոյի, հեռուստատեսության ու ռադիոյի գործիչներին, պատճառ հանդիսացավ ավելի քան 100 անձանց հետապնդումների, «սեւ ցուցակում» ներառելու, գործազրկության դատապարտելու համար։ «Վհուկների որսը» խաթարեց բազմաթիվ տաղանդավոր ռեժիսորների, սցենարիստների, դերասաններրի ու պրոդյուսերների ճակատագրեր․ նրանց անունները ջնջվեցին ֆիլմերի ենթագրերից, կինոյի պատմության էջերից, «Օսկարի» մրցանակաբաշխության հաղթողների ցանկերից։ Միայն տասնամյակներ անց երկրում սկսվեց նրանց մոռացության ու բոյկոտի անդունդից դուրս բերելու գործընթացը։ 
   

Կինեմատոգրաֆը, հետեւաբար նաեւ՝ կինոփառատոները քաղաքական նպատակներին, բացահայտ կամ քողարկված քարոզչությանը ծառայեցնելու մշտական փորձերն ավելի քան հասկանալի են․ քաղաքական իշխանությունները կինեմատոգրաֆի գոյության ավելի քան հարյուր տարվա ընթացքում չէին կարող չգիտակցել ու չօգտագործել այն մոգական ազդեցության ուժը, որով կինոն ներազդում է հանրության հույզերի, հոգեբանության ու վարքագծի վրա։ Այդ ազդեցությունն անհամեմատ ավելի զորեղ է, քան ցանկացած քաղաքական գովազդ, ելույթ կամ քարոզարշավ։ Այժմյան կինոփառատոներում առաջնային կարեւորություն ստացած թեմաները եւս կինեմատոգրաֆի գործիքակազմի միջոցով հանրության վրա արդյունավետ ներազդելու դրսեւորումներ են, ընդ որում՝ խոսքը ոչ միայն քաղաքական նպատակների մասին է, այլեւ սոցիալական, հասարակական, իրավական եւ այլն։ Կինոն եւ կինոփառատոները լիովին ի զորու են ձեւավորել հասարակական կարծիք, մեր ժամանակներում՝ թերեւս շատ ավելի մեծ չափով, քան նախկինում։ Խնդիրն այն է, թե ինչ է քարոզվում, ինչու, եւ ինչպիսին կարող են լինել հետեւանքները։ 

Անուշ ԲԱԲԱՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ