Արայիկ Հարությունյանն ընտրել է երրորդ ճանապարհ․ ո՛չ Լենա Նազարյանի տալին, ո՛չ գործող տնօրենին

Արայիկ Հարությունյանն ընտրել է երրորդ ճանապարհ․ ո՛չ Լենա Նազարյանի տալին, ո՛չ գործող տնօրենին

Մենք տեղեկացրել էինք «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի մրցույթի մասին, որը, նախ խառը իրավիճակներով պայմանավորված (նախարարությունների միացում, կադրային փոփոխություններ և այլն), հետաձգվել էր, ապա 5 թեկնածուներից երեքը ճանաչվել էին հաղթող․ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսնու՝ Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանի քույրը՝ Մարիա Բաբայանը, հոգեբան, Գավառի ուսումնական կենտրոնի աշխատակից Արմինե Դավթյանը, իսկ երրորդ թեկնածուն ՊՈԱԿ-ի վերջին 5 տարվա տնօրենն է՝ ներկայիս ժամանակավոր պաշտոնակատարը։ Մրցույթն անցկացվել էր այն պատճառով, որ տնօրենի պաշտոնավարման 5-ամյա ժամկետը լրացել էր։ Տեղեկացանք, որ նախարար Արայիկ Հարությունյանի ընտրությունը կանգ է առել ո՛չ կուսակցական ընկերուհու՝ Լենա Նազարյանի ամուսնու քրոջ, ո՛չ էլ առավել ևս, դպրոցի գործող տնօրենի վրա։

Միգուցե շահարկումներից խուսափելու, միգուցե այլ պատճառով՝ Արայիկ Հարությունյանը չի նշանակել կուսակցական ընկերուհու տալին, սակայն հայտնի չէ, թե ինչ տրամաբանությամբ չի նշանակվել դպրոցի գործող տնօրենը։ Մանավանդ, որ մրցույթից առաջ դպրոցում անցկացվել են ստուգումներ, որևէ խախտում չի հայտնաբերվել։ Մարդ է, նորմալ աշխատել է, բարձր միավորներ է հավաքել, պարտադի՞ր է մարդկանց դուրս թողնել, պատեպատ տալ, ճակատագրերի հետ խաղալ։ Մանավանդ որ, ինչպես ԿԳ նախարարի խոսնակ Անժելիկա Կզդրյանը հայտնեց, մրցույթի 2-րդ՝  գրավոր փուլում երեք թեկնածուներն էլ 100% ցուցանիշ են արձանագրել։ Նաև բանավոր փուլում կրկին 3 թեկնածուներն էլ ճանաչվել են հաղթող։ 

Մեկ այլ դպրոցում էլ՝ «Մանկապատանեկան հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ում, մրցույթի արդյունքում չի վերանշանակվել դպրոցի 28,5 տարվա տնօրեն Արմեն Սարգսյանը, ով ընդամենը 2 տարի անց պետք է թոշակի անցներ։ Նրա մերձավորներից տեղեկացանք, որ Սարգսյանը շատ ծանր է տանում աշխատանքի կորուստը, սակայն մեզ հետ զրույցում նա ասաց․ «Ծա՛նրը՝ ծանր եմ տանում, բայց դրա համար ես եմ մեղավոր, քիչ միավոր եմ հավաքել, սխալ եմ լրացրել տվյալները։ Ամեն դեպքում, դա համարվում է սխալ, հաշվվում է չանցած, որովհետև տեխնիկականը՝ տեխնիկական, բայց վերջնականն ընդունում է համակարգիչը։ Դե հիմա, ոչինչ, էսքան տարի աշխատել եմ․․․ չունեմ ոչ մի նկատողություն, բացի պարգևներից, լինում ա, էլի, կյանք է»։ Նշենք, որ Արմեն Սարգսյանի փոխարեն ընտրվել է Հայկանուշ Դավթյանը։ Ինչևէ, նախարարի խոսնակ Անժելիկա Կզդրյանին ուղղեցինք այդ հարցադրումն այն ձևակերպմամբ, թե 1-ին դպրոցում ինչ տրամաբանությամբ չի նշանակվել ո՛չ Լենա Նազարյանի ամուսնու քույրը, ո՛չ գործող տնօրենը, այլ՝ մի երրորդ թեկնածու։

Նա վկայակոչեց պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) ընդհանուր կարգը, ըստ որի՝ «Կրթության նախարարն ընտրում է, թե մրցույթում հաղթած թեկնածուներից ում նշանակել տնօրենի պաշտոնում»։ Նույնն ասվեց նաև առաջին ուսումնական հաստատության մասով․ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հաղթող են ճանաչվել 3 թեկնածուներ, նախարարը հաղթած թեկնածուներին հրավիրել է հարցազրույցի, և այդ հարցազրույցների արդյունքում հաղթող է ճանաչվել Արմինե Դավթյանը։