Սա էլ կանցնի

Սա էլ կանցնի

Էհ, ինչե՜ր չենք տեսել մեր կյանքի ընթացքում։ Սովետական գրաքննություն ենք տեսել, երբ ընթերցողը նյութերի տողատակերն էր կարդում եւ ամեն ինչ հասկանում, երբ թռուցիկներ ու տներում ռոտոպրինտով բազմացրած նյութեր էին տարածում այլախոհները եւ հայտնվում Սիբիրում, բայց հսկայական մի գերտերություն՝ հզոր ռեսուրսներով ու պատժիչ նողկալի մեքենայով, չկարողացավ երկար գոյատեւել։ Ճիշտ է՝ հասարակությանը զրկեց բնականոն կյանքով ապրելուց, պետությունները՝ զարգանալուց, բայց իրենք՝ բռնապետերն էլ մի կարգին կյանք չունեցան․ ահ ու սարսափի, դավադիրներ ու դավաճաններ փնտրելու, ամեն շողքից վատանալու, ամեն բարեկամի մեջ թշնամի տեսնելու տառապանքներում ապրեցին։ Սա էլ կանցնի։ Ինչպես անցան բոլոր նախկին բռնապետությունները, բռնապետերն ու մամուլի թշնամիները։

1994-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հրոսակները մի գիշերում 10-ից ավելի լրատվամիջոց ասպատակեցին՝ համակարգիչներն էին պատուհաններից նետում, ջարդում ու ոչնչացնում էին լրագրողների սեղաններն ու դրանց պարունակությունը։ 2002-ին մի քանի օրվա մեջ մի ամբողջ հեռուստատեսություն փակեց Ռոբերտ Քոչարյանի կամակատար ՀՌԱՀ-ը։ Դրանից առաջ՝ 1999-ին, ԴԱՀԿ-ի «քաջարի» կատարածուներն «Օրագրի» համակարգիչներն էին առգրավում, եւ մենք՝ Փաշինյանի «Օրագրում» աշխատող մի խումբ աղջիկներով, դրանց հետեւից գնում էինք ԴԱՀԿ, որ հայտարարենք՝ դրանք մեր անձնական համակարգիչներն են, հետ տվեք։ Ու ստացանք․ թերթը կրկին սկսեց հրատարակվել։ 2008-ին 20 օր թերթ չտպեցինք, իսկ մարտի 20-ին՝ արտակարգ դրության ավարտից հետո, սկսեցինք հրապարակել այդ օրերի ընթացքում չտպած բոլոր հոդվածները։ Պատմությունը կրկնվում է։ Հիշեք՝ լրագրողներին կարելի է բռնել ու դատել, խոսքի ազատությունը կարելի է մի 20 օրով ճնշել, բայց՝ ոչ ավելի։