Նուբարաշենի հոգեբուժարանում 33 հիվանդ աղիքային իֆեկցիայով է վարակվել

Նուբարաշենի հոգեբուժարանում 33 հիվանդ աղիքային իֆեկցիայով է վարակվել

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում՝ Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում շուրջ 33 հիվանդի մոտ աղիքային վարակ է ախտորոշվել։ Այս մասին մեր ունեցած տեղեկությունը հաստատեցին նաև առողջապաhության և աշխատանքի տեսչական մարմնից։ 

«Ի պատասխան Ձեր՝ 2019 թվականի հոկտեմբերի 21-ին ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին կատարված առցանց հարցմանը, տեղեկացնում եմ, որ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ առողջապահության նախարարության « Հիվանդությունների վերահսկման  և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի «Երևան քաղաքային կենտրոն» մասնաճյուղից ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնին ներկայացվել է տեղեկատվություն, որ հոկտեմբերի 13-ին « Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ից ստացվել է շտապ հաղորդում աղիքային վարակ նախնական աշտորոշմամաբ թվով 33 հիվանդների վերաբերյալ։ 

Ներկայացված տեղեկատվության հիմքով հոկտեմբերի 17-ին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ հոկտեմբերի 17-ից մինչև 24-ը ներառյալ ք․ Երևան, Նուբարաշենի թիվ 1/3 հասցեում գործող « Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում զննում իրականացնելու և ՀՀ առողջապահության նախարարի 2013 թվականի ապրիլի 9-ի թիվ 14-Ն հրամանով հաստատված « Աղիքային վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողություն» N 3.1.1-027 և ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված  «Խմելու ջուր։ Ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։ Որակի հսկողություն» N2- III- Ա2-1 սանիտարահամաճարակաբանական կանոններով և նորմերով սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով։ հայտնում ենք նաև, որ վերոհիշյալ՝ 2019 թվականի հոկտեմբերի 17-ին հարուցված վարույթը, դեռևս ընթացքի մեջ է, հետագա ընթացքի և արդյունքների մասին Ձեզ կտեղեկացվի լրացուցիչ»,- «Հրապարակի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնեց առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը։ 

Մենք գրել էինք, որ հոկտեմբերի 15-ին  «Էրեբունի» բժշկական կենտրոնում Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի 82-ամյա հիվանդ էր մահացել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հիվանդը, որը պահվել էր հատուկ հսկողության բաժանմունքում, կամ որ ավելի հայտնի է՝ դատապարտյալների բաժանմունքում, մահացել է սննդի թունավորումից։

Կենտրոնի տնօրեն Սերգեյ Խաչատրյանը մեզ հետ զրույցում հերքել էր, որ սննդի թունավորումից է մահացել, նրա խոսքով՝  հիվանդը մահացել էր ինսուլտից․

«Ոչ թե թունավորումից է մահացել, այլ ինքը երկար ժամանակ սրտանոթային խորը խնդիրներ ունեցող անձնավորություն է, և մահվան պատճառը ճնշման անկումն է եղել, ինչին հետևել է ինսուլտը, ինսուլտից է մահացել։ Այո, մենք երեկ իրեն տեղափոխել ենք «Էրեբունի» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք, շտապ օգնություն ենք հրավիրել, և մահվան պատճառը ինսուլտն է եղել։ Նախկինում էլ հաճախ իր համար շտապ օգնություն է կանչվել»։

«Էրեբունի» ԲԿ- ից էլ մեզ ասել էին, որ հիվանդը  շնչառական խնդիրներով տեղափոխվել է վերակենդանացման բաժին, որտեղ և մահացել է, իսկ մահվան պատճառը ԲԿ-ի լրատվության բաժնի ղեկավար Շուշան Հունանյանը չասաց՝ ասելով, որ իրավունք չունի այդ տեղեկությունը ասելու։