Մարդկությունը պատրաստ չէ նոր համավարակի

Մարդկությունը պատրաստ չէ նոր համավարակի

Կորոնավիրուսի դասերը կարող են մոռացվել, քանի որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է այլ ճգնաժամերի վրա, և մարդկությունը պատրաստ չէ նոր համավարակի, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։

«Այն ցավալի դասերը, որոնք մենք քաղել ենք COVID-19 համավարակից, վտանգ կա, որ կմոռացվեն, քանի որ ուշադրությունը սևեռված է մեր աշխարհի առջև ծառացած բազմաթիվ այլ ճգնաժամերի վրա», – ասել է ԱՀԿ ղեկավարը:

Ըստ Գեբրեյեսուսի՝ եթե աշխարհը չսովորի իր դասերը, ապա հաջորդ անգամ «ծանր գին է վճարելու»։ Նա ընդգծել է, որ հարցն այն չէ, թե արդյոք նոր համավարակ կսկսվի, այլ այն, թե երբ դա տեղի կունենա։ ԱՀԿ ղեկավարը նշել է, որ նոր համավարակի պատճառ կարող է լինել գրիպի վիրուսը, նոր կորոնավիրուսը կամ նոր հարուցիչը։

ԱՀԿ-ի ղեկավարը կոչ է արել երկրներին հաղթահարել տարաձայնությունները, որոնք ի հայտ են եկել համաճարակներին պատրաստվածության վերաբերյալ միջազգային համաձայնագրի մշակման շուրջ խորհրդակցությունների ընթացքում։