Եթե տողատակը կարդանք

Եթե տողատակը կարդանք

Ադրբեջանի նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը, կարծես, փորձագետից վերածվել է ալիեւյան վարչախմբի քարոզչի, բայց իր «հացի» գործն անում է բավական անշնորհք: Այսպես, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին լարվածության մասին, նա համոզիչ տոնով ասում է, որ Փաշինյանը, տեսնելով Մոսկվայի թուլացումը եւ փորձելով «նոր տեր գտնել Արեւմուտքում՝ գնում է իրավիճակի սրման, որպեսզի սեփական ժողովրդին համոզի, որ Ռուսաստանը Հայաստանին միայնակ է թողնում»:

Հետաքրքիրը Զուլֆուգարովի ասածի տողատակն է այն իմաստով, որ վերջին տարիներին հենց ադրբեջանական քաղաքագիտական հանրությունն է երազում Հայաստանի հետ դեմ առ դեմ իրավիճակ, երբ «մարտադաշտը կորոշի ուժեղին»: Իսկ վերջին սրացումից տառացիորեն մեկ շաբաթ առաջ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ միջազգային իրավունքն այլեւս չի գործում, արդարացի է ուժեղը: Այս համատեքստում ու՞մ է ձեռնտու սահմանային լարվածությունը հատկապես հայ-ադրբեջանական պետական սահմանին կամ, ինչպես ռուս վերլուծաբաններն են սիրում ձեւակերպել՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում:

Անշուշտ՝ Ադրբեջանին, եթե Ալիեւի հաշվարկն այն է, որ ՀԱՊԿ-ն սրացմանն ուղղակի չի միջամտի: Ըստ երեւույթին, դա ռուս-թուրքական հարաբերություններով պայմանավորված կանխածրագրում էր: Վերլուծաբանները գրեթե ուշադրության չառան հանգամանքը, որ ՀԱՊԿ արտահերթ խորհրդաժողովն անորոշ հետաձգվեց Էրդողան-Պուտին հեռախոսազրույցից հետո, ինչն Ռուսաստանի ԱԳՆ-ն թեթեւակի սրբագրեց Թուրքիայի հասցեին ենթատեքստային կշտամբանքով: Այսպիսով, Ադրբեջանի նախկին արտգործնախարարը փաստացի բացահայտում է, որ Տավուշի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի քաղաքական իմաստը Հայաստանին իր մենակության մեջ համոզմունքի բերելն էր, որից հետո մնացած ամեն ինչ կվերածվեր տեխնիկական խնդրի: Չկա Ռուսաստանի «ապահովության հովանոց»: Արեւմուտքից ոչ ոք ռազմական միջամտություն չի անում, իսկ Ադրբեջանի «ռազմական ներուժը մի քանի անգամ ավելին է»: Ռուսական փորձագիտական որոշ շրջանակներ նույնիսկ ադրբեջանական զինուժի ծանրագույն կորուստներից հետո են այդպես ներկայացնում: Կարելի է միայն պատկերացնել, թե քարոզչա-տեղեկատվական եւ դիվանագիտական ինչ պրեսինգի կենթարկվեր Հայաստանը, եթե հակառակորդին հաջողվեր Տավուշում թեկուզ մեկ մարտական դիրք գրավել: Զուլֆուգարովի մեկնաբանությունն, ըստ էության, կառուցվել է այս տրամաբանությամբ եւ բութ համառությամբ տիրաժավորվել՝ չնայած փաստացի իրավիճակում արդեն Ադրբեջանն ունի ռազմաքաղաքական փակուղուց ելքի որոնման խնդիր: Այս անգամ ո՞վ կօգնի Իլհամ Ալիեւին՝ ըստ այդմ էլ Հայաստանը կկողմնորոշվի գործընկերների եւ դավադիրների միջեւ ընտրության հարցում: