Ոստիկանները տուգանել են ցայտաղբյուրից ջուր խմած ու դիմակը հագնող մեր թղթակցին

Ոստիկանները տուգանել են ցայտաղբյուրից ջուր խմած ու դիմակը հագնող մեր թղթակցին

Դիմակ կրելու մասին հարցում անող մեր թղթակցին այսօր ոստիկանները Օպերայի տարածքում տուգանել են ցայտաղբյուրի մոտ ջուր խմելուց հետո մի քանի մետր հեռավարության վրա դիմակն անցկացնելիս։ «Այնտեղ էի հարցման նպատակով, արդեն մի քանի հոգու հետ խոսել էի, ասեցի՝ մի հատ ջուր խմեմ, շարունակեմ։ Ջուրը խմեցի, ցայտաղբյուրից 5-10 մետրի վրա արդեն դնում էի դիմակս, ոստիկանը մոտեցավ, ասացինք՝ հարցում ենք անցկացնում հենց դիմակի վերաբերյալ, ասաց՝ չէ, ինձ չի հետաքրքրում, Դուք արդեն առաջ եք եկել պուլպուլակից, Ձեր պատճառաբանությունները համոզիչ չեն»,-պատմեց մեր թղթակից Կարեն Մարտիրոսյանը։

Նրա հետ նկարահանմանը ներկա օպերատորն էլ պատմեց, որ մինչ Կարենին տուգանում էին, ծառայություն իրականացնող մյուս ոստիկանը, որ մեքենայի մեջ նստած էր դիմակն իջեցրած՝ արագ-արագ բարձրացրեց դիմակը։ «Էն դեպքում, երբ մեր օպորատորը փորձեց ֆիքսել, որ ոստիկանության աշխատակիցը դիմակը սխալ էր կրում, մի բան, որի համար իրենք տուգանում էին»,-պատմեց Կարենը։

Առհասարակ, օպերատորը նկատել է, որ մինչ իրենք հարցում էին անում, այդ տեղանքում ոստիկանները բոլորին կանգնեցնում էին, նկատողություն անում, թե ինչպես կրեն դիմակը, մի քանի հոգու էլ այդ ընթացքում տուգանեցին։

Նկատել ենք, որ վերջին շրջանում ոստիկաններն անցորդներին մի տեսակ շատ տնտղող աչքով, ինչպես դասականը կասեր՝  որպես «տուգանելու մատերիալի» են նայում։ Առավոտյան ոստիկականական մի այդպիսի հայացք հենց իմ վրա արձանագրեցի։ 

Նշենք, որ հատկապես մարզերում ծառայություն իրականացնող ոստիկանները ոչ պաշտոնական զրույցներում նշում են, որ իրենց վրա դիմակների որոշակի քանակի «պլան է դրված», Արմավիրում, օրինակ՝ 40 տուգանք օրական։  Ասում  են՝ հնարավոր չէ, որ սխալ չկրեն․ կամ տուգանում եք կամ էլ, եթե չեք տուգանում, ուրեմն լավ ծառայություն չեք իրականացրել։ 
Ոստիկանության լրատվության և հասրակայնության հետ կապերի բաժնից, բնականաբար, հերքեցին, որ նման «պլան կա»։
Ինչ վերաբերում է Կարեն Մարտիրոսյանի դեպքին, ապա մեկնաբանեցին՝ կա պարետի որոշում, ըստ որի բաց տարածքներում ևս պետք է դիմակ կրել։