Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման սուբյեկտներից ոչ մեկը չի ընդունում, որ իր գույքն ապօրինի է

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման սուբյեկտներից ոչ մեկը չի ընդունում, որ իր գույքն ապօրինի է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում վարույթ ընդունված  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ Գլխավոր դատախազության  առաջին հայցադիմումը Dataleqs.am-ում ներառված է «ինֆորմացիան սահմանափակված է» գրառմամբ։ Տեղեկացրել էինք, որ պատասխանողը ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանն է, որը հայտնի դարձավ անցած տարի, երբ «Հրապարակ»-ն անդրադարձավ  ՔՊ վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի դատվածությանը, որը նա թաքցրել էր, և այդ հանրահայտ տեղեկության «արտահոսքը» վերագրեցին ԱԱԾ-ում աշխատող Սերոբ Հարությունյանին: Նրան պաշտոնեական դիրքի չարաշահման համար մեղադրանք առաջադրեցին, որը հետագայում հերքվեց, եւ գործը կարճվեց, բայց, ինչպես ասում են, նստվածքը մնաց, եւ իշխանությունը սկսեց հետապնդել նրան` աշխատանքից ազատեցին, սկսեցին գույքի ուսումնասիրություն իրականացնել եւ այլն:

Հիմա, պարզվում է, 30 տարվա ընթացքում Հայաստանում այլ ապօրինի հարստացող չի եղել, միայն հանրությանն անհայտ Սերոբ Հարությունյանն է, կամ գոնե առաջին տեղում նա է: 
Այս և այլ հարցերի մասին խոսել ենք Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ, որը հարցին, թե այս պահին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ քանի գործ են պատրաստվում ուղարկել դատարան, ասաց․ «Կոնկրետ քանակ այս պահի դրությամբ չեմ կարող նշել, մեկ տասնյակի չափ գործ այս պահին գտնվում է ավարտական փուլում։ Ինչ ենք հասկանում «ավարտական փուլ» ասելով։ Այսինքն՝ ուսումնասիրությունը հիմնականում ավարտված է, և համապատասխան գույքերի սեփականատերերը հրավիրվել են դատախազություն և ծանուցվել են իրենց վերաբերյալ ուսումնասիրությունների մասին, նրանց տրվում է իրենց դիտարկումները ներկայացնելու հնարավորություն։ Եվ առաջիկայում մի քանի գործ կուղարկվի դատարան»։ 

Պոտենցիալ պատասխանողների թվում հայտնի պաշտոնատար անձինք կա՞ն` հարցրինք Աբրահամյանին: «Մենք չենք առաջնորդվում հայտնի և ոչ հայտնի։ Եթե անձը օրենքով մեր ուսումնասիրության սուբյեկտ է հանդիսանում, էդքանը մեզ համար բավարար է։ Կլինի նախարար, թե պետական չգիտեմ՝ միջին դասի պաշտոն զբաղեցնող անձ։ Մեզ համար դա երկրորդական նշանակություն ունի։ Բայց զուտ լրագրողական տերմինաբանությամբ, այո, բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնց վերաբերում են այդ ավարտվող ուսումնասիրությունները»։

Նշենք, որ «Ազդարար» համակարգով դեռ սեպտեմբերի սկզբներին հրապարակվել էին ծանուցումներ, որոնց  թվում են նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և նրա հետ փոխկապակցված 6 անձ,  բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանը և նրա հետ փոխկապակցված 2 անձ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը, և նրա հետ փոխկապակցված 2 անձ, Արամ Վարդանյանը՝ Վստրեչի  Ապերը, և նրա զավակները։ Այս բոլոր անձանց գույքը դատախազությունը համարում է ապօրինի ձեռքբերված եւ պատրաստվում է բռնագանձել` հօգուտ պետության: Սակայն պարզ է, որ սեփականությունը մարդկանց ձեռքից վերցնելն այդքան դյուրին գործընթաց չէ, եւ դա դեռ պետք է 3 դատական ատյաններով անցնի, հետո էլ գուցե վիճարկվի Եվրադատարանում:

Բոլոր գործերը հարուցելու ազդակները ստացվել են հսկող դատախազներից։ Գոռ Աբրահամյանին հարցրինք, եթե, օրինակ, Արամ Հարությունյանը փախուստի մեջ է, ինչպե՞ս են իրականացվում նախատեսված ընթացակարգերը։ Գլխավոր դատախազի խորհրդականն ասաց, որ նա հնարավորութուն ունեցել է իր ներկայացուցչի միջոցով ծանոթանալ ուսումնասիրության նյութերին և արդյունքներին։

-Ծանո՞թ եք նրանց դիտարկումներին, ընդո՞ւնում են, համաձա՞յն են, որ ուսումնասիրության ենթակա գույքն ապօրինի է։ 

-Որ դեպքում որ կունենանք արդյունք, Ձեր ասած այդ համաձայնությունների վերաբերյալ, համաձայնություն ասելով՝ հասկանում ենք օրենքի իմաստով այն, որ իրենք համաձայնում են մեր կողմից բացահայտված ապօրինի ծագում ունեցող գույքի 75 տոկոսը փոխանցել պետությանը, 25 տոկոսն իրենց մնալու, այսպես ասած, պայմանով։ Սա օրենքով նախատեսված միջանցք է, հնարավորություն է, և որ դեպքում կունենանք համաձայնություն, դրա վերաբերյալ անպայման հաղորդագրությամբ հանդես կգանք։

-Բայց մինչ այս պահը, փաստորեն, չունենք, որքան հասկացա։

-Դե, եթե չենք հրապարակել, էս պահի դրությամբ ասելիք չունենք էդ մասով։

-Ասում եք՝ մեզ համար կարևոր չէ, թե ով է անձը, միայն հիմքեր լինեն, բայց կա՞ն դեպքեր, որ արդեն այդ սեփականությունները վաճառվել են երրորդ անձի: Նիկոլ Փաշինյանը բազմիցս մատնացույց է արել, օրինակ, Մոնումենտի առանձնատները։ Ձեր ցանկում կա՞ն Մոնումենտի առանձնատների սեփականատերեր։

-Ես վարչապետի խոսքը չեմ ուզում մեկնաբանել, իմ իրավասությունը չէ։ Բայց բոլոր անձանց վերաբերյալ, ում հետ կապված որ ուսումնասիրություններ իրականացվում են, հենց նրանց վերաբերող գույքի շրջանակներում է իրականացվում ուսումնասիրությունը։ Դրանք կլինեն, չգիտեմ` Ձեր ասած էդ «Հաղթանակ» զբոսայգում, թե հանրապետության ցանկացած այլ վայրում, կլինի անշարժ, թե շարժական գույք, սա արդեն ուսումնասիրության խնդիր է։