Այս ամենն ունի մեկ մեղավոր՝ երկրի այդ պահի ռազմաքաղաքական իշխանությունները

Ղարաբաղյան առաջին պատերազմը (1988-1994 թթ.) հիմնովին փոխեց Հարավային Կովկասի քաղաքական և ռազմական հավասարակշռությունը։ Հայաստանի համար այն ոչ միայն ազգային ինքնորոշման պայքար էր, այլև անկախ պետականության և արդյունավետ ռազմական համակարգի ստեղծման գործընթաց։ Հայկական զինված ուժերի հաղթանակը պայմանավորված էր ռազմավարական, կազմակերպչական և բարոյահոգեբանական մի շարք գործոններով։
Ղարաբաղյան պատերազմը ծագեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի և Հայաստանի հետ միավորման պահանջից:
▪️1988 թ. Արցախյան շարժումը սկսվեց արցախահայության խաղաղ պահանջներով, որոնք վերաճեցին զինված պայքարի։
1991 թվականին ԽՍՀՄ-ի անկումն ավելի սրեց հակամարտությունը՝ ստեղծելով անկանխատեսելի քաղաքական և ռազմական միջավայր։
▪️1991-1992 թթ. Արցախը և Հայաստանը դիմակայեցին Ադրբեջանի բանակի կազմակերպված հարձակումներին, ինչը ստիպեց հայկական կողմին անցնել ռազմական համակարգի ստեղծման։
Հայկական բանակի ձևավորումն առանձնահատուկ էր, քանի որ այն հիմնվում էր կամավորական ջոկատների և ժողովրդական շարժման վրա։ Այստեղ առանձնահատուկ կերպով ցանկանում եմ կարևորել Նորատ Տեր-Գրիգորյանի և Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոսի) դերը բանակի կազմավորման և կայացման գործում։
▪️1992 թ.-ից սկսած Հայաստանի կառավարությունը ձեռնարկեց ռազմական համակարգի ձևավորման աշխատանքներ. ստեղծվեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը, կազմավորվեցին առաջին կանոնավոր ստորաբաժանումները, որոնք աստիճանաբար փոխարինեցին կամավորական ջոկատներին։ Այստեղ կարևոր է նշել նաև այն հանգամանքը, որ այս գործընթացը հարթ չընթացավ, որի հիմնական պատճառը երկրի ռազմաքաղաքական իշխանության թերի և սխալ հրամաններն էին։ Չթերագնահատելով բանակի կարևորությունը՝ իշխանությունները չկարողացան հասկանալ նաև առանձին դիվերսիոն -հետախուզական ջոկատների կարևորությունը, ինչը հետագայում ունեցավ բացասական հետևանքներ։
Ինչևէ, ներդրվեց նաև զորակոչի համակարգը։
Պատերազմում հայկական կողմի հաղթանակը մեծապես պայմանավորված էր հետևյալ գործոններով.
Տեղանքի օգտագործում: Լեռնային Ղարաբաղի ռելիեֆը (լեռներ, ձորեր) նպաստավոր էր պաշտպանական մարտերի համար։ Հայ զինվորականները հմտորեն օգտագործում էին տեղանքի առավելությունները՝ մարտավարական նպատակների հասնելու համար։
Պաշտպանությունից հարձակման անցում: Հայկական ուժերը 1992, իսկ հիմնականում 1993թ.-ից սկսեցին ակտիվ հակահարձակումներ, որի արդյունքում գրավեցին Շուշին, Լաչինը և այլ ռազմավարական շրջաններ։ Այս անցումը վճռորոշ էր պատերազմի ելքի համար։
Հրամանատարական կազմը ձեռք բերեց մարտական փորձ, իսկ ռազմական գործողությունները դարձան ավելի համակարգված։ Այստեղ կարևոր է նշել նաև այն, որ կամավորականների 99 տոկոսը ծառայել էին խորհրդային բանակում, իսկ շատերն անցել էին աֆղանական պատերազմով և ունեին հատուկ ռազմական փորձառություն, որն էլ հաղթանակի բանալիներից մեկն էր,
Պատերազմը մեծ համախմբում առաջացրեց թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Սփյուռքի կողմից տրամադրվող նյութական և քաղաքական աջակցությունն էական դեր խաղաց։
Հայկական զինված ուժերի ամենամեծ առավելություններից մեկն ինքնակամության և հայրենասիրության բարձր մակարդակն էր։
Ադրբեջանի բանակը չուներ կազմակերպչական կարողություններ։ Բացի այս, Ադրբեջանում քաղաքական անկայունությունը, ներառյալ ներքին հեղաշրջումները, խոչընդոտում էին կենտրոնացված ռազմական գործողություններին։
Պատերազմից հետո հայ զինված ուժերը սկսեցին ձևավորվել որպես կայուն և ուժեղ ռազմական համակարգ։ Ստեղծվեցին հստակ կազմակերպչական համակարգեր, կառուցվեցին ինժեներական դիրքեր՝ ամրապնդելով Հայաստանի և Արցախի պաշտպանական գծերը։ Հայաստանը կայուն և երկարաժամկետ ռազմավարական գործընկերություն հաստատեց Ռուսաստանի հետ՝ ապահովելով անվտանգության հուսալի երաշխիքներ։
▪️▪️Հիմնական խնդիրները▪️▪️
Այնուամենայնիվ, բանակի կայացման և զարգացման ուղին ուղեկցվեց մի շարք խնդիրներով, որոնք տարբեր ժամանակահատվածներում ազդեցին նրա արդյունավետության, մարտունակության և հեղինակության վրա։
Բանակի ձևավորումն անկախության առաջին տարիներին սկսվեց զրոյից: Խորհրդային բանակից ժառանգություն ստացած ռեսուրսները սահմանափակ էին, իսկ կազմակերպչական համակարգը՝ անկայուն: Խորհրդային ժամանակաշրջանում հայ սպաների թիվը քիչ էր, իսկ նորաստեղծ բանակը չուներ փորձառու զինվորականներ:
Բացի այս, առաջին տարիներին բացակայում էր զինված ուժերի հստակ ռազմավարությունը, ինչը խոչընդոտեց արդյունավետ կառավարման ձևավորմանը:
Հայաստանը, լինելով փոքր տնտեսություն ունեցող երկիր, բախվեց բանակի ֆինանսավորման ու տեխնիկական ապահովման դժվարություններին։
Առկա զինամթերքն արագ սպառվեց, իսկ նոր մատակարարումներ ապահովելը բարդ էր:
Շատ երկար ժամանակ հայկական բանակը հիմնականում հենվում էր հին տեխնիկայի վրա՝ առանց բավարար ռեսուրսների այն նորացնելու համար:
Լուրջ մարտահրավեր էր նաև սննդի, հագուստի և սպաների բնակարանային պայմանների ապահովումը։
Բանակում կոռուպցիան, հատկապես բարձրագույն ղեկավարության շրջանում, բացասաբար էր ազդում ինչպես ֆինանսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման, այնպես էլ կադրերի ընտրության վրա:
Կազմավորվող բանակի անձնակազմի մեծ մասը չուներ ժամանակակից ռազմական պատրաստվածություն, իսկ քաղաքական դաշտի ազդեցությունը հաճախ հանգեցնում էր այն բանին, որ առանց համապատասխան մասնագիտական հմտությունների անձինք զբաղեցնում էին բարձր պաշտոններ: Սրան զուգահեռ, իշխանությունները, ի դեմս կռվող, հայրենասեր և փորձառություն ունեցող տղաների, տեսան հակառակորդների, որոնք կարող էին դեմ դուրս գալ և նաև հակառակվեցին իրենց համատարած թալանին։ Ուստի սկսեցին բոլոր հնարավոր միջոցներով պայքարել նրանց դեմ։
Լուրջ խնդիրներ կային նաև բանակի ներսում։ Այնտեղ տեղի ունեցող բռնությունները, ինքնասպանությունները և Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած ոչ կանոնադրական հարաբերությունները վնասում էին բանակի հեղինակությունը: Իսկ այդ խնդիրները բարձրաձայնել փորձողները շատ ուժեղ ճնշման էին ենթարկվում՝ պիտակավորվելով որպես Ադրբեջանի գործակալ, որը փորձում է վարկաբեկել հաղթական բանակը։
▪️▪️2016թ. Ապրիլյան պատերազմ (4-օրյա պատերազմ)▪️▪️
Ապրիլյան պատերազմը տեղի ունեցավ ապրիլի 1-ից 5-ը՝ ի պատասխան Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների: Չնայած կարճ տևողությանը, այն բացահայտեց բանակում առկա մի շարք խնդիրներ:
Ադրբեջանը լայնորեն կիրառեց ժամանակակից զինտեխնիկա, ներառյալ անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), որոնց դեմ հայկական բանակն անհամարժեք հակազդող միջոցներ ուներ:
Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ կրիտիկական իրավիճակներում որոշ ստորաբաժանումներ չստացան հստակ հրամաններ և գործեցին առանց համադրվածության:
Պատերազմի ընթացքում հասարակությանը չտրամադրվեց բավարար ու ճշգրիտ տեղեկատվություն: Լրատվական անորոշությունը բերեց պառակտումների և վստահության անկմանը:
Ադրբեջանը կարողացավ ճեղքել որոշ դիրքեր, ինչը վկայում էր ինժեներական աշխատանքի թերացումների մասին: Բացի այս, ռազմական հետախուզությունը չկարողացավ նախապես կանխատեսել հակառակորդի հարձակման մասշտաբը և ուղղությունները:
Թեև զինվորականները հերոսաբար կռվեցին, որոշ ստորաբաժանումներում հստակ տեսանելի էին անհամաչափ պատրաստվածության մակարդակներ:
Չնայած այս ամենին՝ հայկական զինված ուժերը հիմնականում կարողացան լուծել իրենց առջև դրված խնդիրները՝ խափանելով թշնամու բոլոր ծրագրերը։
2020թ. 44-օրյա պատերազմ◽️◽️
44-օրյա պատերազմը (սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9) ի ցույց դրեց առավել համակարգային խնդիրներ՝ կապված թե՛ ռազմական, թե՛ քաղաքական, և թե՛ հասարակական ասպեկտների հետ:
Ադրբեջանի կողմից թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի կիրառումը: ՍԹՍ-ների գործոնը հնարավոր էր չեղարկել, եթե մշակվեր ճիշտ մարտավարություն, անձնակազմը ճիշտ ձևաչափով օգտագործվեր։ Ընդ որում, ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի մասին հայտնի էր առնվազն 2016-ից, սակայն որևէ արդյունավետ հակազդող միջոց չէր իրականացվել այս ընթացքում՝ լիներ դա էլեկտրոնային պատերազմի, թե հայկական պաշտպանության միջոցները քողարկելու ավելի պարզ քայլերի միջոցով: Բացի այս, հայկական բանակի հիմնական զինատեսակները (հրետանի, տանկեր, հրթիռային համակարգեր) տեխնոլոգիապես զիջում էին ադրբեջանական զինված ուժերի ժամանակակից սպառազինությանը: Լուրջ խնդիր դարձավ նաև կապի համակարգը, որի հաճախակի խափանումը խոչընդոտում էր ստորաբաժանումների միջև կոորդինացիային։
Չնայած հարձակման նախանշանների մասին տեղեկություններին, ռազմական համակարգը չկարողացավ կանխատեսել հարձակման մասշտաբը:
Որոշ դեպքերում էլ հակառակորդը հաջողությամբ խոցեց հայկական ուժերի դիրքերը՝ օգտագործելով ճշգրիտ հետախուզական տվյալներ (թշնամուն կողմից այդպիսի տվյալների ստացման աղբյուրների բացահայտումը հետագայում դառնալու է մանրակրկիտ քննության առարկա)։
Պաշտպանական որոշ գոտիներում (Հադրութ, Շուշի) դիրքերի պահպանման մարտավարությունը չէր համապատասխանում ժամանակակից պատերազմական պայմաններին։ Իսկ ռազմական ռեսուրսները անհավասար էին բաշխված: Պատերազմի ընթացքում որոշ հատվածներում ավելորդ ուժեր էին կենտրոնացվել, իսկ որոշ տեղերում՝ բավարար ռեսուրսներ չկային:
Հրամանատարական կադրերի ոչ բավարար պատրաստվածություն։ Կադրային քաղաքականության թերությունների պատճառով կարևոր որոշումները երբեմն ընդունում էին ոչ պատշաճ մասնագիտական ունակություններ ունեցող պաշտոնյաներ: Զինվորականների մի մասն էլ չէր անցել ժամանակակից մարտավարական ուսուցում, ինչը դժվարացրեց հակառակորդի նոր մեթոդների դեմ պայքարը:
Բացի այս, կա հիմնավոր կասկած, որ Հայաստանի քաղաքական իշխանությունների կողմից եղել է հրամանատարական շտաբի աշխատանքներին ուղղակի միջամտություն, տրվել են մարտական գործողությունների վարման, օպերացիաների պլանավորման վերաբերյալ ցուցումներ, որոնք, ցավոք սրտի, կատարվել են և հանգեցրել ողբերգության։ Այս խնդիրը,ևս ոչ հեռու ապագայում, իշխանափոխությունից հետո դառնալու է մանրամասն քննության առարկա՝ դրանից բխող հետևանքներով։
Պատերազմի ընթացքում հայկական կողմը զիջում էր տեղեկատվական դաշտում՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանի համար: Ադրբեջանական տեղեկատվական քաղաքականությունը հաջողությամբ օգտագործեց քարոզչական մեխանիզմներ՝ միջազգային հանրության կարծիքը ձևավորելու համար:
Մեծաթիվ զոհերը, ինչպես նաև տեղեկությունների անորոշությունը ծանր ազդեցություն ունեցան թե՛ զինվորների, թե՛ հասարակության վրա:
Այս ամենն ունի մեկ մեղավոր՝ երկրի այդ պահի ռազմաքաղաքական իշխանությունները։ Պատերազմներում հաղթում և պարտվում են իշխանությունները։ Նույնիսկ պատերազմները վարում են իշխանությունները։ Բանակն իրականացնում է մարտական գործողություններ, որը պատերազմի կարևոր, սակայն միակ բաղադրիչը չէ։ Եվ եթե ռազմաքաղաքական իշխանությունները ինչ-ինչ հանգամանքների բերումով տապալել են պատերազմի վարումը, պատասխանատվության ամբողջ ծանրությունը գցել հայ մարտիկի ուսերին, ոչ միայն ճիշտ չէ, այլ ավելին՝ ստորություն է։
Այստեղ տեղին է հիշել Նապոլեոնի խոսքերը.
«Ոչխարների բանակը, որի գլխին առյուծ է, ավելի հզոր է, քան առյուծների բանակը, որի գլխին ոչխար է»։
Պետք է հասկանանք նաև, որ բանակի գլխավոր գործառույթը կռվելը չէ, այլ այն կանխելը։ Հզոր, մարտունակ բանակի առկայությունը հակառակորդի մոտ վերացնում է զենքով խնդիր լուծելու գայթակղությունը, որը կայուն և իրական խաղաղության միակ, կրկնում եմ՝ միակ գրավականն է։ Իսկ եթե թշնամին հարձակվել է, դա նշանակում է, որ իշխանությունները տապալել են բանակի առաջին գործառույթը։
Հետևաբար, մեր երկրում իրական և երկարատև խաղաղության հաստատման համար պետք է ունենանք հզոր, ժամանակակից, մարտունակ բանակ, որը, ինչքան էլ գործող վարչախումբը հակառակում փորձի ձեզ համոզել, լրիվ իրական է։
Հետևաբար՝ միասին շատ բան ունենք անելու…
*Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման
Արթուր Վարդանյան, «Համահայկական Ազգային Պետականություն» կուսակցության առաջնորդ,
Կարծիքներ