Ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ հենց Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը․ Աբովյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ հենց Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը․ Աբովյանը՝ Պուտինի հայտարարության մասին

Հայաստանն ու հայ ժողովուրդը վերապրեցին իրենց պատմության շատ բարդ ժամանակաշրջանը։ Եվ Հայաստանի ղեկավարությունը, անձամբ վարչապետը ստիպված էին ընդունել բարդ, բայց անհրաժեշտ որոշում։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ անդրադառնալով Արցախի խնդրին։

«Ես պետք է ասեմ, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց, կրկնում եմ, անհրաժեշտ էին և շատ մեծ քաջություն էին պահանջում անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանից։ Դա ակնհայտ փաստ է։ Այսօրվա ժողովին մասնակցող ցանկացած անձ հասկանում է նմանօրինակ որոշման կայացման պատասխանատվության աստիճանը։ Նա այդ պատասխանատվությունը վերցրեց իր վրա։ Եվ մեր խնդիրն է, որ հիմա սատարենք և անձամբ Հայաստանի վարչապետին, և նրա թիմին, որպեսզի խաղաղ կյանքն ապահովվի, և իրականացվեն բոլոր ընդունված որոշումները։ Պետք է օգնենք մարդկանց, ովքեր հայտնվել են կյանքի բարդ պայմաններում»,- ասաց Պուտինը։

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանին հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել Պուտինի հայտարարությունը:

«Եթե մենք լսում ենք հայտարարությունը, ապա այնտեղ ասում է, որ առաջինը՝ իր վրա վերցրել է պատասխանատվությունը։ Ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ հենց Փաշինյանն է ստորագրել այդ փաստաթուղթը և Փաշինյանն է հասցրել այն խայտառակ վիճակին, որն այսօր գոյություն ունի Հայաստանում։ Ես կարող եմ ասել մի բան․ եթե իր վրա վերցրել է պատասխանատվությունը, ապա հետևանքներն էլ իր վրա պետք է վերցնի, և հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը պահանջում են հենց այդ հետևանքների պատասխանատվության շրջանակներում, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա։ Ինչ վերաբերում է սատարել-չսատարելուն, ապա հայտարարության մեջ ասված է, որ այդ ընդունված որոշումների շրջանակներում, այն պարտավորությունները, որոնք իր վրա վերցրել է Նիկոլ Փաշինյանը և իր թիմը, իրենք պետք է իրագործեն։ Ենթատեքստը դա էր։ Այդ պարտավորությունները, ըստ էության, արդեն իրագործվել են, սակայն դրա հետ մեկտեղ ես ոչ մի վայրկյան չեմ կասկածում, որ մեր ռուս գործընկերները քաջատեղյակ են, թե ինչ հակառուսական ուժեր են Նիկոլ Փաշինյանի թիմում մինչ այժմ՝ թե՛ խորհրդարանում, թե՛ կառավարության մեջ, և ես չէի շտապի անել ինչ-որ եզրակացություններ», - ասաց Աբովյանը։

Այսինքն՝ ուզում է ասել, որ Փաշինյանը Ռուսաստանին միայն համաձայնագրերը իրագործելու համա՞ր է պետք՝ հարցրինք Աբովյանին:

«Ոչ թե Փաշինյանը Ռուսաստանին պետք էր համաձայնագիրն իրականացնելու համար, այլ խնդիրն այն է, որ պատերազմը կանգնեցրել է Ռուսաստանը, դա պետք է ֆիքսենք և շնորհակալություն հայտնենք Ռուսաստանին և երախտապարտ լինենք մեր դարավոր ռուս եղբայրներին, բայց, դրա հետ մեկտեղ, այն դիսկուրսը, որը ծավալվում է Հայաստանում, այն բանի շուրջ է, թե ինչու պիտի հասներ այն վիճակին, որը մենք այսօր ունենք։ Պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է, և հետևանքները պետք է քաղեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը։ Սա շատ կարևոր պահ է։ Այո, շնորհակալություն Ռուսաստանին, մենք հենց սկզբից էլ ասել ենք, որ Ռուսաստանը եղել է, կա և մնում է տարածաշրջանային անվտանգության առումով միակ դերակատարը, սակայն խոսքը դրա մասին չէ, խոսքն այն մասին է, որ անպարկեշտ և անգրագետ քաղաքականության արդյունքում Նիկոլ Փաշինյանը փաստացի կոտրեց Հայաստանի և Արցախի մեջքը և, իհարկե, պետք է դրա համար պատասխան տա։ Ես խոսում եմ որպես ՀՀ քաղաքացի»,- ասաց Արման Աբովյանը։