Գուցեև հենց ջահերով երթը լինի վճռական պայքարի մեկնարկը

Հարցազրույց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Սևակ Նազարյանի հետ
- Սևակ, ՀՅԴ երիտասարդական միությունն այս տարվա ապրիլի 23-ին, ինչպես նախորդ տարիներին, դարձյալ ջահերով երթ է կազմակերպելու, բայց այս անգամ կարծես թե մի քիչ այլ ֆորմատով է լինելու երթը և կապվելու է Ազատության հրապարակում մեկնարկած պայքարի հետ։ Մի փոքր մանրամասնեք՝ ովքե՞ր են միանալու երթին, ինչո՞վ է այն տարբերվելու նախորդ տարիների երթերից։
- Ընդհանուր առմամբ՝ 1999 թվականից ջահերով երթը մեկնարկել է, և ամեն տարի ապրիլի 23-ին մեր երիտասարդական միության անդամների նախաձեռնությամբ Հանրապետության հրապարակից կամ Ազատության հրապարակից արդեն 23-րդ տարին է, որ պետք է ընթանա երթը դեպի Ծիծեռնակաբերդ։ Ջահերով երթի խորհուրդն առավել պահանջատիրական է, այդ ջահը, որ վերցրել են՝ որպես խորհրդանիշ, հենց այդ պահանջատիրության ջահն է, մեծ հաշվով, որը փոխանցում ենք ամեն հաջորդ տարվա նոր մարդկանց, նոր սերունդներին։ Ինչո՞վ է տարբերվելու այս տարի։ Ընդհանուր առմամբ՝ պահանջատիրության գաղափարը նույնն է, բայց իրավիճակն է տարբեր։ Ու կուզեի կապել ոչ թե Ազատության հրապարակում կամ որևէ այլ վայրում տեղի ունեցող քաղաքական ակցիայի հետ, այլ, առհասարակ, մեր երկրի իրավիճակի՝ ինչի մեջ ենք գտնվում, ինչ պրոցեսների շեմին ենք կանգնած։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր հայ-թուրքական հարաբերությունների նոր շեմին է կանգնած։ Մեզ համար կան անընդունելի գծեր, դրանցից առաջնայինը Հայոց ցեղասպանության պահանջատիրության ուրացումն է։ Հիմա կարող են ասել՝ որտե՞ղ է այդ ուրացումը դրսևորվում․ առնվազն այնտեղ, որ մենք այս հարաբերություններում ընդամենը կատարողի դերում ենք, այսինքն՝ մենք, որպես պետություն, կատարում ենք մեր թշնամական պետության ցանկությունները։ Մենք դուրս ենք գալու փողոց երեք ուղերձով, առաջինը՝ միջազգային հանրությանը։ Մենք ասում ենք, որ մենք տեր ենք մեր դատին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հատուցման գործընթացից որևէ քայլ հետ չենք անելու։ Երկրորդը՝ մեր թշնամական պետություններին, որոնք կարծում են, թե ոչնչացրել են մեզ՝ իբրև պայքարող տեսակ։ Մենք ասում ենք, որ բազմահազար մարդիկ դուրս են եկել փողոց և այդ ուղերձը փոխանցել են, որ մենք պարտվող տեսակ չենք։ Եվ երրորդը՝ հենց ներսում ուղղված է մարդկանց, որոնց թվում է, թե իրենք իրավունք ունեն հայ ժողովրդի հավաքական անունից հանդես գալ և հայ ժողովրդի հավաքական իրավունքներից որևէ կերպ նահանջել։
- Այս անգամ ովքե՞ր են մասնակցելու երթին, և արդյոք նույն Արթուր Վանեցյանը կամ ընդդիմադիր ուժերի մյուս լիդերները, այդ թվում՝ նախկին նախագահները, կարո՞ղ է մասնակցեն երթին։
- Ջահերով երթը բաց ֆորմատի է, ովքեր կցանկանան մասնակցել և խորհուրդը կվերցնեն, ջահը կբռնեն կամ կանթեղով կբարձրանան և նույն խորհուրդը կկիսեն, կարող են միանալ։ Մի կարևոր բան կա այստեղ, որ, իրականում, այս տարվա ջահերով երթը մի քիչ տարբերվում է նախորդներից, որ քաղաքական և ազգային, պետականության գաղափարն իր մեջ կրող շատ նուրբ թելով է անցնում այդ քաղաքական գիծը այս տարվա ջահերով երթի։
- Արդյոք ապրիլի 23-ի ջահերով երթո՞վ է տրվելու վճռական պայքարի մեկնարկը, որի մասին խոստանում է ընդդիմությունը, և որի մասին գրվեց նաև մամուլում։
- Որպես այդպիսին, որ առաջին խոշոր միջոցառում, որը տեղի է ունենալու, գուցեև լինի հենց ջահերով երթը։ Գուցեև բազմահազար քաղաքացիներ ազգային օրակարգով իջնում են փողոց, դեմ են արտահայտվում թրքացման պրոցեսին՝ ջահերով երթին մասնակցելով, և այս տեսակետից, կարելի է ասել, ինչո՞ւ ոչ, մեկնարկ։ Բայց մենք ջահերով երթի խորհուրդը չենք փոխել, այսինքն՝ հենց գործողությունը լինելու է երթը, այն ուղերձը, որը տալու է երթը և՛ դրսին, և՛ ներսին։ Շատ կարևոր է, որ ջահերով երթը՝ որպես միջոցառում, շատ չքաղաքականացվի, մաքուր մնա, որ հնարավոր լինի 2023, 2024 թվականին ևս այն իրականացնել։ Երթը մեկնարկելու է ապրիլի 23-ին, Հանրապետության հրապարակից, ժամը 19։15-ին՝ խորհրդանշական ժամի։
- Ուզում եմ խոսենք երիտասարդության ներգրավվածության մասին այս պայքարին․ ըստ Ձեզ՝ ի՞նչ է պետք, որպեսզի երիտասարդությունը, որի առանցքային մասը կազմում է ուսանողությունը, ևս միանա հայրենիքի փրկության համար մղվող պայքարին։ Նախորդ օրը, օրինակ, «5165» շարժումն էր շրջում բուհերով և կոչ անում ուսանողությանը՝ միանալ պայքարին, բայց միացողներ, կարծես թե, շատ չեղան։ Դաշնակցության երիտթևից, օրինակ, կայի՞ն այդ շարժմանը միացողներ։
- Այդ օրվա միջոցառմանը անհատական մակարդակում, այո, գուցե մասնակիցներ եղել են, բայց պաշտոնապես՝ ոչ։ Գաղտնիք չէ, որ մենք շուրջ մեկուկես տարի փողոցում, փողոցային պայքարի միջոցով և ոչ միայն, որոշակի աշխատանքների մասնակցել ենք։ Ի՞նչն է երիտասարդությանը գրավելու միջոցը։ Ըստ մեզ՝ մենք այս պահին գաղափարական շատ աշխատանք կատարելու կարիք այլևս չունենք, որովհետև միլիոնավոր հայեր՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, հասկանում են՝ ինչ է տեղի ունենում։ Այսինքն՝ այն, որ մենք մեր ազգային ուղեգծից շեղվում ենք, որը պետության համար կարող է շատ ցավալի հետևանքներ ունենալ, սա հասկանում են հարյուր հազարավոր, միլիոնից ավելի մարդիկ։ Եվ մեր աշխատանքը դառնում է ավելի շատ կազմակերպական և այդ մարդկանց հստակ ուղերձներ տալը, թե ինչու պետք է գալ փողոց և ինչ պետք է անել։
- Իսկ ինչո՞ւ չեն գալիս։
- Նախ՝ էդպես ճիշտ չի լինի ձևակերպել, որովհետև շատ դեպքերում շատ ուսանողներ ինչ-որ չափով միացել են, բայց երբ այս մթնոլորտը, որ այսօր էլ ստեղծվում է, և այդ վստահությունը, որ մենք տալիս ենք, որ ունենք ծրագիր և գնում ենք այդ ծրագրով, և եկել է այն պահը, երբ այլևս սպասելու ժամանակ չկա, որովհետև մինչև էս ևս, այո, պայքարը վճռական էր, բայց մենք միշտ ասել ենք, որ սա մեկ օրվա, մեկ ամսվա պայքար չէ, այսինքն՝ հասունացնելու հարց կա։ Հիմա, կարծում ենք, որ հասունացած է, ու էդ մթնոլորտը և աշխատանքը, կարծում ենք, նույն երիտասարդությանը բերելու է փողոց։ Ես կարծում եմ, որ առաջիկա պայքարը, որ նշմարվում է, այսպես ասած, շատ ավելի զանգվածային և շատ ավելի տարերային բնույթ է կրելու։
- Ամեն անգամ, երբ ընդդիմադիր ուժերը, այդ թվում՝ Դաշնակցությունը, ժողովրդին կոչ են անում՝ դուրս գալ փողոց և պայքարել այս իշխանությունների դեմ, շատ են լինում արձագանքներ, որ նախկիններին չեն ուզում՝ հիշելով նրանց սխալները, ու հատկապես Դաշնակցության մասով են խիստ գնահատականներ հնչում, որ չեն ուզում այլևս Դաշնակցությանը տեսնել պետական կառավարման համակարգում։ Սա ինչի՞ց է գալիս, ըստ Ձեզ։ Չե՞ք կարծում, որ ՀՅԴ ձեր ղեկավարության, ձեր կուսակցության ավագների թույլ տված սխալների պատճառով են նաև մերժում ձեզ։
- Հարցը բավականին կարևոր հարց է։ Ես միայն Դաշնակցության մասով ասեմ․ այո, նախ՝ բոլորը սխալական են, սկսած՝ մեզնից։ Եթե ունեցել ենք ավագ ընկերներ, որոնք իրենց զբաղեցրած դիրքերում որոշակի բացթողումներ են ունեցել, գուցեև ունեցել են։ Բայց մենք մեր աչքի առջև ունենք մեր ընկերներին, որոնք որ հանգամանքներ են ունեցել և՛ պետական, և՛ կուսակցական, ովքեր ուղղակի պետական շահ են սպասարկել երկար տարիներ։ Հիմա դա կարող ենք անվանել պետականաշինության շրջան։ Վերջապես, բոլորիս գնահատականը այս ամենը տեսնելուց հետո այն էր, որ մինչև 2018 թվականը՝ իր բոլոր սխալներով, պետություն գոյություն ուներ, համակարգ գոյություն ուներ։ Ընդամենը 30 տարվա անկախ պետականություն ունենք, էնպես չի, որ 3-4 հարյուր տարվա անկախ պետականություն ենք և ասում ենք՝ ինչու ենք թույլ տալիս նմանատիպ սխալներ, թեկուզ՝ կոռուպցիայի, նույն պետական համակարգի ոչ ամբողջական կայացվածության առումով։ Սրանք բոլոր պետություններին են հատուկ, և կարծում եմ՝ բացթողումն այն է եղել, որ արտաքին գաղափարները, օտար գաղափարները, որոնք տարիներով մտցրել են հայ հասարակության մեջ, նույն՝ տարբեր երկրներից ու ֆինանսավորվող շատ երիտասարդական շարժումներ, քաղհասարակություն կոչվածը, թույլ ենք տվել, դրանք կայանան մեր պետության մեջ։ Սա մեծագույն սխալն է եղել, որը երևի թե արել ենք՝ Եվրոպային կամ այլ երկրներին ցույց տալու համար, որ մենք էլ ենք ժողովրդավարական։ Դա լավ էր, թե վատ էր, բայց որպես արդյունք՝ դրա հետևանքները բավականին ծանր եղան մեզ համար։
Կարծիքներ