Ինքներդ ձեզ պետք է վերջապես ճշմարտությունն ասեք՝ թե՛ դասալիքների մասին, թե՛ վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ խայտառակությունների

Ինքներդ ձեզ պետք է վերջապես ճշմարտությունն ասեք՝ թե՛ դասալիքների մասին, թե՛ վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ խայտառակությունների

Լեռնային Ղարաբաղի հակամարտության ու հայ-ռուսական հարաբերությունների շուրջ «Հրապարակը» զրուցել է ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքական վերլուծաբան Մոդեստ Կոլերովի հետ։

- Պարո՛ն Կոլերով, Ռոբերտ Քոչարյանը ռուսական երեք լրատվամիջոցի [14․06․2021, «Ռաշա Թուդեյ», «Սպուտնիկ», «ՌԻԱ Նովոստի»] տված հարցազրույցում ասել էր, որ «եթե մենք ուզում ենք երկարաժամկետ խաղաղություն ու կայուն խաղաղություն, ապա պետք է ընդունենք որոշումներ, որոնք շատ անարդարացի չեն։ Ինձ թվում է, որ ամեն դեպքում բանակցություններով հնարավոր է համաձայնության գալ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքների շուրջ, սահմաններով»։ Նախկինում Քոչարյանը նաև խոսել էր Հադրութն ու Շուշին վերադարձնելու մասին։ Ի՞նչ կասեք այս կապակցությամբ։

- Դա ուտոպիա է։

- Ըստ Ձեզ՝ ի՞նչ է հնարավոր անել բանակցային գործընթացում։ Ինչպե՞ս է կարելի դա անել, ի՞նչ ճանապարհով։

- Դե, առաջին հերթին գոնե պետք է վերսկսել բանակցային գործընթացը, քանի որ այն դադարեցվել է։ Եվ մեծ ձեռքբերում կլինի բանակցային գործընթացի վերսկսումը։ Այժմ այն դադարեցված է։

- Քոչարյանը նաև ասել է, որ «իրադարձությունները բերել են նրան, որ Ռուսաստանի դերն ավելի գերակշիռ է դարձել։ Այն [Ռուսաստանը] միշտ ակտիվ դեր է խաղացել բանակցային գործընթացում, բայց հիմա Ռուսաստանի դերն առավել ակնառու է։ Ռուսական խաղաղապահությունը, Ղարաբաղում պատասխանատվությունն անվտանգության վիճակի համար։ […] Եվ սա բերում է առաջատար դիրքի հենց Մինսկի խմբի շրջանակներում»։ Նաև նաև ասել է, որ «դեռևս մենք ունենք բավականին ամուր փաստարկ։ Այն կապված է ազգերի ինքնորոշման իրավունքի հետ»։

- Դե, առաջին հերթին Մինսկի խումբը հաշտվում է այն բանի հետ, որ Ղարաբաղում ռուս խաղաղապահներ են հայտնվել։ Սկզբունքորեն, սակայն, Ռուսաստանը որևէ առաջատար դիրք չունի Մինսկի խմբում։ Ավելին, Մինսկի խումբը ֆորմալ կերպով  վերջին ժամանակաշրջանում հաջողությամբ վերադարձել է ղարաբաղյան խնդրի համածիր։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանը գիտակցաբար հավասարակշռել է իր խաղաղապահների գործոնը Մինսկի խմբի գործոնի հետ։ Բայց սա չի նշանակում, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ առաջնորդում է Մինսկի խմբում, այդպես չէ։

- Իսկ հնարավո՞ր է Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի օգնությամբ Բաքվին բերել բանակցությունների սեղան։

- Հնարավոր չէ։ Իսկ հիմա գխավոր հարցը բանակցությունները չէ։ Հիմա ամենագլխավոր, կենտրոնական հարցն այն է, որ արդեն 5-րդ տարում կավարտվի Ղարաբաղում ռուսական խաղաղապահների մնալու 5-ամյա ժամկետը։ Դա նշանակում է, որ եթե Ադրբեջանը ցանկանա, կդադարեցնի նրանց մանդատը։ Եթե խոսենք Ղարաբաղում գլխավոր հարցից, ապա դա խաղաղապաներին պահպանելն է․ դա նվազագույն հարցն է։ Որովհետև եթե այնտեղ խաղաղապահներ չլինեն, այնտեղ չի լինի հայ բնակչություն, և համապատասխանաբար չի լինի հայկական Ղարաբաղը։ Իսկ բանակցությունները․․․ Հաջող են, ինչպես գիտեք, միայն այն բանակցությունները, որոնք վարվում են ուժի տեսանկյունից։ Հայաստանը կապիտուլյացվել է․ այն ուժ չունի հաջող բանակցությունների համար։    

- Իսկ եթե իշխանություն փոխվի, Հայաստանը կրկին ուժեղ դառնա։

- Ինչպե՞ս այն ուժեղ կդառնա։

- Դե Ռուսաստանի օգնությամբ, դաշնակիցների օգնությամբ, Ֆրանսիայի օգնությամբ։

- Ես, անձամբ ես, կցանկանայի, որ Հայաստանն ուժեղ դառնար Ֆրանսիայի օգնությամբ, որպեսզի այս բոլոր խոսակցությունները մեկընդմիշտ դադարեին։ Հայաստանը կորցրել է Ղարաբաղը, Հայաստանը հիմա ուժ չունի խոսելու ուժի դիրքից, բանակցություններ վարելու ուժի դիրքից։ Ես չգիտեմ, թե ինչի վրա են հույս դրել նրանք, ովքեր Երևանում ապավինում են դրա վրա։ Ես չգիտեմ։     

- Անդրադառնալով Քոչարյանի՝ ԼՂԻՄ սահմանների վերականգնման, Շուշիի ու Հադրութի վերադարձի մասին հայտարարությանը՝ Տեր-Պետրոսյանը դա «շատ վտանգավոր» է համարել [Հ1-ին տված հարցազրույցում, 15․06․2021]: «Նա կարող է փորձանք բերել մեր գլխին։ Ինչպե՞ս ենք Հադրութը և Շուշին վերադարձնելու: Այնտեղ ադրբեջանական զորքերն են։ Դա հնարավոր է միայն պատերազմով: Այսինքն՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանին, հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ», - ասել է նա: Ի՞նչ եք մտածում Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ։

- Ես չեմ մասնակցում նրանց ներքաղաքական բանակռվին [պոլեմիկային], բայց ես հիմքեր, հնարավորություններ չեմ տեսնում վերադարձնելու Հադրութն ու Շուշին։

- Իսկ երբ ասում է, որ հնարավոր է միայն ռազմական ճանապարհով։

- Հայաստանը չի կարող հաղթել ռազմական ճանապարհով։

- Պարոն Կոլերով, նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը բանաձև ընդունեց, որով [Ֆրանսիայի] կառավարությունը կոչ էր անում ճանաչել Լեռնային Ղարաբաղը: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում հայտարարեցին, որ «Լեռնային Ղարաբաղի անկախության միակողմանի ճանաչումը ոչ ոքի օգուտ չի բերի՝ ո՛չ Հայաստանին, ո՛չ Լեռնային Ղարաբաղին, ո՛չ Մինսկի խմբի մյուս համանախագահներին»։ Հայտարարեց Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանը Սենատում բանաձևի քննարկման ժամանակ։ Եվ այսպիսի բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին։ Ապրիլի 26-ին ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց տեղի ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ֆրանսիական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար` խոստանալով «առաջիկա օրերին» ներկայացնել «կոնկրետ նախաձեռնություններ այս ուղղությամբ»: Այս կապակցությամբ ի՞նչ կասեք։

- Ես ցանկանում եմ ասել, որ առանց Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման, ցանկացած այլ պետության կողմից Ղարաբաղի ցանկացած ճանաչում չունի որևէ նշանակություն։ Չուներ, նախկինում։ Իսկ հիմա նաև ԼՂՀ-ի ամբողջական տարածքն էլ չկա։ Հիմա ԼՂՀ-ն գոյություն ունի միայն ռուսական խաղաղապահների շնորհիվ։ Եվ տարածքի կարգավիճակի մասին կարող է խոսք գնալ այնտեղ ռուսական խաղաղապահների ներկայության պահին։ Վերջ, Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը որևէ քաղաքական նշանակություն չունի։ Ուշ է, ուշ։ Ավելի վաղ էր պետք անել։

- Իսկ ի՞նչ կասեք հակամարտության կարգավորման ուղղությամբ «կոնկրետ նախաձեռնությունների» վերաբերյալ։ Սա ի՞նչ է կարող նշանակել։

- «Կոնկրետ նախաձեռնություններ»-ն ուղղակի հռետորաբանություն է, հասկանո՞ւմ եք։ Հարց համար 1՝ կմնա՞ն այնտեղ խաղաղապահներ, թե՞ ոչ։ Հարց համար 2՝ ինչպե՞ս է Ղարաբաղի տեղական վարչությունը լեգիտիմացվելու, ի՞նչ տեսքով է այն հավանություն ստանալու կարգավորման բոլոր երկրների կողմից։ Վերջ։ Ղարաբաղը որպես սուբյեկտ կարող է պահպանվել միայն Ռուսաստանի խնամակալության [պրոտեկտորատ] շնորհիվ, ոչ մի այլ կերպ։ Դա պետք է հասկանալ, պետք է դրա հետ հաշտվել և պետք է դրան ձգտել։ Քանի որ երաշխիքը, որ այն [Արցախը] կպահպանվի 5 տարի հետո, որևէ կերպ չկա։  

- Իսկ եթե համեմատենք Ղրիմում իրավիճակի հետ, երբ ինքնորոշմամբ Ղրիմը հեռացավ Ուկրաինայից։

- Ղարաբաղում արդեն համեմատել են սեփական վիճակը Ղրիմի հետ։ Բայց․․․ Ղրիմում ինքնորոշում տեղի ունացավ․ այն պաշտպանվեց ռուսական բանակի ուժով։ Ղարաբաղում նույնպես ինքնորոշում տեղի ունեցավ․ այն նույնպես պաշտպանվեց, նրա արդյունքները նույնպես պաշտպանվեցին հայկական բանակի ուժերով։ Հայկական բանակը կապիտուլյացվել է, ուստի որևէ անալոգիա այլևս չկա։

- Այսինքն՝ մենք միայն կարող ենք հաղթել ռազմակա՞ն ճանապարհով։

- Դուք չեք կարող հաղթել ռազմական ճանապարհով։ Երեկ կնքված Շուշիի հռչակագիրը որերոդ անգամ հաստատեց Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական դաշնակցությունը։ Եվ հիմա եթե Հայաստանը սկսի ազատագրել Ղարաբաղը, այն [Հայաստանը] Թուրքիայի կողմից կստանա թիկունքից հարված։ Եվ նրան Հայաստանը չի կարող հաստատ հաղթել։ Ես կարծում եմ, որ Թուրքիային հերիքում է խելքը չհարձակվել ռուսական ռազմաբազայի վրա, բայց դա առավելագույնն է, որ կարող ենք ցանկանալ։ Պետք է հասկանալ և ընդունել՝ Հայաստանը պարտվել է։ Հաջորդը՝ ինչպե՞ս ապրել հետագայում։ Հայաստանը կորցրել է Ղարաբաղը։ Ինչպե՞ս ապրել հետագայում։ Ես պատկերացումներ ունեմ, որ Հայաստանում հնչել են որոշ ակտիվ ձայներ այն մասին, որ Հայաստանը Բելառուսի նմանությամբ պետք է միութենական պետության մեջ մտնի Ռուսաստանի հետ։ Այդ առիթով ես ուզում եմ ասել, որ ժամանակը բաց է թողնվել այստեղ նույնպես։ Ռուսաստանում կոնսենսուս չկա Հայաստանի հետ միութենական պետության մեջ մտնելու վերաբերյալ։ Նույնսիկ եթե Հայաստանը 100 տոկոսով քվեարկի միութենական պետության օգտին, Ռուսաստանում չեն ընդունի նույնպիսի հասկացումը։

- Ինչո՞ւ եք այդպես մտածում։

- Որովհետև Հայաստանը Ռուսաստանի համար շատ հեռու է։ Ռուսաստանի ցանկացած շարքային քաղաքացի տեսնում է և գիտի, որ Ռուսաստանում հայերն ավելի շատ են, քան Հայաստանում։ Նրանք [ՌԴ քաղաքացիները] հայերի հետ խնդիր չունեն, ուստի նրանք չեն հասկանում Հայաստանի՝ որպես պետության հետ կապված խնդիրը: Ի՞նչ խնդիր․ եկեք մեզ հետ ապրեք, այս է ամբողջ խնդիրը։ Եվ Հայաստանը դեռ ստիպված կլինի ձգտել համոզել Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը մտնի միութենական պետության մեջ։ Իսկ Ռուսաստանում այս հարցով կոնսենսուս չկա։ Նախևառաջ այն պատճառով, ինչպես մենք լավ գիտենք, հայերը Ռուսաստանում մեծամասամբ ապրում են երկու տան հաշվով՝ ընտանիք Ռուսաստանում, ընտանիք Հայաստանում։ Եվ ռուսները դա հասկանում են։ Բառացիորեն երեկ ես խոսում է մի մարդու հետ, ով գնացել է Ռուսաստանի ամենախուլ հյուսիսային շրջաններ, Մոսկվայից հյուսիս։ Նա հետաքրքրվածությամբ ասաց, որ ամենախուլ շրջանում կա հայկական բիզնես, լավ աշխատում են։ Վերջ, գնացքը գնացել է, դուք պետք է հենց սա հասկանաք։ Եվ ոչ թե ուտոպիստական ծրագրեր կառուցեք Ղարաբաղի՝ ռազմական ազատագրման վերաբերյալ։ Այն չի լինի։

- Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, ով կապ ունի ռուսական խաղապահների հետ, նույնպես վստահորեն հայտարարում էր, որ հնարավոր է վերականգնել ԼՂԻՄ սահմանները։

- Նա սխալվում է։ Ահա այսպես։ Հայաստանում պետք է արդեն ինքներդ ձեզ ճշմարտությունն ասեք՝ թե՛ դասալիքների մասին, թե՛ վերջին պատերազմի ժամանակ բազմաթիվ խայտառակությունների մասին։ Եվ այն մասին, թե ինչպես համարյա առանց պայքարի հանձնվեց Հադրութը, թե ինչպես գրեթե առանց պայքարի հանձնվեց Շուշին։ Դա չկա։ Քանի դեռ այդ խոսակցությունը չկա, ամեն ինչ ուտոպիա է։     

- Ի՞նչ եք մտածում, Ռուսաստանն ինչպե՞ս է վերաբերվում Քոչարյանին։

- Ռուսաստանն առաջնայնորեն է վերաբերվում Հայաստանին։ Եվ հենց այդ պատճառով է Ռուսաստանն առաջնայնորեն վերականգել սերտ հարաբերությունները Հայաստանի հետ նույնիսկ Փաշինյանի՝ իշխանություն գալուց հետո։ Ով [Փաշինյանը] իշխանության էր գալիս ռուսատյաց լոզունգների և ռուսատյաց ծրագրերի վրա։ Բայց Ռուսաստանն աջակցեց Հայաստանին։ Եթե դուք մտածում եք՝ Քոչարյանի առանձնահատուկ սիմպատիան, առանձնահատուկ հարաբերությունները Պուտինի հետ կօգնեն Հայաստանին վերագրավել Ղարաբաղը, դուք սխալվում եք։

- Ռուսաստանից կարելի՞ է ակնկալել դիվանագիտական օգնություն հայ-ռուսական վստահելի հարաբերությունների հաստատման պարագայում։

- Ի՞նչ տեսակի դիվանագիտական օգնության։

- Դե, ամեն հնարավոր, այսպես ասենք։

- Բայց հիմա դուք արդեն ամբողջն ունեք: Ուղղակի ձեզ՝ Երևանում ապրողներիդ համար, կարևոր է հասկանալ, պետք է շատ լավ հասկանաք, որ Ֆրանսիայի օգտին Փաշինյանի իշխանության ինտրիգներն այստեղ շատ լավ տեսանելի են։ Հիմարներ չկան։ Փաշինյանի շրջապատից տարածվող տեղեկատվությունն այն մասին, որ Հայաստանը կարող է փոխարինել իր դաշնակցին, գործընկերոջը՝ Ռուսաստանին Ֆրանսիայի հետ, մենք լսում ենք։ Մենք նրանց տեսնում ենք, մենք նրանց մասին գիտենք։ Ահա սա պետք է հասկանալ։  Ռուսաստանի հետ առևտուր անել չի հաջողվի։ Ռուսաստանն ընդհանրապես հրաշք է գործել՝ բերել է իր խաղաղապահներին։ Այդ հրաշքը պետք է պահպանել։ Մնացածը բոլորը երկրորդական է։