Քոմենթչիների դեմ պայքարում հաղթում է լրագրությունը

Քոմենթչիների դեմ պայքարում հաղթում է լրագրությունը

Մեր կայքում եւ ֆեյսբուքյան էջում օրական հարյուրավոր մեկնաբանություններ են գրվում։ Ֆեյսբուքում՝ ավելի շատ, քան կայքում։ Այնպես, որ ֆեյսբուքյան քոմենթները մոդերացիա անելու համար մեր խմբագրակազմին համարժեք մի աշխատակազմ էլ պետք է ներգրավվի, որ հասցնենք այդ ծավալի գրառումները կարդալ եւ ջնջել։ Ուստի՝ հեռացնում ենք միայն այն գրառումները, երբ մեզ դիմում եմ մարդիկ՝ խնդրելով հեռացնել «Հրապարակի» ՖԲ էջից ատելություն, հայհոյանք, ցինիզմ կամ վիրավորանք պարունակող կոնկրետ տեքստերը։

hraparak.am կայքի նյութերի տակ արված գրառումներին ավելի ուշադիր ենք՝ գոնե օրական մեկ անգամ «անցնում ենք» դրանց վրայով եւ մաքրում անպարկեշտ գրությունները, հայհոյանքն ու վիրավորանքը։ Ըստ այդմ, որոշ դիտարկումներ ենք արել, որոնց մասին ուզում ենք պատմել ընթերցողին։

Մեր նյութերի տակ գրառումների հնարավորություն կայքում ստեղծել ենք թերեւս մոտ 8-9 տարի առաջ։ Նպատակը ընթերցողի հետ ինտերակտիվ կապի մեջ լինելն է, նրա կարծիքը, պահանջներն ուսումնասիրելը։ Անցյալում էլ ունեցել ենք բուռն արձագանքի արժանացած հոդվածներ, երբ կազմակերպված ձեւով ինչ-որ անձինք արձագանքել են մեր հրապարակմանը եւ փորձել են նսեմացնել մեր խոսքը, հերքել ինչ-որ բան, վարկաբեկել նյութի հեղինակին կամ խմբագրությանը։ Նման բախումներ ժամանակին ունեցել ենք ոստիկանության, ՊՆ-ի հետ, կուսակցություններից ԲՀԿ-ականներն էին շատ սուր արձագանքում մեր հրապարակումներին։ Անհատ անձանց հետ էլ ենք ունեցել նման միջադեպեր, օրինակ՝ ոստիկանապետի կամ նախագահի թիկնազորի պետերի հետ է եղել մինի-պատերազմ․ հիշում եմ՝ «Գրանդ քենդիի» մասին գրված մի նյութ էր կոլեկտիվի «կոլեկտիվ վրդովմունքին» արժանացել եւ այլն։ 

Բայց նման քոմենթային պատերազմներ ու ագրեսիվ պահվածք ընթերցողները սկսեցին դրսեւորել հատկապես 2018-ի հեղափոխությունից հետո։ Սկզբում մեզ թվում էր՝ ապրիլյան էմոցիոնալ պոռթկումը կանցնի, կխաղաղվեն, այլեւս չեն հայհոյի ու վիրավորի նրանց, ում հետ համաձայն չեն, սակայն, պարզվեց, սխալվում էինք։ Այդ ալիքը հանդարտեցնելու համար իշխանությունը ոչինչ չարեց, ավելին՝ ինքն իր խոսքով ու պահվածքով թեժացրեց այն եւ հիմա այն ուղղվում է ոչ միայն իրենց թշնամիների, այլ նաեւ հենց իրենց դեմ։

Վերադառնանք մեր «քոմենթչիներին»։ Եվ այսպես․ ամենագռեհիկ բառապաշարով եւ վիրավորական արտահայտություններով արտահայտվողները լատինատառ գրող քոմենթչիներն են, որոնց գրած տեքստերից հաճախ չի էլ հասկացվում, թե ինչ են ուզեցել ասել։ Դրանք հիմնականում ֆեյք պրոֆիլներ են՝ Karen Enokian, Koryun Garbrielyan, Gneus Pompeus, Shax Grant, Razmik Hakobyan, Hovanes Arapshian, Hayri Shax, Svetlana Delmas եւ այլն, եւ այլն: Գրում են, որպես կանոն, տգեղ, հայհոյախառն լեքսիկոնով, անպայման վիրավորում են հեղինակին կամ հարցազրույց տվող անձին։ Նրանցից մի քանիսը «մասնագիտացած» են բացառապես հանրապետականների եւ նախկին պաշտոնյաների վրա։ Հատկապես հրահանգված հայհոյում են Էդուարդ Շարմազանովին, Արմեն Աշոտյանին եւ Արփինե Հովհաննիսյանին։ Կնոջ պրոֆիլով մեկը՝ Nvera Galstyan, շարունակ նույն արտահայտությունն է գրում՝ «ՀՀԿ ախոռի դռները հավերժ փակված են», եւ կատաղությամբ քոմենթում է Ռոբերտ Քոչարյանի ու նրա որդիների հետ կապված ցանկացած հրապարակում։ Իհարկե, կան նաեւ հականիկոլական «քֆուրչիներ»՝ Hay Qristonya, Rubik Njdeh, որոնք սեռական հայհոյանքներ են գրում հատկապես Փաշինյանի հասցեին, որոնք, բնականաբար, հեռացվում են։
Մեծ թիվ են կազմում այն քոմենթչիները, որոնք հաճույք են ստանում լրագրողներին եւ կոնկրետ հոդվածի հեղինակին վիրավորելուց։

Նրանք ստանդարտ «քֆուրների» փաթեթ ունեն՝ ուղղված լրագրողներին, եթե անգամ լրագրողը բացառապես սղագրել է որեւէ մեկի խոսքը՝ առանց մի տող անգամ իր կողմից գրելու։ Կամ գրում են՝ պիցցայակերներ, փող եք վերցրել։ Օրինակ, Sergey Minasyan անունով կեղծ օգտատերը ցանկացած գրառում ավարտում է «մանաթ, մանաթ, մանաթ․․․» բառերով, ինչին կարելի է, անշուշտ, պատասխանել իր սիրելի վարչապետի բառերով՝ սեփական փչացածության պրիզմայով աշխարհն ընկալելու մասին։ Կան քոմենթ գրողներ, որոնք նույն քոմենթը, որպես եզակի մտքի գոհար, քոփի են անում եւ տեղադրում շատ նյութերի տակ՝ կարեւոր չէ, թե ինչի մասին է հոդվածը։ Կան պրոֆիլներ, որոնք ունեն անձնական թիրախներ։ Օրինակ, մի օգտատեր շարունակ հայհոյում է Գեւորգ Կոստանյանին, մեկ ուրիշը՝ Ռուբեն Մելիքյանին։ Եվ զգացվում է, որ դա անձնական վրեժի ու մաղձի հողի վրա է։ Բնականաբար՝ այդ բոլոր գրառումները հեռացվում են։

Երբ զգուշացումներից հետո տվյալ օգտատիրոջն արգելափակում ենք, սկսում է բողոքել, թե՝ բա ասում էիք խոսքի ազատություն եւ այլն։ Սակայն խոսքի ազատությունը լպիրշ բառապաշարը չէ, ոչ էլ լրագրողների ու լրագրության նկատմամբ անհարգալից վերաբերմունքը։ Նրանք, ովքեր համարում են, որ մենք «ծախված ենք, փողի դիմաց» ինչ-որ բան ենք գրում, անկողմնակալ չենք, լավ չենք կատարում մեր լրագրողական պարտքը, զարմանալի է, թե ինչու են շարունակում կարդալ մեզ, եւ ավելին՝ այդքան ժամանակ ու էներգիա են ծախսում մեկնաբանություններ գրելու վրա։ Լավագույն մերժումը չկարդալն է։ Մինչդեռ վերջին 4 ամսում մեր կայքին հետեւողների թիվը 50 հազարով աճել է, ինչը մեր աշխատանքի լավագույն գնահատականն է։

Ի դեպ, արգելափակելն էլ, պարզվում է, հարցի լուծում չէ՝ մի պրոֆիլն արգելափակում ես, բացում է նորը։ Լեքսիկոնից եւ ուղղագրությունից անմիջապես հասկացվում է, որ սա այն նույն անձն է, որին մի քանի օր առաջ արգելել են զազրախոսել մեր էջերում։ Այնպես որ, պետք է ավանդույթները փոխվեն, եւ հայհոյանք ու ագրեսիա տարածողները, մեզ ատող-արհամարհողները հասկանան՝ մենք շարունակելու ենք մեր գործը, անգամ եթե իրենք տասնապատկեն իրենց եռանդը եւ ավելի մեծ գումարներ ծախսեն մեր նյութերի տակ քոմենթ գրողների բանակներ պահելու համար։