Չարյաց փոքրագույնը

Չարյաց փոքրագույնը

Քաղաքականությունը բարդ բան է` գիտելիքներ, փորձ, հմտություններ, ճկունություն եւ շրջահայացություն պահանջող: Այս ոլորտում հաջողում են միայն ինտելեկտուալ տեսակները, որոնք նաեւ ունակ են կոմպրոմիսների գնալ եւ իրենց սխալները խոստովանել-շտկել: Երբ կողքից հետեւում ես մեր քաղաքական դաշտին, ակնհայտ է դառնում, որ մեր քաղաքական գործիչները շատ հեռու են այս էտալոնային պահանջներից: Նրանցից շատերը փորձի ու գիտելիքների պակաս ունեն, ճկուն չեն, ունակ չեն իրենց սխալները գիտակցելու, չեն կարողանում կարեւորը երկրորդականից զատել, կոմպրոմիսների գնալ: Դրանից էլ՝ այն ողբերգությունն ու վակուումը, որն առկա է երկրում․ լիակատար ձախողված իշխանություն, այս պատուհասներին հեռացնելու անընդունակ ընդդիմություն, միջանձնային եւ միջկուսակցական գզվռտոցներ եւ ոչ մի խելամիտ քայլ, որը կփոխի իրավիճակը:

Ինչո՞ւ այս հսկա երկրում, հնամենի ու ստեղագործ մեր ժողովրդի «արգանդից» նոր, խելացի, հմուտ լիդերներ չեն ծնվում, իսկ եղած լիդերները չեն կարողանում առաջ գնալ, կայանալ, հանրային վստահություն ձեռք բերել: Չէ՞ որ իշխանափոխության հիմնական խոչընդոտը հենց լիդերի բացակայությունն է, որը մեր ընդդիմությունը ոչ մի կերպ չի կարողանում լուծել: Ի վերջո, տիեզերքից լիդերներ չեն ընկնելու, ոչ էլ պետք է ակնկալել, որ այդ լիդերները կլինեն էտալոնային եւ մեր բոլոր պահանջներին բավարարող: Ո՞վ կարող էր ամիսներ առաջ կանխատեսել, որ Վարդան Ղուկասյանը կարող է հանրապետության երկրորդ քաղաքի ղեկավարը դառնալ: Պարզ է, որ նրան ընտրողների մեծ մասն էլ կնախընտրեր, որ նրա փոխարեն մեկ այլ` արատավոր անցյալ չունեցող անձ հայտնված լիներ: Բայց գյումրեցիները գնացին չարյաց փոքրագույնի, կոմպրոմիսների ճանապարհով: Երեւանն էլ պետք է հետեւի այդ օրինակին: