Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել

Ադրբեջանը նպատակ ունի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնել

Արցախի Աժ նախագահ Արթուր Թովմասյանը դատապարտել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից երեկ Մարտակերտում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Արամ Տեփնանցի սպանությունը։ Ինչպես տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը, ԱԺ նախագահի հայտարարությունում ասվում է․

«Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։

Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։

Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է այցելել Երևան, Բաքու, այդ թվում նաև՝ Ստեփանակերտ։

Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որով  նա փորձում է չեզոքացնել նաև ՌԴ խաղաղապահ ուժերի առաքելությունը։

Նման սադրիչ գործողությունները պետք է անհանգստացնի ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԵԱՀԿ Միսկի խմբի համանախագահող երկրներին՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային։

Կոչ ենք անում ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահներին համապատասխան մեխանիզմներ մշակել՝ ագրեսիայի հեղինակներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու ու հրադադարի հետագա խախտումները  կանխելու ուղղությամբ։