ԵԽ զեկուցողներն այդքան էլ ահավոր չեն համարում մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումները 

ԵԽ զեկուցողներն այդքան էլ ահավոր չեն համարում մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումները 

Ներկայացրել էինք, որ ԵԽ Հայաստանի հարցով համազեկուցողներ Կիմո Կիլյունենը եւ շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգը, որոնք օրերս ավարտեցին Հայաստան կատարած երկօրյա պաշտոնական այցը, մեր երկրի վերաբերյալ զեկույցից առաջ տարածել են մի հայտարարություն, որի շեշտադրումներից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ ԵԽ պատվիրակների ապագա զեկույցը Հայաստանի մասին լինելու է հանրահայտ «Լայն փակված աչքերով» ֆիլմի վերնագրի մոտիվներով։ Որ Հայաստանում քաղաքական ճգնաժամը հաղթահարվել է ժողովրդավարական արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որ ինստիտուցիոնալ կառույցների միջև բալանսը և զսպումների ու հակակշիռների մեխանիզմներն առկա են, որ Հայաստանի ժողովրդի և իշխանությունների վստահությունը դատական համակարգի նկատմամբ ցածր է, որ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո բախվում են աննախադեպ չափերի հասնող ապատեղեկատվության ու ատելության խոսքի և այլն։

«Հրապարակի» զրույցը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանի հետ։

-Ի՞նչ կարող եք արձանագրել համազեկուցողների այս զեկույցի վերաբերյալ։

-Վերջերս Հայաստանում էր նախարարների կոմիտեի պատվիրակությունը, որը, ինչպես գիտեք, չէր հանդիպել ընդդիմադիր ոչ մի գործչի հետ։ Եվ փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ այս ԵԽԽՎ պատվիրակության հանդիպումներն ապարդյուն են անցել, որովհետև ընդդիմության բարձրաձայնած ոչ մի խնդիր նշված նյութում ներկայացված չէ։ Փաստացի, զեկուցողներն այդքան էլ ահավոր չեն համարում մամուլի նկատմամբ իրականացվող ճնշումները, ԱԺ շենքում մամուլի աշխատանքների և մամուլի նկատմամբ այլ սահմանափակումները, Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները՝ կապված վիրավորանքի տխրահռչակ օրենքի հետ։ Այսինքն՝ այն գնահատականը, որ իրենք տալիս են, չափից դուրս մեղմ է, եթե չասենք՝ գնահատականի առհասարակ բացակայություն է։   

-Ավելին՝ այդ տխրահռչակ օրենքի ընդունմանը բացատրություն է բերվում, որ իշխանությունները բախվում են ատելության խոսքի աննախադեպ ծավալի հետ։

-Վիրավորանքի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը որևէ աղերս չի կարող ունենալ ոչ դեզինֆորմացիայի, ոչ ազգային անվտանգության տեսանկյունից ինֆորմացիոն հոսքերի կառավարման հետ, որովհետև խոսքն անհատ քաղաքական գործիչների վիրավորանքների մասին է։ Որևէ կերպ նշված չէ նաեւ պատգամավորների նկատմամբ երկրից ելքի սահմանափակումների մասին։ Թեպետ, հիշեցնենք, պատվիրակության ընդդիմադիր հատվածը փաստացի չմեկնեց Ստրասբուրգ՝ ի նշան Արմեն Գևորգյանին ԵԽԽՎ-ի լիագումարին մասնակցելուն թույլ չտալու բողոքի, և սա նույնպես չի արտացոլվել ներկայացված այս ինտերվյուում։ Այսինքն՝ այն, որ նշված չէ երկու կալանավորված ընդդիմադիր պատգամավորների մասին։ Նաև ոչ մի բառ այն մասին, որ ընդդիմադիր պատգամավորների՝ օրենքով սահմանված իրավունքները չեն ապահովվում հարցումների տեսքով, Տիգրան Աբրահամյանի պահանջը` մեկնել շփման գիծ, նույնպես չի բավարարվել, այնինչ իշխանական պատգամավորներին դա թույլատրվում է։ Դատական համակարգի հետ կապված․ նշված է դրա նկատմամբ հասարակության վստահության պակասը, բայց նշված չէ, որ դատավորների մակագրման համակարգը մինչև հիմա տեղի է ունենում ձեռքով, որը մեծ հետքայլ է դատական համակարգի ռեֆորմների տեսանկյունից։ Նմանօրինակ զեկույցները ոչ մի հնարավորություն չեն թողնում մեր հասարակության շրջանում եվրոպական կառույցների նկատմամբ վերաբերմունքի բարելավման, որը, նշեմ, վատթարացվել էր 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիային եվրոպական կառույցների կողմից պատշաճ և հասցեական գնահատականների, եթե չասեմ՝ բացակայությամբ։ Եվ եթե եվրոպական կառույցներն էսպես շարունակեն, ապա Հայաստանի հասարակությունը պարզապես կդադարի հույս փայփայել, որ եվրոպական կառույցներից լինելու են հասցեական և բովանդակային գնահատականներ՝ այս իշխանությունների կողմից ժողովրդավարական ռեֆորմների քողի տակ իրականացվող, փաստացի, բռնապետական ճնշումներին և երկիրը դեպի բռնապետություն տանելուն և հաճախ նաև օրենսդրական ճանապարհով։

- Արդյո՞ք սա աջակցություն է իշխանություններին։

-Ես սա գնահատում եմ որպես այն, որ հերթական անգամ ապազգային իշխանությունները կարևորում են իրենց վերարտադրումը մեր երկրի համար կենսական շահերից։ Այսինքն՝ փոխանակ լոբբինգ անեն, որ եվրոպական կառույցներն ավելի կոշտ հայտարարություններ տարածեն՝ կապված թշնամի երկրի պահվածքի հետ, իրենք իրենց ողջ կապիտալը ծախսում են նրա վրա, որ իրենց համար հաճելի, իրենց համար անվտանգ զեկույցներ հրապարակվեն։

-Այսինքն՝ խաբվա՞ծ են համազեկուցողները, թե՞ չեն ուզեցել լսել ճշմարտությունը։

-Համազեկուցողները լսել են ճշմարտությունը մի շարք ընդդիմադիր պատգամավորների կողմից, այդ թվում նաև՝ ինձնից, Աննա Մկրտչյանից, Արամ Վարդևանյանից, Արմեն Ռուստամյանից, Արմեն Գևորգյանից, Սեյրան Օհանյանից և այլ անձանցից։ Իսկ թե ինչու այն չի ներառվել, պիտի հարցնեք համազեկուցողներից։