Ներքին լսարանի համար՝ Ալիևի մասին ասմունք, դրսում՝ խոնարհ համաձայնություն

Ներքին լսարանի համար՝ Ալիևի մասին ասմունք, դրսում՝ խոնարհ համաձայնություն

Հայաստանյան ներքին լսարանի համար Նիկոլ Փաշինյանը Ալիևի մասին բանաստեղծություն է «ասմունքում», իսկ դրսի համար հավանություն է տալիս ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ապրիլի 29-30-ը Կազանում նախատեսված նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցությանը։ Այս տեղեկությունը մենք իմացանք ռուսական լրատվամիջոցներից, իսկ պաշտոնական Երևանը չի մեկնաբանում։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ի պատասխան հարցի՝ իրականությանը դա համապատասխանո՞ւմ է և եթե՝ այո, ապա ինչո՞ւ էր նախորդ անգամ՝ հենց Փաշինյանի օրոք վետո դրվել Ադրբեջանի մասնակցության վրա, խորհուրդ տվեց դիմել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Իսկ 2018-ի ամռանն Աննա Նաղդալյանը չէր խուսափում այդ հարցից և ասուլիսում հայտարարել էր․ Եթե դիտարկվի ՀԱՊԿ-ին Ադբերջանի անդամակցության հարցը, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը։ «Վերլուծական շրջանակներում քննարկումներ իսկապես տեղի են ունենում, բայց դրանք իրականացվում են ինչ-որ ենթադրյալ տեղեկատվության հիման վրա: Բարձրաձայնեմ ԱԳՆ պաշտոնական դիրքորոշումը՝ եթե նման հարց դիտարկվի, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը»,- այն ժամանակ ասել էր Նաղդալյանը:

Ինչևէ, հետևեցինք նրա խորհրդին և զանգահարեցինք Մհեր Գրիգորյանի գրասենյակ։ Գրիգորյանի խորհրդական Ռուզաննա Վարդանյանն ասաց․ «Որևիցե տեղեկատվություն չեմ կարող հայտնել։ Ցավոք։ Զանգահարեք արտաքին կապերի վարչություն՝ գուցե այնտեղ իմանան»։ Այդ վարչությունից Հրաչյա Թաշչյանն առաջարկեց զանգահարել վարչապետի գրասենյակ, ու վերջում ասաց․ «Բայց էդպիսի բան չկա»։ Եթե Հայաստանը օգտվեր կամ օգտվի  վետոյի իր իրավունքից, ապա Ադրբեջանը չէր մասնակցի կամ չի մասնակցի։

Ռուսաստանցի հրապարակախոս, վերլուծաբան Վադիմ Դուբնովը ասաց, որ Ադրբեջանի մասնակցությունը թերևս պետք է ոչ այնքան Ադրբեջանին,որքան Ռուսաստանին։
«Եվ կարծում եմ՝ Ռուսաստանը հիմա այդ ակտիվները ձգելու է իր տակ՝ եվրասիական ինտեգրման գործունեության անվան տակ և հաշվի առնելով հարցի PR կողմին, սա բավական թանկ  հաճույք է և ՌԴ-ն ամեն բան կանի  Ադրբեջանի մասնակցությունն ի ցույց դնելու համար։ Իսկ Ադրբեջանի ինքնին մասնակցությունը այդ ձևաչափին, ըստ իս, իր համար ոչինչ չի արժենա։ Սա բացարձակապես իմիջային քայլ է և կարծում եմ՝ ներկա իրավիճակում Ադրբեջանը լիարժեք կարող է իրեն նման բան թույլ տալ։  Մանավանդ, որ ոչնչով իրեն ռիսկի տակ չի դնում։ Կմասնակցի, ի՞նչ է եղել, քայլ անելով Մոսկվայի ուղղությամբ։ Իսկ Մոսկվան էլ կարող է համառորեն խնդրել այդ վարչապետին, որը հիմա ի վիճակի չէ ոչնչում մերժել։ Այսինքն՝ սա այն հարցը չէ, որում թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը կարող են համառություն ցուցաբերել»։

Մինչդեռ փորձագետներն ասում են, որ ԵԱՏՄ-ին դիտորդի կարգավիճակով մասնակցելը ձեռնտու է Ադրբեջանին, որը ցանկանում է եվրաինտեգրման անվան տակ արեւելքից, մասնավորապես Չինաստանից առանց մաքսային տոկոսադրույքների ներկրումներ իրականացնել եւ մտնել ռուսական շուկա՝ առանց սահմանափակումների, արտոնյալ կարգավիճակով։ Դուբնովին այս վարկածը ծանոթ է՝ ասաց․ «Սա շատ հեռավոր հեռանկար է, չեմ կարծում, որ հիմա նման հարցեր են քննարկվում, հիմա բացառապես քննարկվում են խնդրի ներկայացուցչական կողմին վերաբերող հարցեր»։