Ումի՞ց է իրականում կախված դատարանը. ժողովու՞րդ, կառավարությո՞ւն, թե՞ անհայտ ուժեր

 Ումի՞ց է իրականում կախված դատարանը. ժողովու՞րդ, կառավարությո՞ւն, թե՞ անհայտ ուժեր

Դատական համակարգի անկախությունը շարունակում է մնալ որպես հիմնարար խնդիր Հայաստանի պետական կառավարման համակարգում։ Այս հարցը դարձյալ ընդգծվել է այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանում անցկացվող «Արդարադատությունը որպես արդարության հասնելու գործիք» համաժողովի ընթացքում, որտեղ հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում վարչապետը շեշտել է, որ երբ խոսքը գնում է դատարանների անկախության մասին, առաջին հերթին նկատի է առնվում անկախությունը կառավարությունից և քաղաքական իշխանությունից։ Սակայն նրա խոսքով, կարևորվում է նաև հարցը՝ արդյոք պետական իշխանություններից ազատված դատական համակարգը չի կարող կախված լինել որևէ այլ ուժից։

Վարչապետը բարձրացրել է հարց՝ արդյոք մենք ունենք վստահության մեխանիզմ, որը երաշխավորում է, որ դատարանները ոչ միայն անկախ են գործադիր իշխանությունից, այլև որևէ այլ ազդեցությունից զերծ են։ Միաժամանակ, նա անդրադարձավ նաև ժողովրդի դերին՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության միակ աղբյուրը ժողովուրդն է, ուստի հենց ժողովուրդը պետք է կարողանա վերահսկել և ըմբռնել, թե ինչ է կատարվում այն հաստատությունների հետ, որոնք իր կողմից են ստեղծվել։

Վարչապետի խոսքով, ժողովրդին հասկանալի պետք է լինի՝ ինչպես են աշխատում դատական կառույցները, ինչ նպատակներ ունեն և ինչ արդյունքներ են տալիս։ Այդ հարցերի պատասխանը, ըստ նրա, կարեւոր է դատական համակարգի նկատմամբ վստահության ձևավորման և ամրապնդման համար։