Դպրոցը պետք  է փլվի, նո՞ր մտածեն այս ուղղությամբ

Դպրոցը պետք  է փլվի, նո՞ր մտածեն այս ուղղությամբ

Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքի հիմնական դպորցի անմխիթար վիճակի մասին բարձրաձայնում է դպրոցի կառավարման անդամ Վանո Կարապետյանը: Ըստ նրա՝ 1936-37 թվականներին համայնքում կառուցվել է առաջին դպրոցը, որտեղ այժմ սովորում են 72 աշակերտներ: Նա դիմել է տարբեր կառույցների, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: Մեզ հետ զրույցում նշեց, որ այս տարի անգամ պատգամավոր Աննա Կոստանյան է խնդիրը բարձրաձայնել  ԱԺ-ում, եւ ՀՀ բյուջեի 2020 թվականի նախագծում առաջարկել է Լիճքի հիմնական դպրոցի մոտ 19 միլիոն դրամ արժողությամբ վերականգնումը, սակայն ստացել է
բացասական պատասխան:

Իր ֆեյսբուքյան էջում Վանո Կարապետյանը գրել էր. «Գեղարքունիքի մարզի Լիճքի հիմնական դպրոցի  վերանորոգման համար ԱԺ-ի միջոցով խնդրել էինք 2020 թվականի բյուջեից տրամադրել մոտ 19 մլն. դրամ, սակայն անհիմն պատճառաբանությամբ մերժում ստացանք...Բանից պարզվում է, որ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները ստացել են ուշադրություն՝ 113 մլն դրամի պարգևատրում»։

«Դպրոցը  շատ վատ վիճակում է գտնվում, ու նաեւ վտանգավոր է: Դպրոցը գտնվում է գյուղի մեջտեղում, այն կառուցված է եղել 215 աշակերտների համար, սակայն շենքային վատ պայմաններից պատճառով  այսօր սովորում է 72 աշակերտ: Գյուղում եւս 1 դպրոց է գործում:  Այդ դպրոցը հասնելու համար աշակերտները ոտքով 2 կմ ճանապարհ են անցնում: Թող պետությունը ուշադրություն դարձնի դպրոցի խնդրին, եթե այսպես շարունակվեց, տարեցտարի աշակերտները կկրճատվեն»: 

Համայնքի ղեկավար Գնել Գրիգորյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դպրոցի պատերը փայտից և սոլոմից են կառուցված, Սովետական Միության ժամանակ, վերանորոգվել է.«Հիմա վտանգավոր է, սեյսմակայուն չէ: Բայց ստիպված յոլա ենք տանում: Գնահատված չէ, թե դպրոցը որ աստիճանի վթարային է, փաստաթղթային ոչինչ չունենք: Աստված ոչ անի, եթե երկարաշարժ լինի, բնականաբար վտանգավոր կլինի: Գիտեմ, որ ծրագրում են ընգրկվել, այս տարի նախագծային աշխատանքները կսկսեն: Դպրոցը պետք է քանդեն, նորը կառուցեն: Հույսով ենք, որ դա կլինի»:  

Լիճքի հիմանական դպրոցը կփակվի՞, թե՞ կվերակառուցվի՝ հարց ուղղեցինք Գեղարքունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանին. «Փակման խոսք չկա, խնդիրը բավականին մեծ է՝ 1 կամ 2 միլիոնով հարցը չի լուծվի: Մեր ուշադրության կենտրոնում է ոչ միայն Լիճքի դպրոցը, այլ մարզի այն դպրոցները, որտեղ կան տարբեր խնդիրներ: 

Այս տարի մինչեւ 100 աշակերտ ունեցող դպրոցներ ենք կառուցելու 3 համայնքներում:  

Լիճքի դպրոցի համար մեծ գումար է պետք, ըստ շինարարության վարչության պետք է նոր դպրոց կառուցվի»,- ասաց վարչության պետը: Թե ե՞րբ կկառուցվի դպրոցը, վարչության պետը դժվարացավ պատասխանել:  Հուսանք՝ պարգեւվճարներ ստացող մարզպետարանի աշխատակիցներն ու մարզպետը  ականջալուր կլինեն,  դպրոցի վերակառուցման ուղղությամբ քայլեր կձեռնարկեն: