Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն

Պահանջում ենք կազմակերպել ազգային-քաղաքացիական երկխոսություն

Գործող իշխանությունն ակնհայտորեն ի զորու չէ իր ուժերով հաղթահարելու
համավարակի ահագնացող աճման հետևանքով անշեղորեն խորացող համակարգային
ճգնաժամը: Նա գահավիժող արագությամբ կորցնում է իր հեղինակությունը՝
զուգահեռաբար կորցնելով նաև իրավիճակը վերահսկելու կարողությունը:

Սթափվելու և արդյունավետ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունն ամեն
կերպով ձգտում է խուսափել պատասխանատվությունից, ինչի նպատակով այն
լղոզում է կամ ուղղակի բարդում է ժողովրդի վրա:

Բազմիցս հայտարարել ենք, որ ներկայիս իրավիճակում միակ լուծումը կարող է
լինել հասարակական-քաղաքական և մասնագիտական ներուժի համազգային
ներառականության վրա հիմնված հակաճգնաժամային անցումային կառավարումը:

Միայն այդպես հնարավոր կլինի ձևավորել ճգնաժամի հաղթահարման համար
անհրաժեշտ մասնագիտական որակ, սոցիալական կապիտալ և իշխանության աներկբա
հեղինակություն:

Ազգային-ժողովրդավարական բևեռը, հաշվի առնելով ազգի և պետականության առջև
ծառացող գոյութենական մարտահրավերները և պատրաստ լինելով ստանձնելու
քաղաքական պատասխանատվության իր բաժինը, գործող իշխանությունից պահանջում
է առողջ ուժերին և գործիչներին համախմբելու և ներառելու նպատակով
կազմակերպել ազգային-քաղաքացիական լայն երկխոսություն:

Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ