Ովքեր են պաշտոնյաների փոխկապակցված անձինք

Ովքեր են պաշտոնյաների փոխկապակցված անձինք

Էթիկայի հանձնաժողովի նախկին ղեկավար Սիրանուշ Սահակյանին հարցրինք, թե ովքե՞ր են համարվում պաշտոնատար անձանց փոխկապակցված անձինք, այդ անձանց շրջանակը ազգակացական ինչպիսի՞ կապերն է ընդգրում․

«Փոխկապակցվածության աստիճանը կանխորոշվում է օրենսդրությամբ, և այստեղ կան 2 աստիճանի սերտության մեջ գտնվող փոխկապակցված անձինք․ մեկը՝ շատ առաջնային կապի մեջ գտնվողներն են, որոնց ընդհանրապես անվանում են ընտանիքի կազմ, որը կապված է, թե ինչ երկրի հետ գործ ունենք, այդ շրջանակը կարող է տարբեր լինել։ Օրինակ՝ եվրոպական երկրներում ընտանիքը չի ներառում չափահաս երեխային, որովհետև ինքը դիտարկվում է ինքնուրույն, անկախ մարդ, և այս տեսանկյունից իրենց կապերը այնքան ուժեղ էլ չեն, որպեսզի իր անձնական ֆինանսական տեղեկատվությունը տրամադրի կամ ենթարկվի պատասխանատվության ռիսկի։ Դրա համար եվրոպական երկրները սահմանում են ընտանիքի ավելի նեղ կազմ․ ամուսնուն են ներառում, անչափահաս երեխային և առանձին բացառություններով կարող են նախատեսել ծնող, որը խնամքի կամ այլ կախվածության աստիճան ունի։ Այդ կախվածությունը կարող է լինել ֆինանսական, համատեղ կյանքի և այլն, դրանից զատ հավելյալ գործոն էլ է նախատեսվում, որպեսզի իրեն ներառեն ընտանիքի կազմ։ Ինչ վերաբերում է փոխկապակցված անձանց, ապա դրանք անձիք են, որոնք ազգակցականության որոշակի աստիճանի վրա են գտնվում, և իրենց այդ ազգակցականության ուժով պաշտոնյայի դիրքը կարող է շահ բերել այդ անձանց  և հակառակը։ Փոխկապակցվածության աստիճանը ենթադրում է նաև մորաքույր, հորեղբայր, առանձին դեպքերում կարող է հասնել մինչև իրենց զավակներին։ Դա սահմանվում է օրենսդրորեն՝ կապված նրանից, թե պետությունը ինչ խնդիր է լուծում։ Մենք «Հանրային ծառայության մասին» օրենքով ունենք դրանք սահմանումը։ Պետք է նկատի ունենալ, որ փոխկապակցվածությունը հարկային օրենսդրության տեսանկյունից կարող է այլ լինել, փողերի լվացման տեսանկյունից՝ այլ։ Հանրային ծառայության տեսանկյունից փոխկապակցված անձինք են համարվում պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, նրա կամ նրա ամուսնու զավակը, ծնողը, քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ կամ եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մերեղբոր զավակները, քրոջ կամ եղբոր, զավակի ամուսինները»,- պատասխանեց Սահակյանը։ 

Հարցրինք՝ հարկային օրենսդրության կամ մյուս դեպքերում շրջանակը՝ փոխկապակցված անձանց ավելի մեծանում, թե՞ նեղանում է․

«Հարկային օրենսդրության պարագայում փոխկապակցվածությունը ընկերությունների միջև է, և այստեղ այլ մոտեցումներ են գործում․ փողերի լվացման առումով շրջանակը ավելի նեղ է։ Քանի որ հանրային ծառայությունը օգտագործվում է 2 նպատակով՝ փոխկապակցված անձանց հայտարարագրել, որպեսզի պարզվի, թե ովքեր են այդ անձինք և հետագայում հանրային որոշումներ կայացնելիս հասկանալի լինի, թե պաշտոնյան առաջնորդվո՞ւմ է այդ անձանց շահերով։ Մեզ մոտ միտում կա, որ փոխկապակցված անձանց շրջանակը գնալով լայնաnում է, հնարավորինս շատ անձանց ներառելու տենդենցն է, կարծես թե, քաղաքականության մեջ դրված․

Քավորը կամ սանիկը կարո՞ղ է համարվել փոխկապակցված անձ՝ նկատի ունենալով, որ ոչ ազգական է, ո՛չ հարազատ․

«Մեր մենթալիտետի պայմաններում, կարծում եմ, լիարժեքորեն կարող են, բայց օրենսդրորեն դրանք նախատեսված չեն։ Օրենսդրությունը ձևակերպելիս հիմնականում հաշվի են առնում օտարերկրյա լավագույն փորձերը։ Քանի որ քավոր-սանիկ կապը այնտեղ առանձնապես ինտենսիվ չէ, և դա ավելի շատ մշակույթի և ավանդույթների հետ կապված հարց է, ուստի դասական տարբերակում գոյություն չունի։ Բայց գուցե հաշվի առնելով հայկական մշակույթը, որտեղ քավոր-սանիկ կապը լուրջ է դիտարկվում, և ավելի սերտ կապերի կարող է հանգեցնել ,քան, օրինակ, ազգակցական որոշակի աստիճանի վրա գտնվող անձանց կապը, օրենքը սահմանափակում չունի, այսինքն՝ այնպես չէ, որ չի կարող ներառվել։ Այստեղ ուղղակի պետք է գնահատել իրավիճակը»։

Ինչո՞վ է պայմանավորված փոխկապակցված անձանց շրջանակի մեծացման միտումները՝ հարցրինք Սահակյանին, դա ի՞նչ հարց է լուծում, էական նշանակություն ունի՞  կոռուպցիայի կամ հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման գործում․

« Կարծում եմ՝ այդ շրջանակի ընդլայնումը, որպեսզի պաշտոնատար անձինք իրենց սերտ կապերի մասին հայտարարեն, մեկ խնդիր իրականում կարող է լուծել․ շահերի բախման իրավիճակների կառավարումն է։ Օրինակ՝ մենք նախապես տեղյակ ենք, որ Ա անձը և Բ պաշտոնատար անձը գտնվում են ազգակցական կապի մեջ, և երբ Ա անձը դիմում է պաշտոնատար անձի, և նա պետք է որոշում կայացնի, ապա այդ տվյալների հարապարակայնացման միջոցով մենք կվերահսկենք պրոցեսներ, որպեսզի հավաստիանանք, որ որոշումը օբյեկտիվ է, շեղվող չէ, և այստեղ ոչ թե ազգականը լինելու հանգամանքն է ազդել, այլ մենք գործ ունենք հիմնավոր, օբյեկտիվ որոշումների կայացման հետ։ Բայց այն մոտեցումը, որ իրենք նշում են, որ փոխկապակցված անձանց հայտարարատու դարձնելով՝ մենք կարող ենք ապօրինի ծագում ունեցող գույքի կամ կոռուպցիայի դեմ քրեական պայքարը առավել արդյունավետ դարձնել, ապա այստեղ միջազգային պրակտիկան հակառակի մասին է խոսում։ Դրածո անձ կարող է լինել հարևանը, ազգակցական որևէ կապով չկապված մարդիկ, իրենք տարբեր շահերով կարող են միավորվել, և այստեղ խնդիրը կլուծվի ազգակցականության այդ շրջանակից դուրս։ Իրենք ինչքան էլ լայնացնեն, եթե երևույթը գոյություն ունի, ապա հաստատ գտնվելու է այդ շրջանակից դուրս այլ մարդ , որը որպես գործիք է օգտագործվելու։ Միջազգային պրակտիկայում ոչ թե արհեստականորեն այս մարդկանց բերում են քննության և մեծ ռեսուրս ծախսում, այլ ասում են, որ եթե մենք ունենք փաստական տվյալներ, որ ցանկացած անձ՝ անկախ ազգակցականությունից, դրածո անձ է, և պաշտոնատար անձի համար գործիք է դարձել՝ իր գույքը վերաձևակերպելու, նրա անունով գրաnցելու տեսանկյունից, ինքը ներառվում է քննության մեջ, փաստերը հաստատվում են՝ համապատասխան հետևանքներով»։