Գյումրիում -23 աստիճանի պայմաններում գոյատևող կինը հոսպիտալացվել է

Գյումրիում -23 աստիճանի պայմաններում գոյատևող կինը հոսպիտալացվել է

«Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանն ավելի վաղ գրառում էր կատարել և տեղեկացրել, որ  Գյումրու Բուլվարային թաղամասի Գործարանային 2 Ա շենքում գտնվող  միայնակ կինը անբուժելի հիվանդ է եւ -23 աստիճան ցրտի պայմաններում գոյատևում է առանց վառելիքի: «Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի: Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել»,-գրել էր Թումասյանը:

«Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, այցելել ենք Բուլվարային թաղամասի գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Իրավիճակից ելնելով վերջինս արագ հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ եւ գտնվում է բժիշկների հսկողության ներքո:  Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»,- տեղեկացնում է  Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը:

Վահան Թումասյանն էլ իր հերթին կրկին անդրադարձել է մարզպետի արձագանքին՝ գրելով․ « Լավ լուր ունեմ․․․
Ուրեմն, ժողովուրդ ջան, մի քիչ առաջ սոցիական կայքերում հանդիպեցի մի լավ լուրի, պարզվում է մեր այսօրվա, ծանր ու անօգնական ձմռան ցրտին օրերով չջեռուցվող մի փլատակում, անկողնուն գամված կնոջ մասին տարածած տեսանյութի հետքերով են գնացել ինչ-որ նախարարարության և մարզպետարաններից մեկի աշխատակիցները,  և անկողնային հիվանդ այս կնոջը վերջապես տեղափոխել են հիվանդանոց․․․»: