«Հրապարակ». Ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց ազգակործան պատուհասները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են

«Հրապարակ». Ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, բայց ազգակործան պատուհասները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են

Դեռեւս անցած տարեվերջին ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ Լեդի Հակոբը, ազդարարեց ժամանակին իր եւ Սասուն Միքայելյանի հիմնադրած «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպության վերակազմավորման մասին, ինչի առթիվ մեծ հավաք կազմակերպվեց Երեւանի ռեստորաններից մեկում, որին մասնակցում էին Հայաստանի գրեթե բոլոր մարզերից եկած կռվող տղերքը` մոտ 1000 մարդ, եւ իշխանության ներկայացուցիչներ։ Հավաքի մասին հաղորդագրության մեջ ասվում էր, որ ազատամարտիկների նպատակն է՝ «ամեն գնով պաշտպանել Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց», դրա համար «կազմակերպության շուրջ 3,5 հազար անդամներ լծված են կազմակերպության վերակազմավորման աշխատանքներին»։

Մենք գրել էինք, որ այս ռեստարտի իդեոլոգը Նիկոլ Փաշինյանն է, իսկ նպատակը՝ քաղաքական նոր միավորի ձեւավորումը` Լեդի Հակոբի ՀԿ-ի եւ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության շուրջ: Նոր միավորի ճարտարապետը, ըստ որոշ տեղեկությունների, ԲԴԽ ղեկավար Գագիկ Ջհանգիրյանն ու իր խնամի Խաչատուր Սուքիասյանն են, ինչպես նաեւ իշխանական պատգամավոր Նավակ ճոճողը՝ Վիլեն Գաբրիելյանը։ Նրանք են Լեդի Հակոբին համոզել, որ Հայաստանում խնդիրը դրված է այսպես՝ «եթե Նիկոլի հետ չես, ուրեմն Քոչարյանի հետ ես», իսկ քանի որ Լեդին անհաղթահարելի նեգատիվ վերաբերմունք ունի Քոչարյանի հանդեպ, համաձայնել է: Սուքիասյանն իր վրա է վերցրել կառույցի ֆինանսավորման հարցը։ Լեդիի առաջ խնդիր է դրվել՝ Սասունի «տակից հանել» կռվածներին, իշխանությունը նրանց սոցիալական որոշ հարցեր կլուծի եւ ըստ նպատակահարմարության կօգտագործի, ինչպես տարիներ շարունակ բոլոր իշխանություններն են վարվել ԵԿՄ-ի հետ։ Օգտագործվելու պահը մի քանի օր առաջ վրա հասավ։

Հակոբ Հակոբյանը Մալաթիայի ոսկու շուկայի իր աշխատակիցներին հանել էր դիմադրության շարժման մասնակիցների դեմ, որպեսզի երթ իրականացնող ցուցարարներին ամոթանք տային։ Կառույցի առաքելության  եւ աշխատակիցների պահվածքի մասին զրուցել ենք Լեդի Հակոբի հետ։

- Պարոն Հակոբյան, ամիսներ առաջ հայտարարեցիք, որ վերակազմակերպվում եք, ամեն գնով պաշտպանելու եք Հայաստանի պետականությունը ներքին եւ արտաքին թշնամուց։ Ի՞նչ են անում Ձեր կազմակերպության անդամներն այս ամիսներին՝ սահմանո՞ւմ են։

- Չէ, սահման չեն գնացել, բայց եթե պետք լինի, կգնան։

- Իսկ ինչո՞վ եք զբաղված, Ձեր կազմակերպության ռեստարտը ստացվե՞ց, ասում էին՝ ԵԿՄ-ին այլընտրանք եք ստեղծում։

- Դե, կամաց-կամաց համալրվում են, բաժիններն ենք ձեւավորում։ Մենք երկրապահի հետ խնդիր չունենք։ Երկրապահից լիքը ընկերներ ունենք․․․ Ուղղակի մենք փորձում ենք, ովքեր երկար տարի սպորտսմեն են եղել ռայոններում ու ովքեր պատերազմին մասնակցել են, իրանց ենք կանչել։ Երկրապահին այլընտրանք չի կարա լինի։

- Իսկ ո՞րն է Ձեր նպատակը, եթե այս ամիսներին սահման չեք գնացել, արտաքին թշնամիների դեմ չեք կռվել․․․

- Մեր նպատակը տղերքին՝ էս պատերազմին մասնակցած, նախկին պատերազմներին, համախմբելն ա, ոնց արեցինք տարիներ առաջ։ Փորձում ենք բոլոր տեղերում համախմբել, հավաքել իրար հետ, էս վիճակից մենակ մեր համախմբվածությունը դուրս կբերի։

- Ուզում եք կռվածներին համախմբել եւ տեղավորել իշխանության դաշտո՞ւմ։

- Անպայման, անպայման, մենք Քոչարյանին ու Սերժին հակառակ ենք, որովհետեւ էսքան տարիները՝ հոկտեմբերի 27-ից էնքան շատ են եղել, որ Երկրապահի մեջ են եղել, բայց պառակտվածություն ա մտել սաղի մեջ, հիմա էս 44-օրյա ջահելությանն էլ, սաղին ուզում ենք բերենք, որ կարանանք մեկս մեկին օգնենք համախմբվել։

- Ո՞նց եք օգնում, ի՞նչ բյուջեով, իշխանականնե՞րն են օգնում։

- Էէէ, ի՞նչ կարեւոր ա․․․ որ, ասենք, «Ոգու փորձությունը» չի եղել, մենք մեկս մյուսին չե՞նք օգնել։

- Ուզում եք կռված տղաներին բերել ձեր դաշտ, որ հնազանդեցնեք, էլ չբողոքե՞ն իշխանությունների դեմ։

- Ոչ թե իշխանություններից չբողոքեն, այլ՝ իրարից։ 30 տարի լարվածություն մտցրեցին, մաս-մաս արեցին, եկավ-հասավ էս օրին, մենակ 150 հոգի 2008-ից հետո «Ոգու փորձությունից» կալանավորեցին, մի մասը փախավ, ու սենց լիքը պրոբլեմներ։ Կամաց-կամաց էս լարվածության մթնոլորտը պիտի վերացվի, որ հետագայում կարանանք մեզ պաշտպանենք։

- Խաչատուր Սուքիասյանն ու Գագիկ Ջհանգիրյա՞նն են խորհուրդ տվել, որ գնաք նման լավ քայլի։

- Իրանք կառույցի հետ կապ չունեն, հա, իմ ընկերներն են, 2008-ից մեր կապն ավելի խորացել ա, բայց կազմակերպությունը հիմնականում մենք ենք անում։ Էդ ով որ ասում ա՝ իրանք են արել, շանտաժի են գնացել, որ կառույցը չկայանա։

- Դուք  Լեւոն Տեր-Պետրոսյանի ամենահավատարիմ զինակիցներից էիք, վերջին պատերազմից հետո նա Փաշինյանին «ազգակործան պատուհաս» անվանեց։ Առաջին նախագահի հետ համաձայն չե՞ք։

- Դե, ես հարգում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ինքը շատ հզոր քաղաքական գործիչ ա եղել, իմ առաջնորդն ա եղել, բայց ազգակործան պատուհասները Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։ Իրանք երկրի մասին մտածեին, թալանի 10-15 տոկոսը կդնեին երկրի վրա, էս վիճակը չէր լինի։ Մոռացե՞լ եք՝ Տեր-Պետրոսյանն իրանց մասին ինչ ա ասել։

- Չենք մոռացել, ուղղակի զարմանալի է, որ Քոչարյանի ու Սերժի հարցում Տեր-Պետրոսյանի հետ համաձայն եք, իսկ Նիկոլ Փաշինյանի հարցում՝ ոչ։

- Ես լավ գիտեմ, որ էս պատերազմի 99 տոկոս բեռը Քոչարյան Ռոբերտի ու Սերժ Սարգսյանի վրա ա, իրանք որ դիրքերը պատրաստեին, մենք էս խնդիրը չէինք ունենա։

- Նիկոլ Փաշինյանը մինչեւ 44-օրյա պատերազմն ասում էր, որ փակել ենք 80-ականների զենքի էջը, տավուշյան պատերազմից հետո էլ ասաց՝ ամենամարտունակ բանակն ունենք տարածաշրջանում, 70 հոգու պարգեւատրեց։

- Է, ի՞նչ կապ ունի՝ Նիկոլ Փաշինյանին դնենք մի յան, էդ Տավուշի պատերազմը դնենք մի կողմ, չմոռանանք անցած տարիները, թե ինչ ա կատարվել, բանակը չեն հզորացրել նախկինները։

- Իսկ որ ելակ էին տալիս զինվորին, բանակը հզորանո՞ւմ էր։

- Էհ, ելակը թողենք մի յան, էդ ելակը․․․ ինչքան էլ ուզում ա ելակ չտայինք, ինչեր տայինք, տարիների անցած ճանապարհը չբերենք մի մարդու վրա բարդենք, որ ինքը կապ չունի։

- Բայց եթե բանակի վիճակը ծանր էր, պետք էր նման խնդիրները լուծեին, ոչ թե ելակ տային։

- Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, թե չէ, որ անընդհատ ուզենք մեղադրենք, կմեղադրենք։

- Լավ, եկեք վերադառնանք մեր օրերը․ մի քանի օր առաջ Ձեր շուկայի աշխատակիցները Փաշինյանի հրաժարականը պահանջողների դեմ էին դուրս եկել, Դո՞ւք էիք հրահանգել, իրե՞նք են «ներքին թշնամիները», որոնց դեմ խոստացել էիք պայքարել։

- Իմ աշխատողներին ես ոչ մի բան չեմ ասել, իրանք 2008 թվից տարիներով օրուարեւ չեն տեսել՝ Հովսեփյան Աղվանն ու իր մանկլավիկներն ինչ օյին ասես՝ իրանց գլխին չեն բերել, դրա համար էլ իրանք ատելով ատում են սրանց։ Կարաք գաք ու հարցնեք, թե ինչ օրեր են անցկացրել, ինչ ակտ ասես՝ գրել են վրեքները, հարազատներին են տարել օրերով պահել, սուտկեք են տվել։ Ինչ ա որ Հակոբին են պաշտպանում, ես էլ Տեր-Պետրոսյանի կողքն էի կանգնած։ Թող 5 հազար մարդ հավաքեն, ի՞նչ պիտի անենք։ Վաղը-մյուս օր որ Փաշինյանը հրահանգավորի, 150 հազարանոց միտինգ կանեն։ Է, հետո՞, մի քանի հազար պահանջում են, պիտի հրաժարական տա՞։

- Փաշինյանը ձե՞զ հրահանգի՝ միտինգ անեք։

- Մեզ չէ, բայց որ պետք եղավ, մենք պրոբլեմ չունենք, երբ պետք եղավ, մենք իշխանությանը կպաշտպանենք, իրանք մեր ընգերներն են, մենք իրար հետ ճանապարհ ենք անցել, 2008 թվին ինձ ու իմ շատ ընկերներին գնդակահարին ու տարան ցմահ դրեցին վրեքները, դա արեց էս թիմը, որը հիմա փողոցում ա։

- Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ չի դատում այդ «հանցագործներին»։

- Ես դատավոր չեմ, էդ թողենք մի յան։

- Մի ժամանակ Նիկոլ Փաշինյանին էիք քննադատում, ո՞վ Ձեր մեջ առաջացրեց նրա նկատմամբ այս սերը։

- Ամեն ընտանիքում էլ խոսակցություն ըլնում ա, որ ինչ-որ բան խոսացել եմ, էդ չի նշանակում՝ քննադատել եմ, խոսալը հակառակ էթալը չի, մեր գործը խոսալն ա, կարող ա մի բան նկատել ենք, ասել ենք, բայց մեր քայլերի մեջ սխալ չենք արել։

- Բայց որպես կռված տղա՝ ո՞նց եք պաշտպանում մեկին, ով խոսում է Արցախի նշաձողն իջեցնելու մասին։

- Ես ըտենց բաներից գլուխ չեմ հանում։