Ծնողի գլխավոր ֆունկցիան հենց սա է

Ծնողի գլխավոր ֆունկցիան հենց սա է

Հաճախ եմ նկատում, որ ծնողներն ամեն կերպ փորձում են երեխաներին արգելել տարատեսակ էլեկտրոնային միջոցներից (համակարգիչ, հեռախոս) օգտվել։ Փորձեմ մյուս կողմից անդրադառնալ խնդրին՝ արդյոք դա ճի՞շտ է։ Մի պահ շուրջբոլորը նայենք, այսօրվա աշխարհը զարգանում է շատ ավելի արագ, քան առաջ։ Եթե 100 տարի առաջ ծնողը փոխանցում էր իր գիտելիքները երեխային, երեխան էլ՝ իր երեխային, եւ այս փորձը շատ աննշան փոփոխություններով ծառայում էր մի քանի սերնդի, մեր իրականությունում ծնողի գիտելիքը հնանում է մինչեւ երեխայի հասուն կյանք մտնելը։ Այսօրվա երիտասարդները ստիպված են սովորել ավելի արագ, քան մեր ծնողներն էին սովորում, որ մրցունակ լինեն։ Արդյունքում ծնողների գիտելիքներից միայն հուզական բաղադրիչն է փոխանցվում երեխաներին, բուն ուսումը, գիտելիքը տալիս են դպրոցները եւ բուհերը, ինչը մասնագիտություն ընտրելու ավելի լայն հնարավորություն է տալիս, քան ուներ մարդը մեկ դար առաջ, մարդն այլեւս ստիպված չէ ծնողի ուղին շարունակել։ 
21-րդ դարի երեխան հնարավորություն ունի աշխարհն ուսումնասիրել ամենափոքր տարիքից եւ ունի գրեթե անսպառ տեղեկատվությունից օգտվելու աննախադեպ միջոցներ։ Այս պարագայում մի՞թե ճիշտ է նրան այդ հնարավորությունից զրկելը։ Միգուցե մեր առաքելությունն այսուհետ միայն երեխային ճիշտ կողմնորոշե՞լն է եւ հավաստի աղբյուրներ մատնացույց անելը, ոչ թե արհեստական խոչընդոտներով առաջընթացը կանգնեցնելը։ Միգուցե այսօր չի՞ կարելի այլեւս ասել, որ այն, ինչ լավ էր մեր համար, լավ է նաեւ մեր երեխաների համար։ Միգուցե երեխայի հետ յուրացնելով այս թվային դարը՝ մենք ինքներս էլ ավելի ճկուն, ավելի առաջադեմ ենք դառնում։ Կառարկեք, որ հոգեւոր արժեքներն են կարեւոր, համաձայն եմ, բայց պատկերացնո՞ւմ եք ինչ էմոցիոնալ տրավմա է հասցվում երեխային, ում շրջապատում բոլորը հեռախոսների եւ այփադների մեջ են, իսկ ինքը երազում է եւ չունի։ 
Պատկերացնո՞ւմ եք նա ինչքան շուտ կսովորի ընկերների հեռախոսներից օգտվել եւ ձեզանից թաքցնել դա։ Եվ առհասարակ՝ ծանր կլինի այն երեխայի համար, ով չի կարողանում օգտվել համացանցից եւ ինֆորմացիա հայթայթել։ Երեխա, ով ժամանակին չի խաղացել եւ խաղի միջոցով չի յուրացրել համակարգիչը, ստիպված է ուշացումով սովորել։ Այսօր համակարգչային դարում թվային ուսումը սկսվում է առաջին դասարանից, իսկ մասնագիտություն փոխելն անհամեմատ ավելի հեշտ ու արագ պրոցես է, քան առաջ։ Սա, միանշանակ, տեղեկատվության հասանելիության արդյունք է։ Թերեւս ամենակարեւորն այն է, որ մեր երեխաների համար գաջեթներից օգտվելը վերածվում է ռեֆլեքսի, ու հենց այդ է նրանց մրցունակ դարձնում այսօրվա ու ապագայի աշխարհում։ Պետք չէ արգելել երեխաներին զարգանալ ավելի արագ, քան ժամանակին դուք եք կարողացել, ծախսեք ձեր ուժերն ու կյանքի փորձը նրանց ուղղություն եւ սոցիալական շփման ունակություններ տալու վրա, ի վերջո ծնողի գլխավոր ֆունկցիան հենց սա է։ 

Արթուր Մարտիրոսյան