Ճանաչել են «Գոլդեն փելիսում» կորոնավիրուսից մեկուսացված կնոջը

 Ճանաչել են «Գոլդեն փելիսում» կորոնավիրուսից մեկուսացված կնոջը

Մեկուսարանում գտնվող Մանվել Գրիգորյանին լուսանկարելու գործով ծառայողական քննություն էր նշանակվել Ազգային անվտանգության ծառայությունում։ Հիշում եք երևի, օգոստոսի 20-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակել էր կալանավայրում գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը, հաջորդ օրը մեծ աղմուկից հետո թերթը ջնջել էր լուսանկարը։ Նույնիսկ դատապարտվածները մասնավոր կյանքի իրավունք ունեն, և այդ իրավունքները չի կարելի խախտել։ Համարվում է իրավունքի խախտում, եթե նույնիսկ ազատազրկվածը տվել է իր համաձայնությունը լուսանկարվելուն: Երեկ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց ու հրապարակեց տեսանյութ․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված մեր հայրենակիցները Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» 5 աստղանի հյուրանոցում ապահովված են ամեն ինչով՝ ներառյալ սնունդը: Բացառված է նրանց շփումը արտաքին աշխարհի հետ։ Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է: Հյուրանոցում այլ մարդիկ չկան։ Ամենակարեւորը՝ նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա, նրանք բոլորը լավ են զգում: Սիրում ենք բոլորիդ։

Փաշինյանի գրառումից հասկանում ենք, որ այդ մարդիկ մեկուսացված են հայրենակիցներից՝ «բանտարկված Ծաղկաձորում»։ Ուշադրություն դարձրեք վարչապետի խոսքերին՝ «Նրանց հետ շփվող անձնակազմի անվտանգությունն ապահովված է»։ Այն դեպքում, երբ ասում է, որ «նրանց մոտ ոչ մի ախտանշան չկա»։

Հիմա դուք պատկերացրեք, թե ինչ է նշանակում նման մարդկանց նկարելն ու հանրությանը ներկայացնելը։ Դա այդ մարդկանց իրավունքների կոպիտ խախտում, ոտնահարում է։Կնոջը, որ նկարահանման ժամանակ ցույց էին տալիս, շատերն են ճանաչել։

Ինչպես ժամանակին «Հայկական ժամանակ» օրաթերթն էր հեռացրել Մանվել Գրիգորյանի նկարը, այսօր էլ Նիկոլ Փաշինյանն իր էջից պիտի հեռացնի այդ տեսանյութը։ Չնայած ողջ կայքերն արդեն տարածել են։

Այսօր արդեն համացանցում շատերն են գրում, որ ճանաչել են այդ կնոջը։ Ի վերջո, ո՞ր մի մայրը կկամենա, որ ամբողջ հանրապետությունով մեկ ճանաչվի որպես «Կորոնավիրուսի պատճառով մեկուսացված» անձ։ Փոքր երկիր ենք, մարդիկ ճանաչում են միմյանց ու պետք չէ ոտնահարել նրանց իրավունքները։ Մի՞թե կարելի է հանուն «ինչ որ բան ցույց տալու համար» մոռանալ մարդու մասին։