Եթե պետք լինի, նորից կհիշեցնեն, որ Փաշինյանը դավաճան է

Եթե պետք լինի, նորից կհիշեցնեն, որ Փաշինյանը դավաճան է

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մելքումյանի կարծիքով՝ իրենք ամեն ինչ արել են, որ Փաշինյանի հրաժարականին հասնեն սահմանադրական ճանապարհով, և արտահերթ ընտրությունների գնալն էլ նրանց ճնշումների արդյունքում է։

Հարցրինք նրան՝ Փաշինյանը սահմանադրական ճանապարհո՞վ հանձնեց Արցախը, որ իրենք էլ սահմանադրական ճանապարհով էին ուզում նրան հեռացնել։ Ի պատասխան՝ Մելքումյանն ասաց․ «Դրա մասին մենք մեր կարծիքն ասել ենք, ես ասում եմ՝ քարոզարշավը չպետք է գնա կեղտեր թափելու ճանապարհով»։

-Այդ դեպքում ինչո՞ւ էիք չորս ամիս շարունակ կեղտ թափում, պարոն Մելքումյան, այս չորս ամսվա ընթացքում էլ սահմանադրական եղանակով հայհոյեիք։

-Դա չի նշանակում կեղտ թափել, եթե դու դիպուկ, ճիշտ երևույթին գնահատական ես տալիս, դա չի նշանակում, որ կեղտ ենք թափել։

-Այսինքն այլևս չե՞ք ասելու, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։

-Ամեն ինչ էլ նախընտրական արշավում մարդիկ ազատ են օգտագործել։

-Պարոն Մելքումյան, իսկ Դուք պատրա՞ստ եք գնալ ընտրությունների Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում, որ ինքը լինի ԺՊ, ոչ թե ուրիշ մեկը։

-Ուրեմն, լայն առումով երկու մոտեցում կա, մեկը այն է, թե ինչ է ասում օրենքը, այսինքն՝ եթե երկու յոթօրյակ է լինում, և վարչապետ չի առաջադրվում, ուրեմն ինքնալուծարվում է։ Ինքնալուծարման դեպքում մեխանիկորեն որևէ մեկը մնում է ժամանակավոր պաշտոնակատար։ Դա քաղաքական մեծամասնության խնդիրն է՝ ինքն է մնում, մի ուրիշն է նրան փոխարինում։

-Իսկ Ձեր խնդի՞րը որն է, պարոն Մելքումյան, Ձեր խնդիրը, կարծեմ, նրան հեռացնելն ու առանց նրա ընտրության գնալն էր։

-Ուրեմն եկեք դեպքերից առաջ չանցնենք, նախևառաջ թող էդ հրաժարականը լինի, հենց որ լինի, նոր կխոսենք։

-Պարոն Մելքումյան, չե՞ք կարծում, որ Նիկոլ Փաշինյանը մատի վրա ֆռռացնում է ձեզ՝ քաղաքական ուժերիդ, և իր օրակարգում է տեղավորում ամբողջ ընդդիմադիր դաշտը։

-Ոչ, բացարձակ չեմ կարծում։

-Հիմա նորից ԲՀԿ-ին կարող են մեղադրել գործարքի գնալու և իշխանության հետ խաղեր տալու մեջ։

-Որևէ խաղեր տալու հետ կապված որևէ բան չի կարող լինել, մենք հասանք արդյունքի, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Կարող է և չլինեին։

-Բայց ոչ ձեր օրակարգով, այլ Փաշինյանի օրակարգով և նրա վարչապետությամբ։

-Դե, հիմա, էն օրակարգը, որ հիմա ձևավորվել է, մի քիչ սպասեք, համբերեք, կգա հրաժարականի պահը, մենք կտեսնենք։ Բայց ունենք էն, ինչ ունենք։

-Դուք կարծում եք՝ ԲՀԿ-ն կգա իշխանության կամ առնվազն Փաշինյանը չի՞ գա նորից իշխանության։

-Առաջ չենք անցնում, եկեք սպասենք ժողվորդի ձայնին։

-Պարոն Մելքումյան, Նիկոլ Փաշինյանը շարունակո՞ւմ է համարվել դավաճան։

-(Բարձր ծիծաղում է) Ես անձամբ իմ կարծիքները, ինչ որ հնչեցրել եմ, դրանցում որևէ բան չի փոխվել։

-Այսինքն՝ դավաճա՞ն է։

-Ես ինչ հնչեցրել եմ, ուժի մեջ է։

-Այսինքն՝ նորի՞ց եք կրկնելու, որ Փաշինյանը դավաճան է։

-Եթե պետք լինի, ըստ անհրաժեշտության՝ այո։