Պատրաստ ենք ստանձնել միջնորդի դերը

Պատրաստ ենք ստանձնել միջնորդի դերը

Հայ Կառուցողական կուսակցության գլխավոր խորհրդի հայտարարությունը

 Հայրենակիցներ,

 ի պատասխան 1988թ-ից հայերի դեմ Ադրբեջանում զանգվածային և համակարգված հարձակումների, որոնք բերել են բազմաթիվ զոհերի և մարդու իրավունքների համատարած կոպիտ խախտումների, Արցախի հայերը դիմել են զինված ինքնապաշտպանության։ Ընդհուպ մինչև այս պահը, Արցախի պաշտպանության բանակը հանդիսանում է հայերի անվտանգության միակ իրական երաշխավորը։ Ադրբեջանի պահանջը՝ զինաթափել Արցախի պաշտպանության բանակը և ենթարկվել Ադրբեջանի իշխանություններին, հայ ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել։ Արցախում հումանիտար ճգնաժամը կարող է հաղթահարվել և խաղաղ կարգավորման համար նախապայմաններ ստեղծվել միայն գործնական անվտանգության երաշխիքների դեպքում․

1․ Ադրբեջանի զինված ուժերը պետք է ամբողջությամբ դուրս բերվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ողջ տարածքից,

 2․ ԼՂԻՄ տարածքի սահմանի ողջ երկայնքով պետք է տեղակայվեն ՄԱԿ-ի մանդատով օժտված միջազգային խաղարար ուժեր և ստեղծվի ապառազմականացված գոտի,

3․ Արցախում հումանիտար օգնությունը կազմակերպելու և բնականոն կյանքը ապահովելու համար պետք է գործի ՄԱԿ-ի կողմից ձևավորած վարչակազմ,

4․ Լաչինի միջանցքը պետք է անցնի ՄԱԿ-ի հսկողության ներքո։

Մինչև անվտանգության այս նվազագույն երաշխիքների լիակատար իրականացումը, Արցախի պաշտպանության պատասխանատվությունը պետք է մնա Արցախի պաշտպանության բանակի վրա։ Առանձնահատուկ կարևոր է ուղերձով դիմել ՌԴ ղեկավարությանը՝ չխոչընդոտել Արցախում խաղաղ կարգավորման հասնելու գործում միջազգային հանրության ջանքերին ։ Որպեսզի ՌԴ ղեկավարության համար տեսանելի լինի, որ իր՝ այս հարցում դիրքորոշումից է էապես կախված ռուս և հայ ժողովուրդների հետագա տասնյակ տարիների հարաբերությունները, հարկավոր է, որ այդ ուղերձը վաղն իսկ ստանա համազգային օժանդակություն։ Այդ նպատակով առաջարկում ենք բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական նախաձեռնություններին ապահովել համազգային հանրահավաքի իրականացումը։ 

Խնդրում ենք Ազգային կոմիտեին, Ազգային Ժողովրդական Բևեռին և բոլոր այն նախաձեռնություններին, որոնք դուրս են եկել փողոց պայքարի համար, միավորել ջանքերը վաղը Հանրապետության Հրապարակում համազգային հանրահավաք գումարելու հարցում։ Վստահ ենք, որ հայերի համախմբման այս դրսևորումը օգտակար է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կայացած նիստում ներկայացրած պահանջները ամրապնդելու համար։ Համոզված ենք նաև, որ այդպիսի համախմբումը նվազագույնն է, ինչ կարող են անել Հայաստանի քաղաքացիները Արցախի ազատ ապրելու և զարգացում ունենալու իրավունքի համար։ Հույս ենք հայտնում, որ ՀՀ իշխանությունները հրապարակայնորեն կհայտնեն իրենց համերաշխությունը Համազգային հանրահավաքին և աջակցություն կցուցաբերեն հանրահավաքի կազմակերպմանը։ Հայ կառուցողական կուսակցությունը պատրաստ է ստանձնել քաղաքական և քաղաքացիական ուժերի միջև համագործակցության հաստատման համար միջնորդի դերը։