Ադրբեջանցիները հիմա էլ Մխիթար Գոշին են սեփականացնում
Ադրբեջանը շարունակում է հետեւողականորեն յուրացնել հայոց նյութական եւ ոչ նյութական ժառանգությունը։ Նման ոտնձգություններից մեկը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հիմնադիր հայրերից Բարդուղիմեոս առաքյալի «ադրբեջանացման» փորձն էր։
Բարդուղիմեոս առաքյալին հաջորդեց Մխիթար Գոշը: Ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, ադրբեջանցի պատմաբանները հիմա էլ Մխիթար Գոշին ներկայացնում են աղվան՝ ծնված Գանձակում, աշխատությունը կոչում «Դատաստանագիրք»․ իբրեւ թե վերնագրի փոփոխությունը կատարել են հայերը։ Քիչ ուշադիր լինելու դեպքում ադրբեջանցիներն անզեն աչքով կարող էին տեսնել օրենսգրքի «Նախադրութիւն» մասի Գլուխ Ա-ի վերնագիրը՝ «ՅՈՐՈՒՄ ԿԱՅ ՊԱՏԱՍԽԱՆԻ ԱՅՆՈՑԻԿ, ՈՐ ԲԱՄԲԱՍԵՆ ԶՄԵԶ, ԵԹԵ ՉԿԱՅ ԴԱՏԱՍՏԱՆԻ Ի ՀԱՅՔ» («Որտեղ պատասխան է տրված նրանց, ովքեր բամբասում են մեզ, թե հայերը դատաստանագիրք չունեն»)։ Այս փաստով Մ․ Գոշն ինքն է հաստատում իր ազգությունը՝ հայ, ոչ թե աղվան։
Մխիթար Գոշի (1120-1213 թթ․) բազմաթիվ աշխատություններից առավել նշանավոր են «Շարք հայրապետացն Աղուանից» գիրքը, որն Աղվանքի 11-12-րդ դարերի պատմությունն է, եւ «Դատաստանագիրք հայոց» աշխարհիկ օրենսգիրքը (1184 թ․)։ Իսկ 13-րդ դարի պատմիչ Կիրակոս Գանձակեցին, ով իր «Հայոց պատմություն» աշխատության գլուխներից մեկը (ԺԳ) վերնագրել է՝ «Մխիթար վարդապետի մասին, թե որտեղից էր եւ ինչպիսի մարդ էր», ներկայացնում է Մխիթար Գոշին․ «Հռչակավորն ու գիտությամբ մեծիմաստը Գանձակ քաղաքից էր, զավակ քրիստոնյա ծնողների, որոնք նրան տվին Սուրբ գրքի ուսման․․․»։
Դժվար թե հայկական Նոր Գետիկ վանքի հիմնադիրը կարծեր, թե օրերից մի օր արժանանալու է Ադրբեջան նորաստեղծ պետության «պատմաբանների» ուշադրությանն ու համակրանքին։
Կարծիքներ