Օպերան կունենա տնօրենի նոր ԺՊ

Օպերան կունենա տնօրենի նոր ԺՊ

Մենք գրել էինք, որ օգոստոսի 3-ին լրանում է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանի պաշտոնավարման ժամկետը: Ավելին՝ Օրբելյանին պաշտոնապես ծանուցել էին, որ այլեւս չի կարող շարունակել իր պարտականությունները տնօրենի պաշտոնում` պայմանավորված տարիքի փաստով։

Չնայած այս ընթացքում թատրոնում տնօրենի եւ գեղղեկավարի պաշտոնների համար տարբեր անուններ էին շրջանառվում, բայց նախարարության ընտրությունը կանգ է առել Կարեն Դուրգարյանի վրա, ում երկուշաբթի օրը կներկայացնեն արձակուրդից վերադարձած թատրոնի ստեղծագործական կազմին։ Ի դեպ, Դուրգարյանի հանդեպ թատրոնում վերաբերմունքը միանշանակ չէ, քանի որ ինչպիսի արտոնություններ տրված են նրա մտերիմներին, նույնչափ ստորադասված ու հետին պլան են մղված իրեն ոչ մտերիմ արտիստները։

Թեպետ Դուրգարյանը, ըստ ընթացակարգի, 6 ամիս կատարելու է տնօրենի ԺՊ-ի պարտականությունները, որից հետո միայն մրցույթի արդյունքում ընտրվի կամ չընտրվի այդ պաշտոնում, բայց ստեղծագործական կազմն արդեն իսկ մտավախություններ ունի, որ Դուրգարյանը կդառնա «Օրբելյան-2», ով ե՛ւ տնօրեն էր, ե՛ւ գեղղեկավար, ե՛ւ գլխավոր դիրիժոր, ինչից դժվար թե շահի թատրոնը։