«Անիկո»․ փայփայենք մեր միջի երեխային

«Անիկո»․ փայփայենք մեր միջի երեխային

Նախօրեին, «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ դերասանուհի, ռեժիսոր Աննա Հարությունյանի «Անիկո» ֆիլմի պրեմիերան, որը օգոստոսի 15-ից կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում։ «Անիկոն» պատմում է Աննայի մանկության մասին, բայց այն ֆիլմ է նաեւ բոլորիս մանկության մասին, որտեղ չկան պարզ ու բարդ խնդիրներ, մեծ ու փոքր զգացմունքներ, հեռու ու մոտ երազանքներ, կան խնդիրներ, զգացմունքներ եւ երազանքներ, ինչպես մեծերի աշխարհում։ Փոքրիկ Անիկոն սիրում է գյուղի փողոցներում կույր ձեւանալ․ քայլել ու իր ճանապարհը գտնել ինքնուրույն։ Գրքերի աշխարհում եւ Անիկոյի սրտում, Արամ թագավորն ու հարեւան Արամը նույնանում են, դա օգնում է, որ նա մի շնչով կարդա պապի հանձնարարած գրքերը։ Անիկոյի կյանքում այսուհետ 2 տղամարդ կա՝ պապն ու Արամը, երկուսն էլ դառնում են նրա կյանքի ուսուցիչը։ Անիկոն սովորում է նրանցից ամենակարեւորը՝ լինել ազնիվ ու հավատարիմ։ 

Թե սցենարի հեղինակը, թե բեմադրող ռեժիսորը Աննա Հարությունյանն է, օպերատորը՝ Գուրգեն Ջանիբեկյանը, կոմպոզիտորը՝ Դավիթ Հալաջյանը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Դավիթ Հակոբյանը եւ Փոքր թատրոնի սաներ՝ Նարե Մնացականյանը եւ Արա Սիմոնյանը։   

«Անիկոն» մեր երկրում նկարահանված այն քիչ մանկական ֆիլմերից է, որն արվել է ճաշակով եւ բարձր պրոֆեսիոնալիզմով։ Ֆիլմ, որն արժե դիտել ամբողջ ընտանիքով։ Մի հանգամանք, որ նկատելի էր նաեւ ֆիլմի պրեմիերայի օրը, երբ հանդիսատեսի մեծ մասը կինոթատրոն էր եկել ընտանիքով՝ երեխաների հետ միասին։ 

Ֆիլմի ռեժիսորն անկեղծանում է՝ սցենարի նախնական տարբերակը գրել է մի շնչով Մոսկվա- Երեւան թռիչքի ժամանակ, որից հետո սկսել է սցենարի վրա աշխատել իր վարպետների հետ՝ Մոսկվայի կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում․ «Երբ սցենարը ներկայացրեցի իմ վարպետ Վլադիմիր Ֆոկինին, ասաց՝ Աննա, ավելի լավ կլինի թողնես այս միտքը, մի ֆիլմ, որտեղ կան երեխաներ եւ կենդանիներ արդեն անհաջողության է դատապարտված։ Բայց ես ասացի, որ այս թեման ինձ հուզում է եւ ռեժիսուրայով զբաղվելը ինքնանպատակ չէ, ես պատրաստ եմ անհաջողություն ապրել եւ թողնել այս գործը։ Փառք աստծո, հանդիպեցի Անիկոյի, հետո Արամի դերակատարներին, ովքեր էլ մարմնավորեցին իմ ու իմ մանկության ընկերոջ կերպարները»։

Աննան ընդգծում է՝ ֆիլմն առաջին սիրո մասին է, այն սիրո, որի մասին տեղյակ չենք, բայց որն ամենաանկեղծն է մեր կյանքում․ «Արամն այս ֆիլմում իրոք տղամարդ է, երիտասարդ տղա բալիկ, որն իր լռությամբ, զգացմունքները զսպելով ու իր վերջին քայլով մնում է տղամարդ»։

Աննան ֆիլմը նվիրել է մեր պապերի հիշատակին․ «Պապիկս 4-րդ դասարանի կրթություն է ունեցել, ով գյուղից տեղափոխվել է քաղաք եւ հետո ծնվել է իմ հայրը, եղբայրները։ Նա շաքարախտով էր տառապում եւ իմ ամենավառ հիշողությունները կապված են հենց նրա հետ, երբ 80 տարեկանում շարունակում էր կարդալ Արամի պատմությունը, բայց ոչ թե Արամ թագավորի, այլ այն Արամի, որ կրեց հեղափոխության տանջանքները։ Ես վառ հիշում եմ նրա ամենօրյա ընթերցանությունները, ցավոք, նա այդպես էլ չիմացավ, որ ես ընդունվեցի Թատերական ինստիտուտ, բայց իմ ամբողջ մանկությունը կապված է նրա հետ։ Ես ամեն օր փոքրիկ կրկեսային ներկայացումներ էի պատրաստում նրա համար։ Միայն նա էր, որ հասկանում էր իրականում ով եմ ես, ոչ թե ինչպիսի լավն եմ, այլ ով եմ ես։ Պրեմիերայի օրը, հանդիսատեսի ջերմ արձագանքից տեսա, որ ամեն մեկն իր մանկությունը տեսավ ֆիլմում, ինչի համար շատ ուրախ եմ, այլապես անձնական պատմությունը չի կարող ոչ մեկին դիպչել, հուզել, ինչքան էլ որ քեզ համար փափագելի է։ Դրա համար շատ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իմ մտահաղացումը վիզուալիզացրեցին։ Միայն իսկական արվեստի նվիրյալներն ու Գառնու արվեստասեր բնակչությունը կարող էին կանգնել մի աղջկա կողքին, ով ունի երազանք»։  

Ֆիլմի ռեժիսորն իր խոսքում նկատում է՝ այսօր շատերը կարող են ֆիլմ նկարել եւ ոչ ոքի չես կարող արգելել, բայց մանուկների համար ֆիլմ նկարելը շատ պատասխանատու գործ է․ «Դու պետք է քեզ հաշիվ տաս, արդյո՞ք այն մարդն ես, որ երեխաներին պետք է ինչ- որ բան ցույց տաս, որովհետեւ մենք՝ մեծերս, մեր շահը լավ հասկանում ենք, գիտենք՝ որտեղ, ոնց  եւ ինչի համար, իսկ երեխան բաց է եւ նրան թե վարակելը, թե վիրավորելը, թե վատը սովորեցնելը հեշտ է։ Ես ուզում եմ, որ մենք փայփայենք մեր միջի երեխային»։ 

Հավելենք միայն, որ «Անիկոն» Կազանի միջազգային «Զիլանտ» կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ երեխաների համար» մրցանակին։