Հայաստանից որևէ պաշտոնատար անձ COP29–ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. ԱԳ նախարար

Հայաստանից որևէ պաշտոնատար անձ COP29–ին մասնակցելու հայտ չի ներկայացրել. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության  որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 համաժողովին մասնակցելու հայտ չի ներկայացրել: Այս մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը մեջբերեց Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին թե իբր, չնայած այն հանգամանքին, որ ՀՀ–ից որոշ ներկայացուցիչներ գրանցվել են՝ մասնակցելու Բաքվում անցկացվող COP29 համաժողովին, սակայն չեն մասնակցում:

Նախարարը նկատեց, որ Ադրբեջանի այլ ներկայացուցիչներ ևս համանման հայտարարություն են արել: «Հայաստանի Հանրապետության որևէ պաշտոնատար անձ Բաքվում անցկացվող COP29 միջոցառմանը մասնակցելու համար հայտ չի ներկայացրել, չի գրանցվել»,–ասաց Միրզոյանը:

Նախարարը չբացառեց, որ գուցե քաղաքացիական հասարակության կազմակերպություններ հայտ ներկայացրած լինեն, թեև նման տեղեկություն Միրզոյանին հայտնի չէ: «Բայց, եթե դա ի նկատի ունեն, ապա, գիտեք՝ ՀՀ–ն ազատ, ժողովրդավարական երկիր է: Եվ Հայաստանի կառավարությունը ոչ ցանկություն, ոչ էլ լծակներ ունի՝ ուղղորդելու, կառավարելու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին»,–ասաց Միրզոյանը: