Թատրոնն ավարտվել է

Թատրոնն ավարտվել է

ՀՀ կառավարությունը, բարձրագույն դատական խորհուրդը և հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորական թափուր տեղերի համար առաջադրել են իրենց թեկնածուներին․ առաջին դեպքում՝ Վահրամ Ավետիսյանին, երկրորդ՝ Երվանդ Խունդկարյանին, երրորդ՝ Արթուր Վաղարշյանին։ Երեք իրավաբաններն էլ հանրությանն այս կամ այն չափով հայտնի են, նրանցից երկուսը իրավաբան գիտնականներ են՝ գիտությունների դոկտորներ, և այս առումով որևէ արտառոց բան կարծես չկա։

Ավելին՝ միայն այն հանգամանքը, որ ՍԴ թափուր դատավորական տեղերի համար եռյակն առաջադրվել է վերը նշված մարմինների կողմից, արդեն իսկ բացառում է որևէ կասկած առաջադրվածների պրոֆեսիոնալիզմի վերաբերմամբ։  Սակայն գիտական աստիճաններով պսակված նրանց պրոֆեսիոնալիզմը, գոնե ինձ համար, հարցականի տակ է, ընդ որում՝ անփարատելի։

Բանն այն է, որ թվարկված երեքն էլ, համաձայնելով իրենց թեկնածությունն առաջադրելուն, ուղղակիորեն արդարացնում և լեգիտիմ են հայտարարում այն ամբողջ իրավական վակխանալիան, որ թավշյա իշխանությունների կամքով ու ջանքով տևական ժամանակ ընթանում էր Սահմանադրական դատարանի շուրջ, երբ տեղի ունեցան բազմաթիվ ապօրինություններ ու անիրավություններ, մարդկային շատ հասկացություններ ոտնահարվեցին։ Իրավունքից ու իրավաբանությունից հեռու ոչ մասնագետի համար էլ ակնհայտ էր, որ ՍԴ-ի շուրջ ծավալվել էր սիրողական (կամ՝ ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանի իրավական գիտելիքների ու կարողությունների մակարդակի) քստմնելի  գործընթաց, որը բուն իրավունքի և իրավաբանության հետ առնչել կարող էին միայն տգետները։ 

Եվ ահա թատրոնն ավարտվել է, մնում է լուծել նոր «դերակատարների» հարցը։

Արդ՝ եթե վերոնշյալ երեք թեկնածուները առաջադրման փաստով արդեն իսկ արձանագրել են իրենց դրական-հաստատական դիրքորոշումն այդ գործընթացների նկատմամբ, ուրեմն կարելի է պատկերացնել, թե ինչ որակի և սկզբունքայնության Սահմանադրական դատարան կունենանք մոտ ապագայում։