Օրվա հարցը՝ մինչև ե՞րբ

Օրվա հարցը՝ մինչև ե՞րբ

Փաշինյանը գուցե սկսի աշխատել, երբ վերջնականապես հասկանա, որ իր թիկունքում ժողովուրդ չկա այլեւս: Այս մասին նրան պետք է ասել ամեն օր, ամեն ժամ, քուն թե արթուն: Նրա պատեհապաշտ թիմը Փաշինյանին երբեք չի հուշելու այն պարզ ճշմարտությունը, որ ՀՀ քաղաքացին այլեւս հոգնել է անիմաստ ապրելուց, անիմաստ հետապնդումների եւ ձերբակալությունների շքերթներից, կառավարության անիմաստ քայլերից, ԱԺ անիմաստ գոյությունից, երկրի անիմաստ արտաքին քաղաքականությունից, տնտեսություն զարգացնելու (չասեմ՝ թռիչքաձեւ) անիմաստ խոստումներից:

Պոպուլիզմի չափաբաժին ՀՀ բոլոր իշխանությունների հայտարարություններում էլ եղել է: Մարդկանց մեջ հույսեր արթնացնելու, նրանց ոգեւորելու համար պոպուլիզմը վատ գործիք չէ, բայց պոպուլիզմը չպետք է դառնա քաղաքական գիծ, տեւական գործելաոճ, ինչպես այժմ է: Տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը զօրուգիշեր զբաղված են հերթական պոպուլիստական հայտարարությունը մշակելով՝ ի՞նչ ասեն վաղը, որ ժողովուրդը զարմանա, մոռանա երեկվա հայտարարությունների եւ քայլերի մասին ու սպասի նոր հայտարարությունների: Բայց ժողովուրդը հոգնել է նաեւ անիմաստ պոպուլիզմից: Եթե իմանայի, որ դա հնարավոր է, Փաշինյանին կառաջարկեի ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու շորեր հագնել եւ մի քանի պտույտ անել Երեւանում՝ շփվել քաղաքացիների հետ, տրոլեյբուս նստել, տաքսի, խոսեցնել մարդկանց: Հավատացնում եմ՝ նա «հետաքրքիր» տպավորությունների պակաս չի ունենա եւ շատ արագ կհամոզվի, որ ինքն այլեւս այն մարդը չէ, որի կոչով ժողովուրդը հրապարակներ էր լցնում, փողոցներ փակում, դատարանների վրա հարձակվում, որին ծափահարում էր:

Մինչեւ ե՞րբ: Սա է այսօր ամենաակտուալ հարցը, թեեւ նորմալ հասարակություններին սովորաբար հուզում է այլ հարց՝ ի՞նչ է լինելու հետո: Ըստ երեւույթին, մեր քաղաքացիներն արդեն համոզվել են, որ ինչ էլ լինի, սրանից ավելի վատ չի կարող լինել: Ի՞նչ կարող է մտածել ՀՀ քաղաքացին, երբ տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը գաղտագողի կրկնապատկել է իր նախարարների ու նրանց տեղակալների աշխատավարձերը, պատրաստվում է բարձրացնել նաեւ պատգամավորներինը, իսկ մյուսները՝ զինվորականներ, բուժաշխատողներ, ուսուցիչներ, թոշակառուներ, կա՛մ ստիպված են համբերել եւ կա՛մ բավարարվել այն չնչին թերմացքով, որ նրանց երեսին են շպրտում՝ որպես աշխատավարձի եւ թոշակի «բարձրացում»: Ստացվում է, որ Փաշինյանն իսկապես կախարդական փայտիկ ունի, որ գործում է բացառապես յուրայինների պարագայում:

Մեր իշխանությունների հետհեղափոխական յուրաքանչյուր հայտարարություն կամ քայլ Փաշինյանից վանում է հասարակության որոշակի խավերի, ուժերի: Իշխանության ներկայացուցիչներն ու նրանց սազանդարները, սակայն, Փաշինյանի ականջը լցնում են ախմախություններով, թե նրա ռեյտինգը չի ընկել, թե նա կհաղթի ընտրություններում, եթե դրանք տեղի ունենան հենց վաղը:

Բացի այն, որ 1.5 միլիոն աշխատավարձ ստացող նախարարները Փաշինյանից ծածուկ են պահում հասարակական հարցումների իրական արդյունքները, այլեւ նրան ներշնչում են, թե ամեն ինչ այնքան լավ է, որ կարելի է նույնիսկ ապուշություններ անել, օրինակ՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» եւ «Հայոց պատմություն» առարկաները բիրիքով հանել բուհական ուսուցումից, ընտանիք կազմած կնոջ եւ ամուսնու միջեւ երրորդ անձ ներդնել, հարկատուների փողերը մսխել, թանկ վոյաժներ անել, ՀՀ երկուսուկես միլիոն պողոսներին հերթով բերման ենթարկել, ձերբակալել, կալանավորել ու բաց թողնել… Հետո՞: Հետո այն, որ նմանատիպ ամեն ապուշությունից հետո ոչ թե իրենց, այլ վարչապետի ռեյտինգն է ընկնում: Դե իրենք ռեյտինգ չունեն, չգիտեն, թե ինչ բան է դա: Ռեյտինգն ինքնասիրահարվածի ինչի՞ն է պետք, չէ՞: Եվ ուրեմն՝ վարչապետին խաբում են, որ ի՞նչ անեն, որ Փաշինյանը վաղը ընտրություններում պարտվի, ո՞վ է պատասխան տալու:

Այս իշխանությունների պատճառով չէ՞, արդյոք, որ Փաշինյանի կողքին որեւէ լուրջ մտավորական չկա, գիտնական չկա, դասախոս չկա, տնտեսագետ չկա, իրավաբան չկա, որ Փաշինյանին լքում են քաղաքական գործիչները, լրագրողները, հողի մշակը, բանվորը, բոլորը, ով դեռ ընդունակ է մտածել, գումարել-հանել, վերլուծել, ով դեռ նոր է կյանք մտնում, ով մտահոգ է իր զավակների ապագայով:
Մենք կարող ենք նաեւ թվարկել, թե ովքեր են տակավին, այսպես ասած, սատարում Փաշինյանին՝ ԼԳԲՏ համայնքը, սորոսական հացկատակները, «գործ տվողները», լյումպենը, որի համար միեւնույն է՝ Նիկո՞լը կլինի վարչապետ, թե՞ մի ցախավել: Կներեք, մեծ էշն ախոռում թողեցի… Բա քաղաքական մեծամասնությո՞ւնը՝ «Իմ քայլը» վերնագրով: Սրանց հետ արդեն «Լուսավոր Հայաստանն» էլ չի ուզում աշխատել, Էդմոն Մարուքյանը՝ վկա:

Կբավարարի՞ Փաշինյանին այս «հարստությունը» վաղը, մյուս օրը ընտրական գործընթացներում հաջողության հասնելու համար: Ես խիստ կասկածում եմ, իսկ ընտրական գործընթացները չեմ կարծում, թե իրենց երկար սպասեցնել կտան: Սահմանադրություն են բզբզում, որ կարելի է փոխել բացառապես հանրաքվեով, խոսում են հունվարի 14-ի մասին, որից հետո հնարավոր է անվստահություն հայտնել ու մի կողմ դնել գործող վարչապետին, չի բացառվում նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացում, որը, ի դեպ, կօգնի ազատվել նաեւ ԱԺ այս մեծամասնությունից: Փաշինյանն ինչո՞վ է հաղթելու, պետական լծակներո՞վ… 

ՀԳ. Ուրիշ ի՞նչ կարելի է ասել այս իշխանություններին․ շարունակեք Փաշինյանի ականջը լցնել 70-80 տոկոսանոց վարկանիշի մասին ցնդաբանություններով, որ նա էլ գնա, գինի խմի ու թավալ տա խոտերի մեջ: Ավարտելով՝ կրկնեմ օրվա հարցը՝ մինչեւ ե՞րբ: