Դանդաղ շտապեք

Դանդաղ շտապեք

Աշխարհում գլոբալ փոփոխություններ են կատարվում, վաղեմի բարեկամներն իրարից հեռանում են, ոխերիմ թշնամիները` մերձենում, տասնամյակներով ձեւավորված համակարգեր են փլվում, կառույցներ ոչնչանում: 21-րդ դարի սկզբի արյունահեղ պատերազմներից հետո սկսված այս տեկտոնական շարժերն այնքան վտանգավոր են, որ կարող են Երկիր մոլորակը վերադարձնել հին անկայուն վիճակին, երբ պետություններ էին վերանում երկրագնդի երեսից, ազգեր էին ոչնչանում, ոչ մի կարգ ու սկզբունք չէին գործում, ոչ մի պայմանավորվածություն ուժի մեջ չէր: Այս աշխարհաքաղաքական խոշոր փոփոխություններին մենք` հայերս, հետեւում ենք մեր փոքրիկ պատուհանից, որը թույլ չի տալիս իրադարձությունների ողջ սպեկտորը զգալ ու գիտակցել: Կովկասյան մեր նեղլիկ պատուհանը մեզ մե՛կ հոռետեսության, մե՛կ լավատեսության գիրկն է գցում` անհիմն հույսեր եւ չարդարացված սպասումներ ներշնչելով:

Ոմանք ոգեւորվել են Զելենսկու հրապարակային ստորացումից եւ նրա մոտալուտ քաղաքական վախճանն են կանխատեսում` «տարոսը` հայերիս» աղոթքներով: Մյուսները դեռ հույս ունեն, որ Եվրոպան ու Մեծ Բրիտանիան «իրենց խոսքը կասեն», եւ չի կարող Ռուսաստանի դեմ տասնամյակներ շարունակ պայքարած Արեւմուտքն այդքան հեշտությամբ հանձնվել: Ու մինչ աշխարհը գլոբալ մասշտաբի հարաբերություններ է պարզում, մեր տարածաշրջանում շտապում են: Ալիեւը շտապում է, որ հայերից վերջին «զիջումը» կորզի, Փաշինյանը շտապում է, որ արագությամբ եւ ինչ հնարավոր է՝ տա ու Զելենսկու օրը չընկնի: Ուզում է, ինչքան հնարավոր է՝ արագ սահման բացել, ճանապարհ տալ, հարաբերություններ կարգավորել թուրքերի ու ադրբեջանցիների հետ, քանի դեռ մեր տարածաշրջանը նորից չի հայտնվել ռուսների տնօրինության տակ, եւ նրանք չեն վերականգնել մինչեւ 2018-ն առկա ստատուս-քվոն: