Բոլորը վստահ են, որ Հայաստան ուղարկած օգնությունը գնացել է Թուրքիա․ ավստրահայ գործարար

Բոլորը վստահ են, որ Հայաստան ուղարկած օգնությունը գնացել է Թուրքիա․ ավստրահայ գործարար

«Հայաստանի պատկան մարմիններից ոչ ոք ինձ հետ կապ չի հաստատել», «Հրապարակի» հետ զրույցում ասաց ավստրահայ գործարար Գևորգ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ մենք այս խնդրին անդրադարձել էին՝ Գրիգորյանը 44-օրյա պատերազմի ժամանակ 50 հազար եվրոյին համարժեք դրամով օգնություն էր ուղարկել Հայաստանի Հանրապետությանը։ Ավստրիայում Հայաստանի դեսպանատունը օգնությունը Հայաստան հասցնելու գործն իր վրա էր վերցրել, սակայն օգնության ճակատագիրն այդպես էլ անհայտ էր մնացել։ Նա 2020-ից հետո անդադար փորձել էր փնտրել, թե որտեղ է իրենց ուղարկած օգնությունը, Գրիգորյանի հետ կապ էին հաստատել Հայաստանից և տեղեկացրել, որ չեն կարող որեւէ տեղեկություն հաղորդել իր ուղարկած օգնության մասին, քանի որ այդ տեղեկությունները համարվում են ռազմական գաղտնիք։

Իսկ վերջերս ավստրահայ գործարարը «Հրապարակի» հետ հարցազրույցում հայտարարել էր, որ հստակ տեղեկություն ունի այն մասին, որ իր և մյուսների` 44-օրյայի ժամանակ ուղարկված օգնությունները, ՀՀ իշխանություններն ուղարկել են Թուրքիա՝ որպես երկրաշարժից տուժածներին օգնություն։ Ինքը հեռարձակման կադրերում անգամ ճանաչել էր իրենց ուղարկած բեռները։

Երեկ մեզ հետ կապվելով Գրիգորյանն ասաց․ «Հրապարակի> հետ հարցազրույցից հետո ինձ հետ կապ են հաստատել ամբողջ աշխարհից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, ու բոլոր կապ հաստատողներն այն մարդիկ էին, ովքեր օգնություն են ուղարկել, ու մինչև օրս փորձում էին հասկանալ, թե ինչ եղավ իրենց ուղարկած օգնության հետ։ Բոլորն էլ վստահ են, որ Հայոց բանակի համար նախատեսված օգնությունը ուղարկվել է Թուրքիա։ Սփյուռքը այս նվիրյալ հայերը ինձ տեղեկացրին, որ ինձ հետ միասին պատրաստ են պայքարել՝ ճշմարտությանը հասնելու համար»։

Նա նշեց, որ ինքն իր խոսքերից հետ չի կանգնելու և պայքարելու է այնքան, մինչև պատժվեն մեղավորները։ Գրիգորյանը շեշտեց, որ ՀՀ իշխանությունների այս քաղաքականության պատճառով նախկինում Հայաստանին անընդհատ օգնություն ցուցաբերող մարդկանց մի հսկա զանգված այլևս չի ուզում որևէ կերպ մասնակից լինել որևէ գործընթացի, քանի որ չեն ուզում, որ հայերի համար նախատեսված օգնությունը ուղարկվի Հայաստանի և հայերի թշնամի թուրքերին։