Պաղեստինցիների հետ կատարվողն ինձ հիշեցրեց Արցախում տեղի ունեցածը. իսրայելցի քաղաքական վերլուծաբան

Պաղեստինցիների հետ կատարվողն ինձ հիշեցրեց Արցախում տեղի ունեցածը. իսրայելցի քաղաքական վերլուծաբան

Իսրայելում տիրող իրավիճակի մասին «Հրապարակը» զրուցել է քաղաքական ակտիվիստ, քաղաքական վերլուծաբան Յարոն Վեյսի հետ:

- Անընդհատ տեղեկություններ են հրապարակվում Գազայում տասնյակ հազարավոր սպանված խաղաղ բնակիչների մասին: 

- Իրականությունն ու պատմությունը սովորեցնում են մեզ, որ շարունակական զանգվածային սպանություններն ու Գազայի ոչնչացումը  Իսրայելի քաղաքացիներին անվտանգություն չեն բերի: Ես հավատում եմ, որ Իսրայելի ղեկավարությունն այս ճգնաժամից դուրս գալու համար ոչ մի պլան չունի: Վրեժի վրա հիմնված ցանկացած գործողություն ապագայում տանելու է միայն ավելի շատ վրեժի գործողությունների:

- Դուք այցելել էիք պաղեստինական West Bank (Արևմտյան ափ), ինչի՞ ականատես եղաք:

- Մի քանի օր առաջ ես այցելեցի պաղեստինցի ֆերմերների ու հովիվների համայնք, ովքեր ենթարկվում են շարունակական ահաբեկման: Վերջերս էլ իսրայելական բանակը նրանց հայտարարել էր, որ այն տարածքը, որտեղ նրանք ապրում և արածեցնում են իրենց նախիրները, դառնալու է ռազմական պոլիգոն։ Այդ իսկ պատճառով իսրայելական օկուպացիոն զորքերի քաղաքացիական վարչակազմն ամեն օր ոչնչացնում է նրանց տներն ու ոչխարների կացարանները։ Եվ մինչ ընդհանուր ուշադրությունն ուղղված է Գազայի վրա, ծայրահեղական վերաբնակիչները, զենքով զինված, այս մարդկանց վրա ամեն օր հարձակումներ են գործում, ահաբեկում են: Այդ պաղեստինցի ֆերմերների և հովիվների վերջին սրացումներից արվող միակ եզրակացությունն այն է, որ կա նրանց էթնիկ զտումների և նրանց վտարելու մտադրություն այն հողից, որը պատկանում է նրանց և նրանց նախնիներին: Անօգնականության այն սարսափելի զգացումն է, որ գիտակցում ես՝ աշխարհում չկա մեկը, ով կցանկանա և կարող է օգնել նրանց։ Սա ինձ  հիշեցրեց արցախցիների նկատմամբ իրականացված էթնիկ զտումները, երբ արցախցիները բոլորովին միայնակ էին, և գրեթե ոչ ոքի չէր հետաքրքրում նրանց հետ կատարված ողբերգությունը։

- Հիմա Իսրայելը գրեթե պատերազմական վիճակի մեջ է Լիբանանի հետ: 

- Ես ապրում եմ Լիբանանի հետ սահմանի մոտ։ Բազմաթիվ բնակիչներ, իմ հարևանները տարհանվել են իրենց տներից։ Մենք ապրում ենք հրթիռային և անօդաչու սարքերի հարձակումների ամենօրյա իրավիճակում։ Բոլորին պարզ է, որ Իսրայելի կառավարության ձախողված քաղաքականությունն է հանգեցրել այս վատ վիճակին, որը շարունակվում է արդեն 10 ամիս։ Բայց մենք չպետք է անտեսենք այն փաստը, որ «Հեզբոլլահն» ահաբեկչական կազմակերպություն է, որն անցյալում և ներկայում վնասում է անմեղ քաղաքացիներին և ահաբեկում Լիբանանի խաղաղ ժողովրդին։ «Հեզբոլլահն» առաջին հերթին լիբանանցիների խնդիրն է: Նրա ղեկավարները լիբանանցիներին իրենց քմահաճույքով պատանդ են պահում և անպաշտպան թողնում հետևանքներից: Գոնե Իսրայելի ժողովուրդն ունի նրանց պաշտպանող բանակ, բայց ո՞վ կպաշտպանի Լիբանանի ժողովրդին: Ես ցավում եմ Լիբանանի խաղաղ ժողովրդի համար, որտեղ ապրում է մեծ հայկական համայնք, ում կյանքը թշվառ է կրոնական ծայրահեղականների քմահաճույքների պատճառով, որոնք ներկայացնում են Իրանի շահերը, այլ ոչ թե լիբանանցիների շահերը, ովքեր շահագրգռված են լավ կյանքով և տնտեսական առաջընթացով: Չնայած իսրայելական կառավարության վարքագծին ուղղված բազմաթիվ քննադատություններին, ես կարծում եմ, որ լիբանանյան ճակատում վատթարացման մեղավորը «Հեզբոլլահն» է և նրա կողմնակիցները Լիբանանից դուրս: Իսրայելը շահագրգռված չէ վնասել Լիբանանի տարածքային ամբողջականությունը և վնասել նրա ժողովրդին: Այդ իսկ պատճառով Լիբանանի հետ ցանկացած վեճ կարող է լուծվել բանակցությունների միջոցով, ինչպես եղավ միայն վերջերս երկու երկրների միջև ծովային սահմանի հետ կապված վեճի առնչությամբ։ Ես հստակ կարող եմ ասել, որ Իսրայելի շահը լիբանանյան բարգավաճ պետությունն է։ Ես հավատում եմ, որ «Հեզբոլլահը» և Իրանը ցանկանում են, որ Լիբանանը թույլ մնա, որպեսզի իրենք կարողանան պահել իրենց վերահսկողությունը Լիբանանի վրա:

- Իրանն էլ իր հերթին պատրաստվում է պատասխանել Իսրայելի՝ Թեհրանում սպանված ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի քայլին: Ի՞նչ ծրագիր ունի Նեթանյահուն:

- Անձամբ ես ցավակցում եմ պաղեստինցիներին` նրանց տառապանքների համար, և աջակցում անկախության և օկուպացիայի ավարտին հասնելու նրանց ցանկությանը: Այդ իսկ պատճառով ես շնորհավորեցի Հայաստանի կառավարությանը` Պաղեստին պետությունը ճանաչելու համար։ Միևնույն ժամանակ, Թեհրանում սպանված ահաբեկիչ Իսմայիլ Հանիեն չի կարող որակվել որպես իսկական պաղեստինցի առաջնորդ։ Նշում են, որ Հանիեն նախկինում եղել է Գազայի հատվածի վարչապետը, այնինչ նա այնտեղ մտցրեց բռնապետական ​​ռեժիմ, որը նման է Ադրբեջանում Ալիևի ռեժիմին՝ միայն առանց տնտեսական բարգավաճման։ Հանիեն Գազայից մաքսանենգ ճանապարհով դուրս է բերել միլիոնավոր դոլարներ, որոնք պաղեստինցիները ստացել են որպես նվիրատվություն և ապրել շքեղ հյուրանոցներում` Կատարում և այլուր: Բայց իմ հիմնական քննադատությունը նրա հասցեին ահաբեկչական գործողությունների պատճառով են, որոնց նա դիմել է սեփական ժողովրդի դեմ։ Ես կարծում եմ, որ Իսրայելն ունի պատասխան` իրանական սպառնալիքի դեմ, ինչպես դա եղավ ապրիլին Իրանի անհաջող հարձակման ժամանակ։ Այս անգամ էլ կլինի երկրների կոալիցիա, որոնք կփորձեն կասեցնել հարձակումը, ինչպիսին էլ այն լինի։

- Ի՞նչ են մտածում հասարակ իսրայելցիներն այս ամենի մասին: Աջակցո՞ւմ են արդյոք Նեթանյահուի քաղաքականությանը:

- Իսրայելի հասարակությունը պառակտված է. Նեթանյահուն՝ ծայրահեղ ազգայնականների կուսակցության առաջնորդը, մեծ աջակցություն է ստանում այն ​​մարդկանցից, ովքեր հիմնականում ռասիստ են և հետաքրքրված են հրեական գերակայությամբ: Ցավոք, այդ ծայրահեղականները և նրանց համախոհները միլիարդատերեր են, որոնցից մի քանիսը չի ապրում Իսրայելում, նրանք ձեռք են բերել մի շարք լրատվամիջոցներ, հեռուստատեսային կայաններ, կայքեր և սոցիալական ցանցեր և դրանց միջոցով ազդում են հասարակական կարծիքի վրա: Դա կապված է նաև հենց այս լրատվամիջոցների կողմից Հայաստանի դեմ վերջին հրահրման հետ։ Ուստի կարելի է ասել, որ Նեթանյահուին ուղղված հանրային աջակցությունը մեծ է։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ իսրայելցիներ, ովքեր Նեթանյահուին մեղադրում են պատերազմի, դրա հետևանքով իրավիճակի վատթարացման, անխոհեմ ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու համար։ Նեթանյահուի հակառակորդները մեղադրում են նրան, որ նրա քաղաքականությունը հիմնված է բացառապես անձնական գոյատևման և բանտարկվելուց խուսափելու փորձերի վրա, քանի որ իր դեմ կոռուպցիայի մեղադրանքով ներկայում ընթացող դատավարություն կա: Ուստի Նեթանյահուի ընդդիմախոսներին թվում է, թե Նեթանյահուի միակ շահն իր իշխանության շարունակությունն է, քանի որ, որպես վարչապետ, նրան չեն կարող բանտ նստեցնել, այնինչ իրականում դա այդքան էլ հեշտ չէ, և երկար ու բարդ ընթացակարգից հետո միայն դա հնարավոր կլինի անել, ու որը կարող է տարիներ շարունակվել։ Հետևաբար, որպեսզի նա մնա իշխանության և խուսափի խորհրդարանում իմպիչմենտից, նրանից պահանջվում է հաճոյանալ կոալիցիայի անդամ կուսակցություններին, որոնցից մի քանիսը ծայրահեղ ծայրահեղական են։ Այսպիսով, գործնականում նրանք, ովքեր իշխանություն ունեն, ամենածայրահեղականներն են։