Նայենք մեզ գոնե թռչունի թռիչքի բարձրությունից

Նայենք մեզ գոնե թռչունի թռիչքի բարձրությունից

Անցյալ դարասկզբի ազգային ապոկալիպսիսի դիպուկ բնութագիրը, կարծում եմ, Դավիթ Անանունն է տվել: Հիշողությամբ եմ մեջբերում՝ ասում է, մեզ թվում էր, թե թշնամին թռչուն է, որ աղմուկ-աղաղակով պիտի թռցնենք: Մինչդեռ նա ժամանակի անձուկ կիրճում դարանակալած գազան էր, սպասեց հարմար պահի, բացեց ահռելի երախը, եւ պատմության ճամփորդին կուլ տվեց: Regnum-ը հրապարակել է հրեա քաղաքագետ-հրապարակախոսի հոդվածը, որտեղ հարցականով ուրվապատկերվում է  հնագույն ժողովուրդների՝ հրեաների, հույների եւ հայերի շահերի համատեղում, բայց խորհուրդ է տալիս չառաջադրել Կնեսետում ցեղասպանության ճանաչման նախապայման: Ասում է՝ պետության արտոնմամբ Իսրայելում կանգնեցվել է ցեղասպանության զոհերի հուշարձան, կլինի նաեւ երկրորդը:

Իսկ առհասարակ հայերի ողբերգության միջազգայնացման կարապետներն ազգությամբ հրեա են՝ Հենրի Մորգենթաուն, Ֆրանց Վերֆելը, Ռաֆայել Լեմկինը: Հայաստանում ունե՞նք Հոլոքոստի զոհերի հուշարձան: Չունենք: Փոխարենը երկրի բոլոր դժվարություններում տեսնում ենք «համաշխարհային դավադրության» ձեռքը, որ ժողովրդա-խոսակցական լեզվում կոչվում է «ջհուդա-մասոնականություն»: Քաղաքականության ոսկե կանոնն է՝ եթե չես կարողանում բարեկամանալ, գոնե աշխատիր չթշնամանալ:  

Մենք պետք է կարողանանք մեզ եւ հարակից երկրները տեսնել  գոնե  թռչունի թռիչքի բարձրությունից: Մտասեւեռման բացառիկ պահերին մեկ-երկու հանճարեղ մտածողի հաջողվել է ճշգրիտ պատկերը տալ, ինչպես  Չարենցի մոտ՝ «այս խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտում»:  Տավուշյան լարվածության օրերին վրաց հանրությունն իր կառավարությանն ահազանգեց երկրի թուրքական օկուպացիայի սպառնալիքի մասին: Եւ Թբիլիսին օդային տարածքը փակեց Ռուսաստանի ռազմատրանսպորտային ինքնաթիռների առաջ: Հայաստան սպառազինություն հասցնելու համար ռուսական ավիացիան ստիպված էր ընտրել Ռոստով-Մինվոդի-Ակթաու-Թուրքմենբաշի-Ռեշտ-Մեղրի-Երեւան 2500 կիլոմետրանոց երթուղին: Ծախսը՝ մի կողմ (թեեւ վերջնահաշվում վճարողը մենք ենք), բայց լայնածավալ պատերազմի դեպքում սպառազինությունների եւ ռազմամթերքի կեսժամյա ուշացումը չէ՞ որ կարող է ճակատագրական լինել: Խոսքը շաբաթներ, ամիսներ, գուցե թե տարի տեւող պատերազմի մասին է: Նորերն ապրում են այլ «կոորդինատներում»:

Հին սերնդի մարդիկ պիտի հիշեն, թե ինչ տագնապ էր Երեւանից աղեղվում Ստեփանակերտ, երբ աբխազական երկաթուղու կամուրջներից մեկը հերթական անգամ օդ էր բարձրանում, եւ երկիրը մնում էր հացի քառասունութ ժամի պաշարի հույսին: Դեռ չխոսած զենքի, զինամթերքի, վառելիքի, քսայուղերի եւ այն ամեն ինչի մասին, առանց որի պատերազմ չես վարի: Պատերազմն, ահա, սա է, որի մասին ոչ ոք դեռ  անաչառ չի պատմել: Գրով: Գեղանկարով: Կիոնխցիկով: Քանդակով: Նորերի իմացած պատերազմը «հաղթանակից-հաղթանակ շքերթ է, որտեղ հայ զինվորները զորահանդեսային քայլքով թնդացնում են մարտադաշտը, իսկ թշնամին՝ մազապուրծ ճողոպրում»: Ես գիտեմ՝ եթե այս գիրը հրապարակվի, կուշտ կերած-խմած մեկը հայհոյախառը մեկնաբանություն է անելու: Մեկը, որ պատերազմ չի տեսել: Ապրիլյան քառօրյային մի քանի ժամով կամուֆլյաժ է հագել եւ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «սելֆի արել»: Ոչինչ: Ով համարձակվում է հրապարակային խոսք ասել, պետք է պատրաստ լինի դառնացածության: Եւ մեզնից մեկի հայացքը  պիտի թռչունի թռիչքի բարձրության հասնի: Թե չէ «ռաբիս» էյֆորիան ժամանակի անձուկ կիրճում դարանակալած գազանի հաճույքով մի օր մեզ խժռելու է…