Ռոբերտ Եսայան. Խռովք

Ռոբերտ Եսայան. Խռովք

ԽՌՈՎՔ

Օ՜, տենչերի հոգեվարք…
կրակի մեջ ու ձյունի
ինչքա՜ն ցավեր եմ կծկել
իլիկով խեւ ոտքերիս,
հիմա ինչպե՞ս ես նայեմ
ցորենի կույր բիբերին,
երբ միջնադարն է հառնում
ժամանակի վիհերից:

Նոր էր խորանս բացվել
ցերեկներով իմ արյան,
անունից իմ բարձրացել
առեղծվածս աստղային,-
ասա՛, ինչպե՞ս աղոթեմ
արկահարվող տաճարում,
երբ միջնադարն է հառնում
ժամանակի վիհերից:

Ես հերկել եմ աստղերի
շողով բուքը լեռների,
ջերմացրել ձեզ, որպես
մրգահասի ծիածան,
հիմա ինչպե՞ս ես տանեմ
կորստի ցավն այրերի,
երբ միջնադարն է հառնում
ժամանակի վիհերից:

Փակի՛ր կոպերս՝ թեկուզ
ստվերներով զոհերի,
որ իմ հոգին չհամբարձվի,
որպես խղճի պատարագ,-
ախր, ինչպե՞ս ընդունեմ
Ավետիսը Գալիքի,
երբ միջնադարն է հառնում
ժամանակի վիհերից:


***

Սովորության շրջագիծը բեկվեց շնչով Արամորդու,
եւ տողերի լապտերներով լուսավորվեց դաշտն հոգեւոր,
լռությունից աղբյուր բխեց, երազների շիթեր հորդուն,
եւ բառերը առնչվեցին կյանքի ոգուն նոր համբույրով:

Ունկնդրեցի նվագները հիշողության բողբոջների,
որ լույսի պես ցայտում էին տառապանքից հայրենի տան,
հորս դեմքը արթնացրեց պայծառ ոգին ճամփաների,
մորս շունչը աղոթքի՜ պես ինձ նեցուկ է ու պահապան:


ԿԱՄՈՒՐՋ

Մահվան միջակետ չէ քո հայացքը, ի՜մ բառ,
այլ կենսալից սերմ է՝ գալիք հերկի՜ համար:

Զոհասեղան-մուսան ծի՜ր է փնտրում լույսի,
բառի հոգին ծնվում եւ պարգեւո՜ւմ է սեր:

Աստղի հայտնությո՜ւն է ճանապարհը տողի,
հոգու նոր երկինք է ճառագում քո շողից:

Երբ ձայնդ լռության ավազանն է փրկիչ,
հայրենիքիդ շունչը ճրա՜գն է քո խղճի:

Պոե՛տ, ցավի լույսից երազնե՜ր ես քամում,
բեւեռների միջեւ քո անունը՝ կամո՜ւրջ:

19.10.2020թ.,
ք. Շուշի

 

***
Ո՞վ է հիշողության արցունքներով լվանում
սալաքարերը երկնքի:
Հույսի քաոսի առանցքի վրա
ո՛ր հայի դեմքն էլ փորձես շոշափել-
քարտե՜զ է ցավի:

08.09.2020թ., 
ք. Ստեփանակերտ

 

ՎԵՐՆԱԳՐԻՑ ԴՈՒՐՍ

Ես դուրս եմ ելնում իմ վերնագրից,
մտնում տարածքը հողեղեն գոյի
կամ զատվում վիհից ճակատագրի,
ստվերիս գուբը լցնում եմ հողով
եւ աճեցնում մեխակներ հույսի:

Հաղթահարում եմ իմ ճանապարհը՝
կողմնորոշվելով ճրագո՜վ ցավի:
Գուցե ճակատս հուշատախտա՞կ է,
որից պոկվել են բառերը մի օր
եւ անհետացել ասուպների՜ պես:

Գուցե ձեռքերս ճյուղե՞ր են ծառի,
որոնք երազ են տեսնում բողբոջով
եւ մեղուների համբույրից եռում
ծիածանի մեջ վաղորդյան ցողի,
դառնում են կապույտ սլացքի՜ բներ:

Գուցե աչքերս ակո՞ւնք են տենչի
(վերնագրից դուրս… նոր տարածություն),
որտեղ զատվում է սկիզբն իր վերջից,
կերպավորելով ընթացքն իմ ոգու
երազո՜վ աստղի ու ելքով ծաղկի:

Ես դուրս եմ ելնում իմ վերնագրից,
մտնում տարածքը հողեղեն գոյի,
կամ զատվում վիհից ճակատագրի,
ստվերիս գուբը լցնում եմ հողով
եւ աճեցնում մեխակնե՜ր հույսի:

25.08.2020թ.
ք. Ստեփանակերտ


ԵՂԵՐԵՐԳ

Բառը կախվել է թեւերից ներշնչանքների
ուր որ է կընկնի բարձունքներից
որպես նահատակ
Նախիջեւան այսուհետ-
մեծ լռության մի մասը
հիշատակի բռունցքը
հաղորդակցության պատարագները
ունկերն են տարածության
երբ լուսավորվում է ինքնամոտեցման անդունդը
թափուր պատվանդան է
քո ժամանակը
Նախիջեւան-
պտտահողմ հույսի
լույսի պատարագ


ՀԱՅԱՍՏԱՆ

Քարերն Անհունի հայրենահայաց լուսամուտներն են,
Բառերի հոգուց ելնում է կարմիր տարերքը երկնի:
Հայոց տառերն են խրվում հողի մեջ, ինչպես սերմերը,
Եվ մանանա է թափվում դաշտերին թեւերից երգի:

Չի՛ նստի երբեք կամքիս սալերին երկունքի մոխիր,
Եվ չի՛ քարանա երազի ճամփին մառախուղն ահի-
Հայկյան նետի պես ճեղքում է հոգիս կեղեւը ոխի,
Որ ծաղկի՜ լույսը հավատի շուրթին ու շեղբին բահի:

Ծաղիկը որպես կարոտի խորան՝ աղո՜թք է լսում,
Երկնի ծիծաղն է հոսում թեւերից ծիծեռնակների,
Հունն է կարկաչում եւ վարարում են կրքերը հասուն,
Կորիզի խորքում խլրտում է տաք շունչը Եթերի…

Հայրենի՛ք իմ պերճ, քո երդիկներից Սե՜րն է բարձրանում
Եվ վերադառնում, որպես երկնի շող, Հայաստան-անուն:

 

Լուսանկարը` Սոնա Ադամյանի. 2017թ. Շուշի

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ