Անհավանականը՝ հավանակա՞ն

Անհավանականը՝ հավանակա՞ն

Հետեւում եմ մամուլին, սոցիալական ցանցերին եւ չեմ հանդիպում վերլուծականի կամ սոսկական գրառման՝ ինչպե՞ս հասկանալ, որ ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների Բաքվի խորհրդաժողովն ընդունել է 2020թ.-ին կազմակերպության անդամ պետությունների միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու որոշում: Հայաստանն այդ խորհրդաժողովին հասկանալի պատճառներով չի մասնակցել, բայց նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարը բանակցություններ է վարել հայաստանցի գործընկերոջ եւ վարչապետ Փաշինյանի հետ: Այդ քննարկումներում ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցն արծարծվե՞լ է, Հայաստանն իր համաձայնությունը տվե՞լ է: Եթե՝ ոչ, ապա ինչու՞ չի արձագանքում Բաքվում հնչեցրած մտադրությանը: Եթե՝ այո, ապա ինչպե՞ս կարող են Հայաստանը եւ Ադրբեջանը միասնական ՀՕՊ համակարգում գտնվել: Ի՞նչ է դրանից հետեւում: Հայ-ադրբեջանական պատերազմի հավանականությունը բացառվու՞մ է: Ո՞վ է երաշխավորը: Ռուսաստա՞նը: Ինչպե՞ս: Regnum-ը Հայաստանում Ռուսաստանի ռազմահենակայանի զորությունը կրկնապատկելու մասին մտադրության կապակցությամբ, օրինակ, գործնականում բացառում է, որ պայմանական հակառակորդ է դիտարկվում Թուրքիան: Մեկնաբանի հայացքով՝ Գյումրիի ռուսական հենակայանի ռազմավարական կարեւորությունը կարող է պայմանավորված լինել Իրանում իրավիճակը սրելու ամերիկյան ծրագրով, բայց այդ դեպքում, ինչպես նա է կարծում, վտանգը կսպառնա նաեւ Ադրբեջանին: Ի վերջո, ռուսաստանցի հեղինակը բոլորովին էլ երեւակայական չի համարում դատողությունները, թե որոշակի հանգամանքների դեպքում Հայաստանը եւ Ադրբեջանը «կարող են դառնալ գործընկեր եւ դաշնակիցներ»: Աշխարհաքաղաքական զարգացումնե՞րն են դրան տանում, թե Ռուսաստա՞նն է ապագան այդպես մոդելավորում: Ահա թե խորքային ինչ «ջրեր են հոսում» մեր տարածաշրջանում: Իսկ մենք «խենթացել ենք» ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի՝ ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ճանաչող բանաձեւից…