Գժականով դուրսն է առաջնորդվում, գժականով ներսն է առաջնորդվում

Գժականով դուրսն է առաջնորդվում, գժականով ներսն է առաջնորդվում

Հարցազրույց ՀՅԴբյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի ցուցակի 7-րդ համար Արմեն Ռուստամյանի հետ

- Քարոզարշավի ընթացքում բազմիցս «սպառնալիքներ» է հնչեցրել Նիկոլ Փաշինյանը․ չկրկնեմ՝ նախորդ օրն էլ մուրճով էր եկել քարոզարշավի։ Ըստ Ձեզ, ինչպե՞ս է արտաքին աշխարհն արձագանքում այս ամենին։ Ոմանք կանխատեսում են քաղաքացիական բախումներ։

- Հենց սկզբից էլ հայտարարել էինք, որ այս ընտրություններն իրենց բնույթով ոչ այնքան արտահերթ են, որքան՝ արտակարգ։ Դրանցում մի մասի համար որոշվում է հայրենիքի փրկության հարցը, մի մասի համար՝ Նիկոլ Փաշինյանի փրկության հարցը։ Այդ հարցն է հուշում Նիկոլ Փաշինյանը, եւ այդ բոլոր հայտարարությունները բխում են իր ինքնապաշտպանական բնազդից։ Ի՞նչ է նշանակում պողպատյա մանդատ։ Նախ՝ ուժի դիրքերից խոսելն արդեն թուլության նշան է։ Իշխանությունը պետք է, հակառակը՝ հանդուրժողականություն, համերաշխություն ստեղծելու մասին խոսի։ Բայց էս մարդը․․․ Մեզ դրել է վիճակի մեջ, որ անընդհատ մղկտում, խնդրում․․․ պողպատը թող դուրսը կիրառի բա, թող գնա Ալիեւի հետ կիրառի։

- Այս մարդուն գիտենք։ Իսկ դուրսը՝ միջազգային հանրությունն ի՞նչ է անում։

- Դուրսն էլ հետեւում է այս ամեն ինչին՝ հասկանալով, թե ինչ ոչ ադեկվատ անձնավորության հետ գործ ունի։ Հայտարարվեց, չէ՞, որ ինքն արտաքին քաղաքականության մեջ գժականով է առաջնորդվում։ Այսինքն՝ գժականով դուրսն է առաջնորդվում, գժականով ներսն է առաջնորդվում։ Այսինքն՝ այս գժից պիտի ազատվեն թե՛ երկիրը, թե՛ արտաքին հարաբերությունները։

- Դուք տարիներ շարունակ պնդել եք, որ ՀԱՊԿ-ն՝ իբրեւ անվտանգության համակարգ, այլընտրանք չունի։ Մինչդեռ հասարակությունը դժգոհ է պատերազմի ընթացքում ռուսական կողմի պահվածքից, իսկ ընտրություններին մասնակցող կուսակցություններից շատերն իրենց նախընտրական ծրագրերում ՀԱՊԿ-ին մեր անդամակցության, առհասարակ՝ հայ-ռուսական հարաբերությունների վերագործարկման մասին են խոսում։ «Պատիվ ունեմ» դաշինքում, օրինակ, գրել են, որ համագործակցությունը պետք է լինի մեր կարիքներին համահունչ։ 

- Իսկապես, դեպքերը եկան ապացուցելու այն, ինչ ժամանակին մարդիկ լավ էին հասկանում։ Այն է՝ մեր աշխարհաքաղաքական դիրքի ու մեր հարեւաների հետ ունեցած հարաբերությունների բնույթի պարագայում երկիրը, որն ունի ամենամեծ պոտենցիալը մեր անվտանգային համակարգի ապահովման առումով, Ռուսաստանն է։ Եվ դա գնալով ավելի հստակ է դառնում, եւ ես վստահ եմ, որ պետք է Հայաստանում այդ իրողություններն արձանագրելով՝ կարողանանք վերականգնել մեր անվտանգային համակարգը, որն այսօր փլուզված է ամբողջությամբ՝ թե՛ ներսում, թե՛ դրսում։ Բնականաբար, դա ենթադրում է իսկապես շատ կշռադատված քայլեր՝ այն առումով, որ մեր անվտանգության եղած ու արդեն մոռացված պայմանագրերը նորից կարողանանք վերաթարմացնել…, որովհետեւ այդ պայմանագրերի մեջ փոխադարձ՝ Հայաստան-Ռուսաստան, ամեն ինչ ասված է, պարզապես օրվա իշխանությունների ապաշնորհությունը թույլ չտվեց, որ կարողանանք ամբողջութամբ դա օգտագործել։ Եվ փորձել խաղալ բոլոր ճակատներում՝ անիմաստ եւ կործանարար գործընթաց է, որը փորձեցին իրականացնել, իհարկե, դա ավարտված չէ դեռ, էսօրվա վարչախմբի կարկառուն ներկայացուցիչները։ Դրա հետեւանքով ունեցանք փլուզված արտաքին քաղաքական միջավայր, որի ամենապարզագույն դրսեւորումն այն է, որ արտգործնախարարությունն այսօր չի աշխատում։

- Վատագույն երազում նման բան կարո՞ղ էիք պատկերացնել։

- Նման բան անհնար էր պատկերացնել։ Ճգնաժամի գագաթնակետն այն էր, ինչ տեղի ունեցավ արտգործնախարարության հետ։ Էս մարդը եկավ, ասաց՝ ոչ մի բան ստեղծված չէ, բանակը քարկոծեց, ամեն ինչ․․․ Հասավ ԱԳՆ-ին, դիվանագիտական կորպուս, բանակ, որն իսկապես ստեղծված էր։ Այս ամենը մեր բոլորի աչքի առաջ է տեղի ունեցել, եւ, բնականաբար, իրեն հարգող որեւէ դիվանագետ էս պայմաններում չէր կարող մի կողմ քաշվել եւ սպասել, որ իրեն անընդհատ դեմ տան փաստաթղթեր, որոնցից ինքը տեղյակ չէ, փաստաթղթեր, որոնք առնչվում են մեր երկրի ճակատագրին, ապագային ու անվտանգությանը։ Դրա համար էլ մարդիկ ուղղակի սահմանազատման խնդիր են դնում՝ սահմանազատվել այս անձից։