Մարտի մեկի գործը, քաղաքական շանտաժը, իրադարձությունների խեղաթյուրումը…

Մարտի մեկի գործը, քաղաքական շանտաժը, իրադարձությունների խեղաթյուրումը…

Այն, որ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը քաղաքական հետապնդում է, Փաշինյանի անձնական վրեժխնդրություն ու աշխարհաքաղաքական խնդիրների դրսեւորում, դրանում համոզվում են անգամ այն մարդիկ, ովքեր ոգեւորվել էին Փաշինյանի՝ իշխանության գալով եւ նախորդներին մերժելով: Քոչարյանի դատավարությունը կապ չունի Մարտի 1-ի, մասնավորապես՝ 10 զոհերի սպանությունների բացահայտման հետ: Պարզապես այդ զոհերի հարազատներն օգտագործվում են քաղաքական նպատակներով. 30 մլն դրամի դիմաց նրանք ներկայանում են դատական նիստերին, գոռում՝ «Ռոբե՛րտ, մարդասպա՛ն» եւ այլ հայտարարություններ՝ հոգեբանական ճնշում գործադրելով դատական նիստի կողմերի վրա, ապահովելով էմոցիոնալ ֆոնը: Մոտ երկու տարի ձգձգվող դատական գործընթացը չի ապացուցում Քոչարյանի մեղավորությունը, բայց նա արդեն կրում է իր պատիժը՝ մնալով կալանքի տակ: 

Մարտի 1-ի գործը չի կարող բացահայտվել Փաշինյանի իշխանության օրոք: Ինչպե՞ս կարող են անաչառ բացահայտվել 12 տարի առաջ տեղի ունեցած դեպքերը, երբ Փաշինյանը բազմիցս ապացուցեց, որ ինքը փաստերի պրոֆեսիոնալ խեղաթյուրող է, իր խոսքն օրվա մեջ մի քանի անգամ փոխող, իր արածներից ու ասածներից հրաժարվող: Նման փաստեր՝ որքան ուզեք: Բայց հեռու չգնանք. մայիսի 8-ին ԱԺ դահլիճում տեղի ունեցածը, դրան հաջորդած՝ Փաշինյանի եւ մյուսների արձագանքներն ասվածի վառ ապացույցն էին: 

Շուշիի ազատագրման օրը դատարանի դահլիճում ընթանում էր այդ հաղթանակը կերտողներից մեկի դատավարությունը, իսկ միեւնույն ժամանակ դասալիքների իշխանությունն ԱԺ դահլիճում ծեծի էր ենթարկում իրենց «թանին թթու ասող» պատգամավորին: Դեպքը տեղի ունեցավ, ոչ ավել, ոչ պակաս՝ վարչապետի ներկայությամբ: Բայց Փաշինյանն այդ լարված իրավիճակում, փոխանակ իր թիմակիցներին սաստելու, հանգստացնելու, ճողոպրեց, լքեց նիստերի դահլիճը…փախավ… ինչպես մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտից փախավ, այն դեպքում, երբ քաջալերում էր ցուցարարներին՝ երկաթյա ձողեր վերցնել, բարիկադներ կառուցել, իսկ սիրտը փառավորվում էր, երբ տեսնում էր, թե ցուցարարները ոնց են ոստիկանների դեմ մարտնչում: Ընդդիմադիր Նիկոլը ցուցարարներին «դուխ» տվեց, ինքը փախավ: Գուցե ԱԺ դահլիճում տեղի ունեցածից էլ էր Փաշինյանի հոգին փառավորվում: Չէ՞ որ նախոդ օրը ինքը տհաճ խոսակցություն էր ունեցել Մարուքյանի հետ: Էլ չենք ասում, որ միգուցե նախապես քաջալերել էր նաեւ Միքայելյան Սասունին՝ «երկաթյա ձողերով զինվել»:

Այն, ինչ տեղի ունեցավ այդ օրը, սկսվեց բոլորիս աչքի առաջ, մենք տեսանք, թե ինչպես կայծը գցեց Բաբկեն Թունյանը, ով իր  հեռախոսահամարը տարածելու մեջ մեղադրեց ԼՀԿ-ին: Այն դեպքում, երբ ինքն անձամբ էր ԱԺ ամբիոնից հայտարարել իր հեռախոսահամարը: Տեսանք, թե ինչպես տեղից արձագանքեց Սասուն Միքայելյանը:

Մենք տեսանք, թե Միքայելյանն ինչպես ձեռքը տարավ, որ վերցնի շիշը: Իսկ շի՜շը, պատմական շի՜շը դերակատարում է ունեցել այն իրադարձությունների ժամանակ, որտեղ դերակատարում են ունեցել Նիկոլն ու Սասունը: 2018-ի իշխանափոխության ժամանակ տեսել ենք, թե ինչպես էր Սասուն Միքայելյանը շիշը շպրտում իրավապահների վրա: Բայց շշի կենսագրությունը սկսվում է դեռ «անտիկ» ժամանակներից. 2008-ին էլ էր շիշը գործոն՝ դյուրավառ հեղուկներով լի… Բարեբախտաբար, այս անգամ այն Սասունի մոտից հեռացրեց Անդրանիկ Քոչարյանը: Մենք տեսանք նիկոլականների հարձակումը Մարուքյանի վրա՝ թիկունքից: Այս ամենից՝ իշխանավորների այս պահվածքից հետո թվում էր, թե Փաշինյանը պետք է ներողություն խնդրի հասարակությունից՝ իր թիմակիցների ոչ պարկեշտ պահվածքի համար: Բայց ո՞նց, ինչո՞ւ: Փաշինյանի ձեռքը չոր քարի տա՞կ է, որ մի մանիպուլյացիա չանի ու իրենց զոհի տեղ չդնի, իսկ բոլոր «շառուշուռը» չգցի դիմացինի վրա: Մի ելույթ ունեցավ, որ քարը քարի վրա չթողեց: Բանից պարզվեց, որ իմքայլական կանայք ամեն օր սոցցանցերում բռնաբարվելու սպառնալիքների են ենթարկվում: «Դուխով» կառավարությունն էլ չի կարողանում գտնել բռնաբարելու ցանկություն ունեցողներին: Իսկ ամենասարսափելին երեխաների մասին ասված արտահայտությունն էր. սպառնում են այդ կանանց «երեխաներին սատկըցնել»: Եթե անգամ սոցցանցերում նման սպառնալիքներ եղել են թիմակիցների երեխաների հասցեին, ապա վարչապետը կարող էր հարգել թիմակիցների երեխաներին ու «սատկըցնել» բառին այլ հոմանիշ գտնել: Չէ՞ որ խոսքը երեխաների մասին է…

Բայց՝ չէ, Փաշինյանը պետք է այնպիսի բառ ասի, որ մարդու մարմնով սարսուռ անցնի, որ ավելի ազդեցիկ լինի: Իսկ երեխաները փաշինյանական թիմի համար գրգռիչ գործոն են հանդիսացել նաեւ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ. որոշ սադրիչներ հայտարարել էին, անգամ դեսպանատուն էին նման հայտարարություն ուղարկել, թե ոստիկանները երեխա են սպանել, մանկական կոշիկ ի ցույց դրեցին, աղաղակեցին, ողբացին: Ու այս սադրանքն ունեցավ իր արդյունքը, ցուցարարները ոխով լցվեցին ոստիկանների հանդեպ, ու շիկացած մթնոլորտն ավելի շիկացավ՝ ունենալով ողբերգական ավարտ:

ԱԺ ամբիոնից Փաշինյանը Մարուքյանին մեղադրեց սադրելու մեջ՝ փաստելով, թե «դեպքի վայր»` դահլիճի կենտրոն, առաջինը «ժամանել է» Մարուքյանը: Իսկ Սասունը, փաստորեն, ուզում էր դուրս գալ նիստերի դահլիճից, բայց միամիտ-միամիտ, առանց ցանկության, գնաց ու… տուր թե կտաս Մարուքյանին: Իսկ թե մինչ այդ ինչով էր զբաղված Սասունը, ինչ էր խոսում տեղից, ինչու ձեռքը տարավ դեպի շիշը, այդ մասին Փաշինյանը ոչինչ չասաց: 

Կարծես թե Փաշինյանը լավ չարդարացրեց իր թիմին, մի լայնածավալ «միջոցառում» էլ Լիլիթ Մակունցն էր կազմակերպել եւ բոլոր «պատմական փաստերը» ներկայացրեց հասարակությանը, թե երբ, որտեղ եւ ում հետ են Մարուքյանն ու իր թիմը կոնֆլիկտներ ունեցել, կռիվներ հրահրել, վիրավորել: Բայց, զարմանալիորեն, բոլոր դեպքերը պատմում էր վերջից՝ առաջին հատվածը մոնտաժված տարբերակով. ասենք, իմքայլականները, իրենց համար նստած, սոխ ու հաց կուտեին, մեկ էլ Մարուքյանը գալիս է ու շըրըխկ՝ սաղ շուշեքը ջարդում է: Մակունցը եկավ լրացնելու Փաշինյանի՝ մանիպուլացնելու «արվեստի» կիսատ կողմերը: Մակունցը հիշեցնում է, թե Մարուքյանն ինչպես է կոնֆլիկտի մեջ մտել ԲՀԿ-ականների հետ: Իմքայլական տիկինը, հավանաբար, մոռացել է, թե իրենք ինչպիսի կոնֆլիկտներ են ունենում ԲՀԿ-ականների հետ ու ոչ միայն ԲՀԿ-ականների…

Եվ այս իշխանությունը ոտքի վրա, արագ-արագ խեղաթյուրում է այն իրադարձությունը, որը տեղի է ունեցել հասարակության աչքի առաջ, իրադարձությունները ներկայացնում են գլխիվայր շուռ տալով: Այս մարդիկ ո՞նց կարող են անաչառ Մարտի 1-ի գործ բացահայտել, որը պահանջում է արդարամտություն, ծայրահեղ պրոֆեսիոնալիզմ, գործերի հանգամանալից ուսումնասիրություն: Փաշինյանենք դա կանեն իրենց ախորժակին ու քիմքին հաճո եղանակներով  ու մոտեցումներով՝ խեղաթյուրելով ու գլխիվայր շուռ տալով  իրադարձությունները: Իհարկե, եթե շարունակեն մնալ իշխանության ղեկին…