Կոչ է արվում առավել ինքնիշխան լինել Ռուսաստանի, միգուցե նաև Իրանի հետ հարաբերություններում. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ նախագահի ուղերձի մասին

Կոչ է արվում առավել ինքնիշխան լինել Ռուսաստանի, միգուցե նաև Իրանի հետ հարաբերություններում. Սուրեն Սարգսյանը՝ ԱՄՆ նախագահի ուղերձի մասին

Ավանդույթի համաձայն՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես շնորհավորական ուղերձ հղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սակայն այս ուղերձում ուշագրավ էր տեքստում տեղ գտած մի ձևակերպում, որը չէր եղել Թրամփի 2018, 2019 թվականների ուղերձներում։ Ի թիվս այլ ձևակերպումների կար նաև հետևյալը. «Մենք պատրաստ ենք շարունակել համագործակցությունը մեր ընդհանուր շահերի, այդ թվում՝ երկկողմ առևտրի ու ներդրումների ընդլայնման, իրավունքի գերակայության ամրապնդման, տարածաշրջանային կայունության և Ձեր երկրի ինքնիշխանությանը սատարելու տիրույթներում»։ 
Հայտնի չէ, թե կոնկրետ ինչ նկատի ունի ԱՄՆ-ը «Հայաստանի ինքնիշխանությանը սատարել» ասելով։ Ուշագրավ է, որ «ինքնիշխանության» վերաբերյալ ասվում է ԱՄՆ նախագահի՝ Հայաստանի անկախության առթիվ հղած ուղերձում։
Թեմայի վերաբերյալ «Հրապարակ»-ը զրուցեց միջազգայնագետ, ամերիկամետ Սուրեն Սարգսյանի հետ։

Ըստ Սարգսյանի՝ այդ ինքնիշխանության աջակցության վերաբերյալ Միացյալ Նահանգները նշտապես ուղերձներ մեզ հղել են և կոչ են արել առավել ինքնիշխանություն ձևավորել և պատրաստամություն են հայտնել այդ ինքնիշխանությանը աջակցելու։ «Դա նոր ձևակերպում չէ։ Սա եղել է, թե՛ մինչ իշխանափոխությունը, և թե՛ իշխանափոխությունից հետո Հայաստանում։ Սա նշանակում է, որ կօգնեն Հայաստանին, որպեսզի առավել անկախ լինի իր քաղաքական որոշումները կայացնելիս և դրա նպատակը հենց Հայաստանի՝ արտաքին քաղաքական հարցերում ինքնուրույն որոշում կայացնելուն է վերաբերում»,- շարունակեց Սարգսյանը։
Սարգսյանի խոսքերով՝ բնական է, որ ինքնիշխան որոշում կայացնելու համար պետությունը պետք է օժտված լինի շատ կարևոր հնաարվորություններով և կարողություններով, քանի որ ինքնիշխան որոշում կայացնելը ինքնին բավականին բարդ է ցանկացած պետության համար։ 

«Օրինակ՝ Միացյալ Նահանգները ինքնիշխան որոշում չի կայացնում, երբ որ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչում, որովհետև այդ որոշումը, իրենց այդ դիրքորոշումն էապես փոխկապակցված է Թուրքիայից իրենց քաղաքականությամբ, և բնականաբար Թուրքիայի ճնշման և ազդեցության տակ է, որ Միացյալ Նահագների նախագահը չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթը։ Այսինքն՝ նույնիսկ Միացյալ Նահանգները շատ դեպքերում, կոնկրետ օրինակը բերեցի, շատ դեպքերում ինքնիշխան որոշումներ չի կայացնում։ Բայց բնականաբար այն, ինչ ուղղվում է Հայաստանին, բնականբար կոչ է արվում առավել ինքնուրույն լինել, ինքնիշխան լինել Ռուսաստանի, միգուցե նաև Իրանի հետ հարաբերություններում, որովհետև այս պետությունները Միացյալ Նահանգների համար հակառակորդ պետություններ են»,- ընդգծեց միջազգայնագետը՝ հավելելով, որ այս ուղերձն առավելապես ուղղված է այդ երկու պետություններին։ 

Դիտարկմանը, որ մինչ այս 2018, 2019 թվականներին ՀՀ անկախության տոնի առթիվ, Սեպտեմբերի 21-ի առթով ԱՄՆ նախագահի ուղերձում չէր նշվել «Հայաստանի ինքնիշխանության» հարցը, պատասխանեց․ «Ես կարծում եմ, որ էական չէ, թե ինչ առիթով է շնորհավորանքը։ Որովհետև եթե ոչ Թրամփի, ապա պետքարտուղարի մակարդակով, այլ մակարդակներով շնորհավորական տեքստերում «ինքնիշխանություն» եզրույթը կիրառվել է։ Թե Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ, թե՛ վարչապետի ընտրության և վերընտրության կապակցությամբ, թե՛ Հայաստանում անցկացված ընտրությունների կապակցությամբ»։
Սուրեն Սարգսյանի խոսքերով՝ Թրամփի ուղերձում կարևոր առաձնահատկությունն այն է, որ շատ կարևոր հղում է արվում Կոսովոյի և Աֆղանստանի վրա և սա նշանակում է, որ Կոսովոն և Աֆղանստանը նրանց համար կարևոր նշանակություն ունեցող ուղղություններ են, և ըստ էության, Միացյալ Նահանգները նաև ակնարկում է այստեղ համագործակցության հաջողության վերաբերյալ։

«Եվ սա ամենակարևոր մեսիջներից մեկն է, որ պետք է այդ ուղերձում տեսնել և ուշադրություն դարձնել։ Սովորաբար այս ուղերձները գրվում են կա՛մ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունում, կա՛մ գրվում են Ազգային անվտանգության խորհրդում, կա՛մ գրվում են պետդեպարտամենտում։ Միգուցե նույն մարդիկ են տարբեր մակարդակների մարդկանց համար գրված ուղերձներում մեսիջներ դնում, դրա համար, ես կարծում եմ՝ այստեղ զարմանալու ոչ մի բան չկա; Նախկինում չի ասվել, հիմա ասվում է կամ Թրամփի մակարդակով չի ասվել, իսկ հիմա ասվում է։ Այնսպես որ, այստեղ զարմանալու բան չեմ տեսնում»,- եզրափակեց Սուրեն Սարգսյանը։

Մեկնաբանության համար «Հրապարակ»-ը կապ հաստատեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի հետ։ Վերջինս ասաց, որ զբաղված է, և պետք է նորից ուղերձը նայի, որ կարողանա մեկնաբանել, սակայն հետագայում մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։