Իշխանությունը «մատնոց է ֆռռացնում»

Իշխանությունը «մատնոց է ֆռռացնում»

Իշխանությունն իր օրեցօր բարձրացող աշխատավարձերի ու պարգեւավճարների թեման հասարակության մոտ մեղմելու եւ մարդկանց աչքերին «թոզ փչելու» համար չնչին գումարով բարձրացրեց կենսաթոշակները: Օրեցօր աճող գների պայմաններում կենսաթոշակառուներն անգամ չզգացին այդ «բարձրացած» կենսաթոշակի «վայելքը»:

Կարեւորը՝ երկրի վարչապետը տարբեր առիթներով այդ չնչին բարձրացումը պարբերաբար ներկայացնում է որպես իր ղեկավարած երկրի տնտեսական բումի արդյունք եւ մեծ լավություն՝ շահառուներին: Սակայն, շատերի համար այդ բարձրացումը դարձավ չարիք. պարզվեց, որ այդ երկու հազար դրամի համար որոշ մարդիկ զրկվել են ընտանեկան նպաստից: Իսկ որոշ ընտանիքներ էլ՝ անգամ բազմազավակներն, անակնկալի են եկել, տեսնելով, որ իրենց ընտանեկան նպաստի գումարը նվազել է: 

Մարդիկ դիմում են սոցիալական ծառայության իրենց տարածքի պատասխանատուին, եւ ստանում պատասխան՝ քանի որ այդ ընտանիքի տատիկի կամ պապիկի կենսաթոշակը այսքան դրամով ավելացել է, ապա նվազել է ընտանեկան նպաստի գումարը, արդյունքում մի տասն անգամ նվազել է ընտանիքի ողջ եկամուտը: Ստացվում է, որ կենսաթոշակներն ավելացել են ոչ թե փաշինյանական տնտեսական «բումի» ու զարգացման շնորհիվ, այլ՝ նպաստառուների հաշվին՝ նրանց պակասած նպաստի շնորհիվ: Փաստորեն, բյուջեի հաշվին սեփական բարեկեցությունը եւ «կոմֆորտը» ապահովելու, ծառայողական ավտոմեքենաների պարկը թարմացնելու, աշխարհով մեկ անիմաստ շրջագայելու, պետքարանները շքեղ վերանորոգելու աստղաբաշխական գումարները կան, բայց սոցալապես խոցելի խմբերի կարիքները հոգալու գումար չկա, եւ դրա համար պետք է այդ խավի մի գրպանից փողը հանել՝ դնել մյուս գրպանը: