«Պոզների» սպասելիս

«Պոզների» սպասելիս

Ռուսաստանցի հեռուստալրագրող Վլադիմիր Պոզները Կալիֆոռնիայում մի ադրբեջանցի ուսանողուհու հարցին ի պատասխան ասել է, որ Արցախը Հայաստան է: Սոցիալական ցանցերում իսկական փոթորիկ է, օգտատերերը կոչ են անում անհապաղ տարածել, կիսվում են, «լայքում»: Տպավորություն է, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է չեղյալ հայտարարել ԼՂ հարցով չորս բանաձեւերը կամ Ադրբեջանի ԱԳՆ-ն է հայտարարել, որ հօգուտ Հայաստանի հրաժարվում է Լեռնային Ղարաբաղից: Պոզները ոչ պաշտոնական դեմք է, կարող է ասել՝ ինչ տվյալ պահին մտածում է: Դրա համար նա ոչ ոքի առաջ պատասխանատու չէ: Բայց երբ պետական դումայի պատգամավոր Զատուլինն է կես-բերան խոսում ԼՂ կարգավորման մասին, Ռուսաստանի արտգործնախարարությունը հարկ է համարում պարզաբանել, որ նա չի արտահայտում Մոսկվայի պաշտոնական տեսակետը: Մենք սովորաբար նման «մանրուքները» չնկատելու ենք տալիս արդեն շուրջ մեկուկես դար՝ Բեռլինի վեհաժողովի ժամանակներից ի վեր:

Չենք մտնում իրական քաղաքական ռեժիմի մեջ, չենք հաշվարկում հնարավորությունները, չենք բաղդատում հակառակորդի ռեսուրսների հետ, գիտականորեն ստույգ վերլուծություններ չենք անում: Ապրում ենք «Պոզների» սպասում՝ որ, ահա, աշխարհի տարբեր ծագերում կգտնվեն հեղինակավոր մարդիկ, կասեն, որ Արցախը Հայաստան է եւ՝ վերջ, հարցը կլուծվի: Գուցե սխալվում եմ, տա Աստված՝ այդպես լինի, բայց գրեթե համոզված եմ, որ «Պոզներ» երեւույթը սերտորեն կապված է իմպերիականության հետ՝ անկախ «Պոզների» ազգությունից: Այդպես մեր պատմության մեջ մի անգամ եղել է. երբ ցարական բանակներն Արեւմտյան Հայաստանում կանխածրագրված «վառած հողի» քաղաքականություն էին իրականացնում, որպեսզի մաքրագործված տարածքներում «Եփրատի կազակություն» ստեղծեն, ռուս մտավորականությունը հիշեց Արեւելքի տառապյալին՝ հայ ժողովրդին եւ նրա մշակույթն ու գրականությունը: Եւ Վալերի Բրյուսովի խմբագրությամբ հրատարակվեց «Поэзия Армении» անթալոգիան: Եւ Հովհաննես Թումանյանը գրեց, որ կա երկու Ռուսաստան՝ ինքնակալական եւ հումանիստ: Եւ հավատաց ու փորձեց հավատ ներշնչել, որ ապագայի հումանիստ Ռուսաստանը «կմարի Անատոլիայի դժոխքը եւ կկատարի իր պատմական միսիան՝ փրկել Արեւելքի քրիստոնեությունը»: Պատմությունն ապացուցեց, որ դա միայն հույս էր: Ոչ ժամանակավոր կառավարությունը, ոչ, մանավանդ, բոլշեւիկները չկատարեցին այդ «պատմական միսիան»: Ավելին, վերջիններս համերաշխվեցին թուրք ազգայնականության հետ եւ հանուն պրոլետարական հեղափոխության ավարտին հասցրին Արեւմտյան Հայաստանի հայազրկության գործը:

Ի՞նչ երաշխիք կա, որ Վլադիմիր Պոզները կամ ուրիշ մեկն այսօր չի խաղում Վալերի Բրյուսովի դերը՝ տպավորություն չի ձեւավորում, թե «կա երկու Ռուսաստան»: Մեկը՝ թուրքական աշխարհի , մյուսը՝ Հայաստանի հետ համերաշխվող: Ի՞նչ երաշխիք, որ Արցախ այցելող ԱՄՆ կոնգրեսականները նույնը չեն անում: Կամ՝ ֆրանսիացի պատգամավորները: Իրական քաղաքականության տեսակետից ի՞նչ արժե ամերիկացի երեք-չորս կոնգրեսականի «հայամետ» տեսակետը կամ Զատուլինի հայտարարությունը եւ Պոզների պատասխանն ադրբեջանուհուն: Ստույգ՝ ոչինչ: ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշում է նախագահը: Նույնը՝ Ռուսաստանի եւ Ֆրանսիայի պարագայում: Ովքե՞ր են Թրամփի, Պուտինի, Մակրոնի խորհրդատուները: Ի՞նչ հաշվարկների վրա են նրանք կազմում իրենց վերլուծական տեղեկանքները: Աշխարհը պրագմատիկ է, քաղաքականությունը՝ ճշգրիտ հաշվարկ: Պոզներին կարելի է լսել եւ թեթեւակի շնորհակալություն հայտնել: Ընդամենը: Բայց որ Ադրբեջանի նախագահը կարծես թե առաջին անգամ՝ հոկտեմբերի 25-ին Հասան Ռուհանիին ընդունելով իր պաշտոնական նստավայրում, Իրանն անվանել է եղբայրական երկիր, դրանից ոչ միայն պետք է զգաստանալ, այլեւ փորձել հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում իրանա-ադրբեջանական հարաբերություններում: Որպեսզի կարողանանք կողմնորոշվել, իմանալ այսօրվա եւ, հատկապես, վաղվա անելիքը: Բայց ու՞մ ես ասում, եթե մի ողջ ժողովուրդ արդեն 150 տարի է՝ ապրում է «Պոզների» սպասելիս…