Ինչ կրթություն ունի 25-ամյա համայնքապետը և ինչ է պատրաստվում անել համայնքում

Ինչ կրթություն ունի 25-ամյա համայնքապետը և ինչ է պատրաստվում անել համայնքում

Շիրակի մարզի Գետափ համայնքում 197 ձայնով համայնքապետ ընտրվեց 25-ամյա Շիրակ Խաչատրյանը։ Խաչատրյանին զուգահեռ իրենց թեկնածությունն էին առաջադրել համայնքապետի ԺՊ Ձոնիկ Սարգսյանն ու Հովհաննես Բաղդասարյանը՝ համապատասխանաբար ծնված 1977 և 1966 թվականներին։

« Հրապարակը» 25-ամյա համայնքապետից հետաքրքրվեց, թե ինչպես որոշեց թեկնածություն առաջադրել և ինչպես կգնահատի ընտրությունների ընթացքը:

«Ընտրություններին որոշեցի մասնակցել իմ ընկերների և բնակիչների հորդորով։ Մինչ այդ եղել եմ գյուղի ավագանու անդամ, ինքնառաջադրվել եմ որպես համայնքի ղեկավարի թեկնածու։ Ընտրապայքարն անցել է նորմալ պայմաններում, 3 թեկնածու ենք եղել, ստացել եմ 197 ձայն։ Մյուս թեկնածուների համեմատ իմ ձայների առավելությունը շատ էր։ Դեռևս երիտասարդ եմ, կրթություն ունեմ, գյուղացիները համակրել են, տվել են իրենց ձայնը»,- պատասխանեց Խաչատրյանը։

- Ի՞նչ կրթություն ունեք, ինչո՞վ եք զբաղվել մինչ համայնքապետ ընտրվելը։

- Սովորել եմ ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի ՍՄԳ կառավարում-մենեջմենթ բաժնում: 2012-2014թթ. ծառայել եմ ՀՀ զինված ուժերում: Զորացրվելուց հետո շարունակել և 2017թ․ ավարտել եմ համալսարանը։ 2017-2019թթ. սովորել եմ ՀՊՏՀ Ֆինանսական ֆակուլտետի մագիստրատուրայում` «Մաքսային վարչարարություն» մասնագիտությամբ: 2018թ-ից առայսօր սովորում եմ ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայում` «Կառավարում» մասնագիտությամբ:

- Բացի համագյուղացիների և ընկերների հորդորից, Դուք ինքներդ ի՞նչ եք կարծում՝ կկարողանա՞ք համայնքը ղեկավարել։

- Այո, ես պատրաստ եմ համայնքը ղեկավարել։ Մինչ այս աշխատանք չեմ ունեցել, բայց կարող եմ համայնքը ղեկավարել իմ ուժերի ներածին չափով, կփորձեմ ամեն ինչ անել համայնքի բարօրության համար։

- Համայնքում տիրող իրավիճակին տեղյա՞կ եք, գիտե՞ք, թե ինչ խնդիրներ կան, արդեն առաջնահերթությունների ցանկ ունե՞ք։

- Համայնքում կան բազմաթիվ խնդիրներ։ Առաջնայինը համայնքում մանկապարտեզի խնդիրն է։ Չունենք մանկապարտեզ, երեխաները հաճախում են կողքի գյուղի մանկապարտեզ, ով մեքենա ունի, իսկ ով չունի՝ երեխաներն այդպես էլ չեն հաճախում մանկապարտեզ։ Բացի այդ, գյուղի ճանապարհների վիճակը նորմալ չէ, համայնքային լուսավորվածության խնդիր ունենք, ոռոգման ջրի խնդիր կա։ Հետագայում այդ հարցերը նույնպես պետք է լուծվեն, բայց առաջնային այս պահին մանկապարտեզի հարցն է։ Գյուղի մշակույթի տունը հիմնովին ավերված է, կապիտալ վերանորոգման կարիք ունի։

- Ընտրությունների ժամանակ որևէ քաղաքական ուժ կամ անձ Ձեզ աջակցե՞լ է։ Դուք կուսակցակա՞ն եք։

- Ոչ, ես անկուսակցական եմ, որևէ քաղաքական ուժ ինձ չի սատարել, ոչ ոք ինձ չի օգնել։

- Իսկ եթե իշխանական ՔՊ-ից առաջարկ լինի կուսակցությանը անդամագրվելու, ի՞նչ որոշում կկայացնեք։

- Այս պահին չեմ կարող ասել, ես միշտ էլ անկուսակցական եմ եղել և ներկա պահին էլ որևէ կուսակցության չեմ հարում։

- Դուք պատրա՞ստ եք քննադատությունների։ ԱԺ-ում էլ շատ երիտասարդ պատգամավորներ կան, և նրանց սխալները հիմնականում կապվում են երիտասարդության և անփորձության հետ։

- Ես պատրաստ եմ քննադատությունների։ Չեմ կարծում, որ երիտասարդ լինելը որևէ խոչընդոտ կարող է հանդիսանալ։ ԱԺ-ում էլ կան երիտասարդներ, բայց ես կարծում եմ, որ նրանք համապատասխան կյանքի փորձ ունեն, կրթություն են ստացել և կարող են երկիրը ղեկավարել։

- Բոլորի՞ մասին ունեք այդպիսի կարծիք։

- Բոլորի մասին չէ։ Ես մի մասի հետ ծանոթ եղել եմ անձնապես և կարող եմ ասել, որ հաստատ կարող են ղեկավարել երկիրը։

- Պատրա՞ստ եք համայնքապետարանի հին աշխատակիցների հետ աշխատել, թե՞ նրանց նորերով կփոխարինեք։

- Դեռ չեմ կարող ասել՝ հին աշխատակիցների հետ կաշխատեմ, թե չէ, համենայնդեպս, այդ մասին խոսել դեռ շուտ է:

- Այս ընթացքում համայնքի բնակիչներից  որևէ մեկն իր խնդրով մոտեցե՞լ է Ձեզ։

- Ես դեռ չեմ ստանձնել համայնքապետի պարտականությունները, սակայն գյուղացիներն արդեն դիմում են՝ առաջին հերթին կարևորելով մանկապարտեզի կառուցումը։