Ստեփանակերտում ոչնչացվել են ամբողջական բնակելի թաղամասեր

Ստեփանակերտում ոչնչացվել են ամբողջական բնակելի թաղամասեր

Ադրբեջանը շարունակում է համակարգված ոչնչացնել հայկական հետքն Արցախում։ Հողին են հավասարեցվում եկեղեցիներ ու հուշարձաններ, ամբողջական գյուղեր՝ Մարիամաձոր, Ծամձոր, Քարինտակ եւ այլն, հասարակական նշանակության շինություններ ու թաղամասեր։ Այսպես․ ինչպես փոխանցում է «Գեղարդ» հիմնադրամը, Ստեփանակերտում ոչնչացվել են ամբողջական բնակելի թաղամասեր, քաղաքի պատմական հատվածը, կառավարական շենքեր։

Ադրբեջանի կողմից այս գործելակերպն ամենեւին էլ նոր չէ, այլ՝ տասնամյակներ շարունակ իրագործվող ռազմավարություն․ տարածքի յուրացումն իրականացվում է հայկական հետքը ջնջելով ու մոռացության տալով․ վկան՝ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը։

Հիշողությունը ջնջելու, մոռացության մատնելու քաղաքականությունն իրականացվում է տարբեր մեխանիզմներով, օրինակ՝ ժխտում, պատմության վերաշարադրում՝ ըստ քաղաքական նպատակահարմարության, ֆիզիկական օբյեկտների ոչնչացում, տեղանունների փոփոխություն եւ նոր քարտեզի ստեղծում։ Բաքուն ամբողջ ծավալով լծված է՝ վերոնշյալ մեխանիզմների միջոցով յուրացնելու Արցախի տարածքը, պատմությունն ու ժառանգությունը։ Ստեփանակերտում հայ բնակչության տեղահանությունից հետո քաղաքում հետեւողականորեն վերացվում են հուշարձաններն ու բնակելի շինությունները։ Դրանց տեղում կառուցվում է ադրբեջանական նարատիվներն սպասարկող քաղաքային միջավայր` «հաղթանակի հրապարակ», «հաղթանակի պուրակ», փողոցներին տրվում են ադրբեջանական անվանումներ։ Արցախի մայրաքաղաքում 2023 թվականի հոկտեմբերից իրականացվում է քաղաքի հայկական անցյալը ջնջելու, մոռացության մատնելու եւ նոր՝ «խանքենդիական» անցյալ ու ապագա կառուցելու քաղաքականություն։