Խաղաղապահներին ընդգրկել են դիվանագետների ցանկում

Խաղաղապահներին ընդգրկել են դիվանագետների ցանկում

Մենք ընտրությունների օրը գրել էինք, որ էլեկտրոնային քվեարկություն իրականացնող դիվանագետների քանակն արտերկրում 287 է եղել, որից 284-ն է քվեարկել եւ պատկերը եղել է ոչ հօգուտ գործող իշխանությունների՝ ընդամենը 4 կողմ ձայն ՔՊ-ին։ Սակայն հունիսի 20-ի երեկոյան ԿԸՀ նախագահը զարմանալի թվեր հրապարակեց, որտեղ ներկայացնելով օտարերկրյա պետություններում հայկական դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների ու նրանց ընտանիքների անդամների քվեարկության արդյունքները, նշեց, որ 650 անձանցից ընտրություններին մասնակցել էր 500-ը, որից 163-ը Քաղպայմանագրի օգտին։ Բոլորս զարմացանք, թե ինչ մանիպուլյացիա են արել թվերի հետ, որ դիվանագետների քանակը այդքան աճել է։
Երեկ պարզեցինք այս «գաղտնիքը»։

Պարզվում է՝ դիվանագետների անվան տակ քվեարկել են նաեւ դրսում ծառայող զինվորականները, մասնավորապես՝ խաղաղապահները։ Միայն 2019 թվականին Սիրիա ուղարկված հայկական առաքելությունը՝ հայ բժիշկներից ու սակրավորներից կազմված, 83 հոգի են։ Իսկ զինվորականները եւ նրանց հավասարեցված անձինք մենք շատ լավ գիտենք, թե սովորաբար ինչպես են քվեարկում։ Սակայն խաղաղապահներին դիվանագետների կազմում ընդգրկելու եւ այդ փաստը գաղտնի պահելու իմաստն այն էր, որ դիվանագետների շրջանում եւս տպավորություն ստեղծեն, թե Նիկոլ Փաշինյանն անգամ ԱԳ պրոֆեսիոնալ միջավայրում աջակցություն ունի։ Ոչինչ, որ մոտ մեկ ամիս է ԱԳՆ-ն չունի նախարար, փոխնախարարներ եւ ԱԳՆ աշխատակազմում էլ լուրջ հակաիշխանական տրամադրություններ են տիրում։