«Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» երեկ ճախրում էր Սևանի ափին (լուսանկարներ)

«Ջոնաթան Լիվինգսթոն  ճայը» երեկ ճախրում էր Սևանի ափին (լուսանկարներ)

Երեկ կապուտաչյա Սևանի ափին՝  Գրողների միության հանգստյան տանը տեղի ունեցավ Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»  ֆիլմի  դիտում-քննարկումը:


Ֆիլմի դիտում-քննարկման նպատակն էր վերաարժևորել գրքում առաջ քաշված գաղափարների դերը յուրաքանչուրիս կյանքում, ներկայացնել մեծ երազանքներին հասնելու բարդ ուղին և այդ ճանապարհին առկա խոչըդնոտները: Միջոցառման կազմակերպիչ կինոքննադատ, կինոլրագրող Դիանա Մարտիրոսյանը վստահ է, որ ոգևորող պատմություններ պետք են բոլորիս։ 


 «Մենք պետք է կիսվենք մեր պատմություններով ու ցույց տանք, թե ինչպիսին է եղել հաջողության ճանապարհը, կոնկրետ օրինակներով ցույց տանք մի կետից մյուսը հասնելու ընթացքը. ոմանց համար բարդ, ոմանց  համար՝ անհավանական թվացող: Բայց նման  պատմությունները ոգեշնչող կարող են լինել բոլոր նրանց համար, ովքեր նոր են կառուցում իրենց երազանքի ճանապարհը:  Ի վերջո, ես վստահ եմ, որ բոլորիս մեջ էլ ապրում է Ջոնաթան Լիվինգսթոնը»,- նշեց Դիանա Մարտիրոսյանը:


Ամերիկացի գրող Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» նովելը տասնամյակներ շարունակ իր ընթերցողի համար ազատության և նպատակների ձգտման, երազանքներ ունենալու և դեպի դրանք ձգտելու ուղերձ է: Ռեժիսոր Հոլլ Բարթլեթի «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը» ֆիլմը, որն «Ամերիկյան կինոյի ինստիտուտի» կողմից ընգրկվել է «Հարյուր ամենամոտիվացնող ֆիլմեր»-ի ցանկում և արժանացել «Գրեմմի»-ի ադամանդին ու «Ոսկե գլոբուս» մրցանակին, այդ ուղերձների բացառիկ էկրանավորումն է:

Բոհեմյան հավաքատեղին այս անգամ կապուտաչյա Սևանն էր, որի գլխավերևում ևս ճայեր են ճախրում։ Հիմնավորելով վայրի ընտրությունը՝ Դիանա Մարտիրոսյանը նշեց, որ Հայաստանի մարզերն ունեն զբոսաշրջային ու մշակութային զարգացմանը նպաաստող մեծ պոտենցիալ, և  որը պետք է օգտագործել:

««Ոսկե ծիրան» 16-րդ կինոփառատոնի» նախապատրաստական աշխատանքների ժամանակ էինք այս տարածքը տեսել և ափսոսանք էիք ապրում, որ բոլոր միջոցառումները տեղի են ունենում հիմնականում Երևանի կենտրոնում, մինչդեռ Հայաստանն ունի շատ մեծ նախադրյալներ մարզերում մշակութային կյանքն ակտիվացնելու, հետաքրքրացնելու համար: Շնորհակալ եմ բոլորիդ, որ միացաք իմ այս խենթ գաղափարին, շնորհակալ եմ աջակցության, ձեր կարծիքների, մտքերի համար: Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել «Երեմյան Փրոջեքթս» ընկերությանն ու իր պատրաստակամ ու պրոֆեսիոնալ թիմին, առանց որի այս ամենը հնարավոր չէր լինի իրականացնել: Իսկ Լիվինգսթոնի մասին մենք դեռ շատ կլսենք», սա որպես «սփոյլեր» եմ ասում, – նշեց Դիանա Մարտիրոսյանը: 


Ֆիլմի դիտումից հետո սրահում ակտիվ քննարկում ծավալվեց, մասնագետների, տարբեր ռեժիսորների և հյուրերի միջև։
Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի կարծիքով՝ պետք է գնալ սեփական երազանքների հետևից՝ չընկճվելով և պայքարելու ջիղը չկորցնելով։ 

Դերասանուհի Անի Խաչիկյան էլ նկատեց․ «Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ անկախ նրանից, թե քանի անգամ  թևերդ  կկոտրվեն, միևնույն է, պետք է կարողանալ ճախրել, որովհետև առանց թռիչքի կյանք չկա։ Եթե կա հնարավորություն, ավելի լավ է թռչել դեպի անհայտություն, քան մնալ տեղում կանգնած»։