Բանակը քանդելու ավելի արդյունավետ ձեւ, քան եռամսյա ծառայությունն է, չկա

Բանակը քանդելու ավելի արդյունավետ ձեւ, քան եռամսյա ծառայությունն է, չկա

Ապրիլի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վայոց Ձոր այցելության ժամանակ հերթական սկանդալային հայտարարությունն է արել՝ ասելով, որ պետք է գրավիչ դարձնել ծառայությունը բանակում եւ կրճատել ժամկետը։ «Գաղափար կա, որ ժամկետային ծառայությունը 5 տարին մեկ լինի՝ 3-ամսյա ժամկետով։ Պետք է գրավիչ դարձնենք ծառայությունը, ժամկետայինի համակարգն ընդհանրապես փոխենք, ժամկետը կրճատենք»,- նշել է Հայաստանի վարչապետը։ Նա կարծում է, որ այդկերպ երիտասարդներին հնարավորություն կտրվի տիրապետել նվազագույն հմտությունների։

Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը, հակառակը՝ կարծում է, որ սա բանակը քանդելու, մեր պաշտպանունակությունը ոչնչացնելու ամենաարդյունավետ ձեւն է։ Ըստ զինվորականի, մարտական պատրաստվածության փուլը մեկ տարի է՝ ամառային եւ ձմեռային փուլերով։ «Այս երկու փուլերի ընթացքում, այսինքն՝ մեկ տարվա ծառայությունից հետո, զինվորը դառնում է փորձառու։ Երկրորդ տարում նա արդեն մասնագիտանում է ու հմտանում է իր ձեռք բերած փորձառությունների մեջ։ Հիմա, եթե նրան երեք ամսով են տանում բանակ, 40 օր կարանտին պետք է անցնի՝ курс молодого бойца, որից հետո, երկրորդ 40 օրը ինքն ի՞նչ կարող է հասցնել սովորել»,- ասում է գնդապետը։ 

Երեւի կրակե՞լ։ «Կրակել, քայլել սովորեց, հետո՞։ Մարտական հերթապահություն չի սովորում, մարտավարություն չի սովորում, տակտիկական քայլեր չի սովորում, ջոկի, դասակի, վաշտի, գումարտակի, գնդի կազմում գործողություններ չի սովորում, չի ունենում մարտական պատրաստվածության փորձ։ Այսինքն՝ Նիկոլը դնում ու քրթ՝ կտրում է բանակի մարտունակությունը, ընդհանրապես բանակը վերացնում է։ Նա կատարում է թուրք-ադրբեջանական հրամանը, եւ ինչպես Ալիեւն էր վերջերս հայտարարել, որ Հայաստանին բանակ պետք չէ, որ իրենք կապահովեն Հայաստանին այն, ինչ անհրաժեշտ է, որ վիզը ծուռ Հայաստանը նրանց ողորմության ներքո լինի։ Ալիեւը հայտարարել էր, իսկ Նիկոլն իրագործում է»։ Հարցին՝ Փաշինյանի հայտարարությունը նախընտրական էֆեկտ ունենալո՞ւ է, Վոլոդյա Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ճիշտ հակառակը»։