«Արամ Խաչատրյանն» ու Լաերտ Վաղարշյանի սառցաբեկորները

«Արամ Խաչատրյանն» ու Լաերտ Վաղարշյանի սառցաբեկորները

Արամ Խաչատրյանին համարում էին երջանիկ կոմպոզիտոր: Նրան ծափահարել են, կոչումների ու պարգեւների են արժանացրել, երկրպագել: «Նա կոչված էր ժամանակակիցների տագնապն ու երազանքներն արտահայտելու, նա երջանիկ կոմպոզիտոր էր, մեր մոլորակի մթնոլորտը հագեցած է նաեւ նրա երաժշտությամբ»,- ռեժիսոր, սցենարիստ, գեղանկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լաերտ Վաղարշյանն է ասել Արամ Խաչատրյանի մասին: Այս մտքով սկսել է կոմպոզիտորին նվիրված իր մասշտաբային, 4 մասից բաղկացած վավերագրությունը, որն «Առաջին սիրո երգ»-ի եւ «Քաոս»-ի ռեժիսորը ստեղծել է 1976-1984 թվականներին՝ վեց տարի: Այս ֆիլմը գնահատված է եւ «երջանիկ»՝ իր հերոսի նման:

«Լաերտ Վաղարշյանի մյուս ֆիլմերի համեմատ սա երջանիկ ֆիլմ էր,- ասում է ռեժիսորի դուստրը՝ նկարչուհի Մարինա Վաղարշյանը, որը լեգենդար ֆիլմի բեմադրող նկարիչն է եղել։- Նրա «Մարտիրոս Սարյան»-ը փակեցին, «Կոչված են ապրելու» ֆիլմը, որը ռուս աղջկա ու ֆաշիստի սիրո մասին էր, փակեցին: Հակասովետականության հոտ էին առել այդ ֆիլմերից: Աթոյանցը պատմում էր, որ երբ «Կոչված են ապրելու» ֆիլմը ցուցադրեցին, իսկ այն մի քանի անգամ ցույց տվեցին մինչեւ փակելը, ոստիկանությունը դրամարկղերի մոտից մարդկանց քշում էր: Իսկ «Արամ Խաչատրյան»-ը բարեհաջող նկարահանվեց, սիրվեց, այն համարյա ամեն տարի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա կապակցությամբ, ցուցադրվում էր, բայց այս տարի՝ չցուցադրվեց»: Մարինայի աչքերը «տխրեցին»:

«Իրականում դա այնքան մեծ ապուշություն է, երբ միայն ծննդյան օրվա կապակցությամբ են մարդկանց հիշում»:  

Ու ծննդյան օրվա մասին  հիշողությունը տանում-հասցնում է կրկին Մարտիրոս Սարյանին: «83 տարեկան էր Մարտիրոս Սարյանը, եւ հայրս, որ խիզախ մարդ էր, ստիպեց, որպեսզի կառավարությունը թույլ տա, որ Սարյանն իր անհատական ցուցահանդեսը բացի 83 տարեկանում: Ուզում էին Սարյանի ցուցահանդեսը կազմակերպել 85-ամյակի կապակցությամբ, բայց հայտնի չէր՝ նա այդքան կապրի՞, թե՞ ոչ: Երբ ցուցահանդեսը եղավ, Սարյանը շատ ոգեւորվեց, երիտասարդացավ, այստեղից ցուցահանդեսը գնաց Մոսկվա, արտասահման»:

Մարինա Վաղարշյանի հետ հանդիպեցիք նրա տան մոտ՝ Աբովյան փողոցի սրճարաններից մեկում: Նա իր հետ նվիրական լուսանկարներ էր բերել․ ծխամորճով Վաղարշյանը՝ ֆիլմի նկարահանումների ավարտից հետո, դեռեւս չմոնտաժված ժապավենի կրիչների՝ «բաբինների» ֆոնին։ Նկարահանող խումբը՝ Մոսկվայում, «Բոլշոյ»-ի դերասանների հետ՝ Տատյանա Գոլիկովայի, Իրեկ Մուխամեդովի, Բորիս Ակիմովի, Յուրի Գրիգորովիչը՝ երկու Լաերտների արանքում՝ Լաերտ Վաղարշյանի եւ օպերատոր Լաերտ Պողոսյանի:

Գրիգորովիչը, հատուկ Վաղարշյանի նկարահանումների համար, սկզբից մինչեւ վերջ պարել է տվել «Սպարտակ»-ը: «Սպարտակ» ու «Գայանե» բալետները հավերժացել են նաեւ «Արամ Խաչատրյան» ֆիլմի փայլուն նկարահանումների շնորհիվ:

Ֆիլմի բոլոր սերիաները սկսվում ու ավարտվում են «Սպարտակ» բալետի տեսարաններով՝ ամրապնդելով Արամ Խաչատրյան-«Սպարտակ» ասոցիացիան: Օպերայի թատրոնում էլ Արամ Խաչատրյանին պարգեւատրում են Սպարտակի գլադիատորական սաղավարտով:

Լաերտ Վաղարշյանն ու Արամ Խաչատրյանը՝ երկուսն էլ հունիսի 6-ին են ծնվել: Մարինան հիշում է. «Հայրս պարծանքով ասում էր՝ Պուշկինը, Խաչատրյանը եւ ես»:

«40-ականներին, երբ Վաղարշյանը դեռ ուսանող է եղել, Խաչատրյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ֆիլմ նկարել նրա մասին: Խաչատրյանը մերժել է»:  

«Արամ Խաչատրյանն ասաց՝ դու դեռ շատ երիտասարդ ես, դու չես կարողանա լուծել այդ մեծ խնդիրը: Հետագայում նա մի քանի անգամ խոսել է այս թեմայի շուրջ Արամ Խաչատրյանի հետ: Բայց ֆիլմի վրա սկսեց աշխատել 1978 թվականից՝ Խաչատրյանի մահից հետո, կառավարության առաջարկով: Էդվարդ Միրզոյանն ասաց՝ կառավարությունը քեզ է ուզում հանձնարարել այդ գործը: Արամ Խաչատրյանի մասին մի քանի ֆիլմ կա, նույնիսկ 70-ամյակներին էլի ֆիլմ էին պատրաստում, բայց ես առանց ավելորդ համեստության ասեմ, որ հայրիկիս ֆիլմն ամենահաջողվածն է: Նա մինչեւ 1982 թվականը շատ մանրակրկիտ ուսումնասիրություններ էր կատարում, խրոնիկաներն էր նայում, գնում էր Արամ Խաչատրյանի հետքերով, մարդկանց էր հանդիպում՝ Եվգենի Սվետլանովին, Կարեն Խաչատուրյանին, շատերին, նաեւ՝ արտասահմանում: Մի նկարահանման օրվա արժեքը շատ բարձր էր, 15 հազար դրամ՝ այսօրվա փողով, ոչ պակաս: Նաեւ այն դեր խաղաց, որ հայրս Միխայիլ Ռոմի մոտ էր սովորել, իսկ Միխայիլ Ռոմը նաեւ մեծագույն դոկումենտալիստ էր: Եթե նրա կոնսուլտացիաները չլինեին, ինձ թվում է՝ հայրիկիս մյուս ֆիլմը՝ «Առաջին սիրո երգը», այդքան չէր ընդունվի հանդիսատեսի կողմից: Ուղղակի Միխայիլ Ռոմը բաժանված էր, ու ինքն ուզում էր, որ «Առաջին սիրո երգը» ֆիլմի հերոսներն էլ բաժանվեին: Բայց որոշվեց, որ նրանք չպետք է բաժանվեն, որովհետեւ դա դեմ է հայկական մենթալիտետին: Եթե Ռոմին լսեին, իհարկե, նրանք կբաժանվեին, ու կարող է հիասթափություն լիներ հանդիսատեսի կողմից: Ինչի՞ մասին էինք խոսում»:

Մարինա Վաղարշյանին հարցնում եմ «Երեւան» ստուդիայում պահպանված ֆիլմի մասին:

- 90-ականների վերջին ԱՄՆ-ից եկավ ամերիկահայ կինոռեժիսոր Զարե Ճգնավորյանը, գնեց «Արամ Խաչատրյան» ֆիլմը եւ տարավ ու օգտագործեց: Այդպե՞ս է եղել:

- Այո, շատ հայտնի ռեժիսոր էր: Ես գնացի Խզմալյան Տիգրանի մոտ, երբ որ նա տնօրենն էր «Երեւան» ստուդիայի: Նա ասաց, որ թույլ է տվել, որ ֆիլմը տանեն Ամերիկա: Բայց այդ ռեժիսորն այնքան պրոֆեսիոնալ էր, որ նա ընդամենը 2,5 րոպե վերցրեց ֆիլմից: Նա նկարահանեց լրիվ ուրիշ ֆիլմ, ուրիշ կոնցեպտով՝ հակասովետական: Նա իսկական ամերիկացի էր՝ Նյու  Յորքից: Ուղարկեց ինքնաթիռով ու այդ 2,5 րոպեի համար գումար մուծեց: Նույնիսկ Խզմալյանն այսպիսի համեմատություն արեց՝ որ Փարաջանովի ֆիլմից էլ ինքը մեկ րոպե է վերցրել, որն ավելի թանկ էր:

- Ներողություն, ի՞նչ գումար մուծեց Ձեզ:  

- Ինձ, կարծեմ, մի 100-200 դոլար տվեցին՝ 10 տոկոսը․ մեծ չէր գումարը: Բոլոր դեպքերում, ես վատ չզգացի:

- Մարդիկ ասում են, որ այդ ֆիլմի իրական տարբերակը չի բերվել Հայաստան, այն ֆիլմը, որը կա, պատճենն է:

- Ինչքան շատ լեգենդ հյուսվի ֆիլմի մասին, այնքան ֆիլմի օգտին է: Ես մի բան ասեմ՝ ամենաբարենպաստ կենսագրությունն ունեցավ «Արամ Խաչատրյան» ֆիլմը:

«Ուզում եմ փառաբանել կյանքի հրճվանքը»․ հնչում են Խաչատրյանի բառերը՝ Արմեն Ջիգարխանյանի ձայնով:

Մեծ հեռուստացույց է տեղադրված Խաչատրյանի երաժշտության համերգային աֆիշների ֆոնին, իսկ կադրից դուրս հնչում է նրա Ջութակի կոնցերտը: Երաժշտությունը ներդաշնակվում է Սեւանա լճի, մեր լեռների, վայրի, նուրբ բույս ու ծաղկի հետ, իսկ հետո դառնում է խորհրդային էպոխայի արդյունաբերական աղմուկ, եռուզեռ, զանգվածների ստեղծագործական վերելք: Մի քիչ սովետականություն կա այս պատկերներում, բայց ոչ մի հորինվածք:

Մարինա Վաղարշյանը ճակատագրական դեր է վերագրում «Արամ Խաչատրյան» ֆիլմին: Կարծում է, որ այն տիտանական ուժ է պահանջել Լաերտ Վաղարշյանից ու, ի վերջո, տարել նրա ուժերը: «Этот фильм его добил»: Կյանքի վերջին տարիները, ինչպես հայտնի է, Վաղարշյանն ապրեց սայլակին գամված: Եվ դա սառցաբեկորի չերեւացող մասն էր: Առաջին հայացքից հաջողակ ու սիրված խորհրդային ռեժիսորի կյանքում այլ սառցաբեկորներ էլ են եղել:

«Նա հանրային  մարդ էր, այնքան այսբերգներ ուներ, այդ պատճառով էլ նրա սիրտն աստիճանաբար հիվանդանում էր»:

«Հիշում եմ․ Խրուշչովի հանդիպումներին ինտելիգենցիայի հետ՝ 62-64 թվականներին, հայրիկիս էլ էին ուղարկել, եւ նա շատ ազդվել էր Կոմկուսի նախագահի բացասական վերաբերմունքից: Անգամ սիրտը վատացել էր: Նա այն ժամանակ Առնոլդ Աղաբաբովի հետ աշխատում էր «Բարեւ, ես եմ» ֆիլմի վրա: Ու հրաժարվեց: Ասաց, որ իրավունք չունի նկարել ֆիլմ ֆիզիկոսների մասին, որում ոչ մի կրիտիկական բան չկար, ընդամենը ֆիզիկոսների կյանքն էր: Նա ուզեց նկարել Մարտիրոս Սարյանի մասին: Ամեն մեկը չէր հրաժարվի ֆիլմից: Բայց նա հրաժարվեց, ու «Մարտիրոս Սարյան»-ը փակեցին»: Վաղարշյանի դուստրը նկատում է, որ հոր ֆիլմերը կորել են էկրաններից: Դրանք չեն ցուցադրվում: «10 օրով գնաց Ֆրանսիա, երեք ֆիլմ բերեց այնտեղից՝ Միսակ Մանուշյանի մասին, «Ռեպորտաժ Փարիզից» ու երրորդը՝ «Նամակներ  հարազատներին»: Ոչ մեկը ցույց չեն տալիս: Ես ուզում եմ զբաղվել»:

-  Ինչո՞ւ ցույց չեն տալիս:  

- Որովհետեւ ինտելեկտուալ ֆիլմեր պետք չեն: Ահա ինչում է բանը: «Կոչված են ապրելու» գեղեցկագույն ֆիլմը, որտեղ Պավել Լուսպեկաեւն է խաղում, Տոնունցը, Դավիթ Մալյանը, հիմա էլ ցույց չեն տալիս:

«Ռեպորտաժ Փարիզից» ֆիլմում մի ֆրազ կա: Մի ֆրանսիացու հարցնում են՝ գիտե՞ք Հայաստանն ինչ է, իսկ ֆրանսիացին պատասխանում է՝ չէ, չգիտեմ, բայց եթե այնտեղ ինչ-որ մի բան կատարվի, ես, իհարկե, կիմանամ: Ու դա մարգարեություն էր: Եղան երկրաշարժը եւ Ղարաբաղը:

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ